Последние новости

ՀՀ Քննչական կոմիտեում տեղեկացրել են 14% թմրանյութերի անօրինական շրջանառության աճի մասին

2024թ. առաջին եռամսյակում գրանցվել է թմրանյութերի անօրինական շրջանառության 1 130 դեպք, 2023թ. նույն շրջանում այդ ցուցանիշը կազմում էր 981։ Աճը կազմել է 14,1 տոկոս։ Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Քննչական կոմիտեի թմրանյութերի անօրինական շրջանառության և թրաֆիքինգի հետաքննության վարչության պետ Հովհաննես Ղամբարյանը։

«2022թ. գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 2 266 դեպք։ 2023թ. աճը կազմել է 123,7 տոկոս կամ 2 804 դեպքով ավելի, քան 2022թ.։ Անցած տարի պարզվել է 5 070 դեպք։ 2023թ. 2 802 դեպք վերաբերել է թմրանյութերի անօրինական իրացմանը, այն դեպքում, երբ 2022թ. այդ դեպքերը կազմել են 1 031։ Ավելանում է սոցցանցերով թմրանյութերի անօրինական շրջանառության թիվը»,- նշել է նա։

Ղամբարյանը տեղեկացրել է, որ եթե 2023թ. առաջին եռամսյակում պատասխանատվության է ենթարկվել 144 մարդ, ապա այս տարվա նույն ժամանակամիջոցում՝ 301։

«2024թ. առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է մաքսանենգ ճանապարհով երկիր թմրանյութի ներմուծման 182 դեպք, անցած տարի՝ 26։

Թմրանյութերի անօրինական շրջանառության գործերով դատարան են ուղարկվել 1 105 գործեր 1 307 անձանց հանդեպ։ Սա մեծ թիվ է, այն վկայում է նաև գոծերի բացահայտման աճի մասին, որոնցից շատերը վերաբերել են նախորդ տարիներին՝ 2019-ից հետո»,- ասել է ՔԿ ներկայացուցիչը։

Նա նշել է, որ ՔԿ հետաքննած գործերով անչափահասներ չեն անցնում, բայց ՆԳՆ տվյալներով՝ 2024թ. առաջին եռամսյակում հինգ անչափահաս ենթարկվել է քրեական պատասխանատվության։

Ղամբարյանն ավելացրել է, որ 2023թ. 30 անձանց ներկայացվել է փողերի լվացման մեղադրանք 5,5 մլրդ դրամ ընդհանուր գումարով։

«2023թ. դատարան են ուղարկվել փողերի լվացման (3 մլրդ դրամ ծավալով) գործեր, 2024թ.՝ 2 մլրդ դրամի։

Բացի այդ, տվյալներ կան նաև այն անձանց մասին, որոնք էլի մի քանի միլիարդ դրամի փողեր են լվացել։ Շուտով ՔԿ-ն հանդես կգա հայտարարությամբ։ Կան գործեր, որոնք վերաբերում են մի քանի միլիոն դոլարի փողերի լվացմանը։ Նախաքննությունը ավարտման փուլում է»,- նշել է նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ