ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆՈՒՄ, ԵԹԵ ՉԿԱ «ՇԱՐԺԻՉ»
Իրավունքի և հակամարտությունների կարգավորման փարիզյան «Կովկաս» կենտրոնի ղեկավար Հիլդա Չոբոյանը քաջածանոթ է ընթերցողներին. «ԳԱ»-ում բազմիցս հարցազրույցներ են տպագրվել Լիոնում բնակվող մեր հայրենակցուհու հետ: Այս անգամ նրա հետ զրուցեցինք հայ գերիներին վերաբերող հրատապ թեմաների, կլիմայի փոփոխության Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի СОР29 համաժողովի, Սփյուռքի հետ հարաբերությունները վերաձևաչափելու ՀՀ իշխանությունների մտադրության մասին:
-Տիկին Չոբոյան, գիտեմ, որ դուք ահա արդեն մեկուկես տարի շարունակ հիմնավորապես զբաղվում եք հայ գերիների և պատանդների հարցով, իսկ վերջին ամիսներին՝ նաև СОР29 համաժողովի: Պատմեք ձեր նախաձեռնության մասին:
-Մեր արշավը մեկնարկեց 2022 թվականի վերջին, երբ պարզ դարձավ, որ գերիների խնդիրը գրեթե մոռացված է ինչպես բուն Հայաստանի քաղաքական դաշտում, այնպես էլ Սփյուռքում։ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո հարցը միջազգային հնչեղություն ստացավ հիմնականում Սփյուռքի ջանքերի, իրականացված միջոցառումների և ակցիաների շնորհիվ:
Հետագայում, ինչպես գիտեք, շատերն ազատ արձակվեցին և վերադարձան, սակայն դրա հետ մեկտեղ եղան նոր ռազմագերիներ և պատանդներ։ Անցած տարվա սեպտեմբերին Բաքվի բանտերում հայտնվեցին նաև Արցախի նախկին ղեկավարները։
Մինչդեռ դեկտեմբերին ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ. СОР29-ի անցմացման հարցում վետո դնելուց Երևանի հրաժարման դիմաց Ադրբեջանը ազատ արձակեց 32 հայ ռազմագերիների: Արդյունքում այսօր, պաշտոնական տվյալներով, գերության մեջ է մնում 23 հայ. նրանք, որոնց գտնվելն ադրբեջանական գերության մեջ հաստատված է: Նրանցից 8-ը քաղաքական գործիչներ են, 9-ը՝ զինծառայողներ, 6-ը՝ քաղաքացիական անձինք։
Մեզ համար նրանց կարգավիճակի հարցում որևէ տարբերություն չկա. նրանք բոլորը համոզված են, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրականացվի, իսկ իրենց միակ «մեղքը» համոզմունքն է, որ հայ ժողովրդն իրավունք ունի ազատ ապրել։ Նույնքան պարզ է, որ Ադրբեջանն օգտագործում է հայ գերիներին որպես Հայաստանի և հայ ժողովրդի վրա ճնշում գործադրելու միջոց։ Հաղորդումները խոշտանգումների մասին, որոնց նրանք ենթարկվում են, հոգեբանական ուժեղ ազդեցություն են գործում, երկարաձգելով ժողովրդի ճնշված ու կոտրված վիճակը:
Պետք է ասեմ, որ Բաքվում ՄԱԿ-ի համաժողովի անցկացմանն իր համաձայնությունը Հայաստանը տվեց շատ հապճեպ։ Մինչդեռ կան մի շարք հանգամանքներ, որոնք անհնար է անտեսել։
СОР29-ի նպատակն է՝ քննարկել շրջակա միջավայրի փոփոխությունները և մեղմացնել դրանց հետևանքները: Բայց հենց Ադրբեջանն է աշխարհի այն երկրներից մեկը, որոնք ամենաշատն են աղտոտում մթնոլորտը։
Բացի այդ, համաժողովին նախատեսվում է ավելի քան 180 երկրների մասնակցություն՝ պետությունների ղեկավարների և բարձրաստիճան ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների, լրագրողների մակարդակով, և Բաքվում պատրաստվում են առավելագույնս օգտագործել այդ խոշորագույն միջոցառումը սեփական քարոզչության համար: Ամենայն հավանականությամբ, մտադրություն կա մասնակիցներին տանել Շուշի։
Նման ծրագրերը միանշանակ անթույլատրելի են, անհրաժեշտ է խանգարել դրանց իրականացմանը։ Հենց թեկուզ այն պատճառով, որ հայ գերիները դեռևս պահվում են Բաքվի բանտերում և, ամենայն հավանականությամբ, ենթարկվում խոշտանգումների. այս առումով ցուցանշական է Ռուբեն Վարդանյանի փաստաբանների վերջին հայտարարությունը։
Կա ևս մեկ կարևոր տեսանկյուն. չի կարելի մոռանալ անհայտ կորածներին։ Ըստ հավաստի տվյալների՝ Ադրբեջանը թաքցնում է գերևարված տասնյակ հայերի առկայությունը։ Մարդկանց թիվը, որոնց ճակատագիրն անհայտ է մնում, կարող է հասնել 200-ի, և նրանցից 80-ի մասին փաստագրական տվյալներ կան, հիմնականում՝ տեսանյութեր։ Այսինքն կարելի է խոսել 80-200 անհայտ կորածների մասին։
Անցնենք առաջ։ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է այսպես կոչված «greenwashing»-ի (կանաչ քողարկման)։ Դրա էությունն այն է, որ շրջակա միջավայրի մասին խոսակցությունների միջոցով ճերմակեցնեն, մաքրեն սեփական իմիջը, հեղինակությունը ինչպես զուտ բնապահպանական տեսանկյունից, այնպես էլ Մարդու իրավունքների ոտնահարման և Արցախում իրականացված ցեղասպան գործողությունների համատեքստում:
Կարելի է նշել նաև մի շարք այլ գործոններ. Ալիևների փաստացի միապետությունը, սանձարձակ հայատյացությունը և այլն, բայց կանգ առնենք այս երեքի վրա։ СОР29-ի մեկնարկին մնացած 4 ամիսները պետք է օգտագործել՝ արթնացնելու համար ինչպես պետություններին, այնպես էլ միջազգային իրավապաշտպան և բնապահպան կազմակերպություններին, նաև համաշխարհային մամուլին, ստիպելով նրանց անդրադառնալ նշյալ հարցերին:
-Անհնար է նաև անտեսել այն փաստը, որ գերիների վերադարձն ամենևին էլ բարի կամքի ժեստ չէր Բաքվի կողմից, ինչին ի պատասխան Փաշինյանը հանեց վետոն: Դա բխել և բխում է միջազգային կոնվենցիաների շրջանակներում Ադրբեջանի անմիջական պարտավորություններից, որոնք այդ երկիրը լկտիաբար և դեռևս անպատիժ խախտում է։
-Բաքվին հաջողվել է տարբեր հանգամանքների բերումով լռության դատապարտել գերիների թեման։ Պետք է խոստովանել, որ մեր ժողովուրդը մեղքի իր բաժինն ունի այդ հարցում։ Եվ առաջին հերթին՝ այն պատճառով, որ այդպես էլ չգիտակցեց Ադրբեջանի ձեր նշած պարտավորությունները։ Հայկական իշխանություններն ու կազմակերպությունները պետք է մշտապես, ամեն օր ուշադրության կենտրոնում պահեին այդ թեման, ընդ որում՝ ոչ միայն Սփյուռքում, այլև ՀՀ ներսում։ Մինչդեռ բացի գերիների ու անհայտ կորածների ընտանիքներից, երկրում այսօր ոչ ոք նրանց մասին չի խոսում։
-Կարելի է ասել, որ վերջին շրջանում թեման ակտիվացել է միայն Ռուբեն Վարդանյանի ընտանիքի և փաստաբանների շնորհիվ…
-Ճիշտ այդպես: Սակայն մեկ ընտանիքի ջանքերն ակնհայտորեն բավարար չեն։ Ես առհասարակ համոզված եմ, որ ողջ հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգներ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել գերիներին։
-Բայց առաջին հերթին դա պետք է անեն Հայաստանի իշխանությունները…
-Որքանով կարող եմ դատել, հանդիպումների և բանակցությունների ժամանակ նրանք գուցեև խոսում են այդ մասին, իսկ այ հրապարակավ՝ ձեռնպահ մնում։ Եվ, անշուշտ, նրանց գործադրած ջանքերը բավարար չեն խնդրի լուծմանը հասնելու համար։ Ժողովրդավարական երկրների հանրային օրակարգում այդ հարցն իսպառ բացակայում է։ Տեսեք, թե իրենց գերիների թեմայով ինչ աղմուկ են բարձրացնում Իսրայելն ու իսրայելական հասարակական կազմակերպությունները աշխարհի տարբեր երկրներում, ընդ որում գլխավոր դերը կատարում է հենց պետությունը։
-Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Բաքու՝ այդ համաժողովին: Ես չեմ զարմանա։
-Այդ մասին խոսակցություններ ընթանում են, կարծում եմ՝ նման բան միանգամայն հնարավոր է։ Եվ դա ամենավտանգավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ։ Քանզի դրանով Հայաստանը կօժանդակի և կծառայի ադրբեջանական քարոզչությանը։
-Առանձին միջազգային գործիչներ փորձում են խոսել Բաքվում նման համաժողով անցկացնելու անընդունելիության մասին։ Օրինակ, օրերս Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներն այդ մասին խոսեց շատ հստակ և կոշտ։ Այդուհանդերձ միջազգային հանրությունը հաճույքով համաձայնում է այդչափ կարևոր իրադարձության անցկացմանը հանցագործ երկրի մայրաքաղաքում։ Նույնիսկ եթե հաշվի չառնենք հայ ժողովրդի դեմ գործած ոճիրները, Ալիևի և նրա ռեժիմի հեղինակությունը կարծես թե չափազանց միանշանակ է, որպեսզի Ադրբեջանին տրվի նման միջոցառումներ անցկացնելու իրավունք և, ինչպես նշեցիք, իրեն ճերմակեցնելու, մաքրելու հնարավորություն:
-Միջազգային հանրությունն ինքնին ոչինչ չի անում, եթե չկա «շարժիչ»։ Եթե «շարժիչն» առկա է, և եթե այն բավականաչափ հզոր է, ապա արձագանք կլինի: Պետք է վերջապես հասկանալ, որ եթե մենք ինքներս (լինեն դրանք կազմակերպություններ, խմբեր, համայնքներ, թե ամեն ոք՝ առանձին) չխոսենք մեր խնդիրների մասին, ոչ ոք ու երբեք դա չի անի։ Միջազգային հանրությունը չի զբաղվի հայերով և նրանց հարցերով։
Իհարկե, կան կազմակերպություններ, որոնք անում են դա, բայց այդպիսիք քիչ են: Ընդհանուր առմամբ հայությունն ինքը չի խոսում և չի բարձրացնում իր խնդիրները։ Նման պասիվության արդյունքն ակներև է։
Շարունակությունը՝ հաջորդիվ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 09:18
На днях Армянский центр американских исследований опубликовал доклад, касающийся взаимоотношений правительства Пашиняна с новой администрацией США. Проанализировав ситуацию, эксперты пришли к однозначному выводу: за 100 дней деятельности нынешнего хозяина Белого дома контакты властей РА с командой Трампа не дали никаких результатов.
-
2025-05-12 09:50
Об инциденте в Калифорнийском университете Беркли "ГА" уже писал 29 апреля. Тогда мы сделали акцент на постыдный для армянской дипломатии (если, конечно, таковая при Николе вообще существует) факт: отсутствие какой-либо реакции на скандал, связанный с отменой фильма "Моя сладкая земля" из-за угроз и шантажа со стороны Баку.
-
2025-05-10 09:29
«Викен Эулджекчян, армянский пленный, содержащийся в Азербайджане с 2020 года, решился на молчаливый, но крайне болезненный протест - голодовку, которая длится уже более 15 дней. Его требование до боли простое: телефонный звонок жене Линде. Всего один звонок, простая человеческая связь – это все, чего он хочет», – говорится в письме филиала «Общества помощи армянским сиротам» (SOAR) в Буэнос-Айресе, адресованном Международному комитету Красного Креста.
-
2025-05-09 09:16
Пятый раз настает 8-9 мая без Шуши, второй – без Арцаха. И с каждым годом заметно меняются настроения и тональность сакрального дня. Если 4 года назад, спустя всего несколько месяцев после катастрофического «9.11.2020», люди были в скорби, шоке и растерянности, не зная – отмечать или нет былой тройной праздник (знаменитый армянский Եռատոն), то сегодня в общественной атмосфере чувствуется совсем другое. Лозунг «Возвращению – быть!», потрясший многих 24 апреля на Факельном шествии, постепенно воспринимается как императив, которому нет альтернативы.