Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում առաջին անգամ մեկնարկեց Հայագիտական միջազգային կոնգրես, որը կանցկացվի հուլիսի 19-22-ը և որի նպատակն է դառնալ հայագիտության խթանման միջազգային հարթակ, որտեղ բարձրաձայնված հարցերը և ձևակերպված օրակարգերը կարող են կողմնորոշիչ լինել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում կրթության և գիտության ոլորտներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկած Հայագիտական միջազգային կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն, ով ողջունեց և շնորհավորեց ներկաներին, այդ թվում՝ նաև Կոնգրեսին մասնակցող արտասահմանյան գործընկերներին։
«2023 թվականի հուլիսից ստանձնել ենք Հայաստանի Հանրապետության կարևորագույն գիտական, մշակութային, հոգևոր և խորհրդանշական կենտրոնի տնօրինման բարդ ու պատասխանատու գործը։ Ստանձնել ենք այս հանձնառությունն այն համոզմամբ, որ հարուստ գիտական ավանդույթները և բացառիկ ձեռագրական արժեքները ոչ միայն և ոչ այնքան հպարտության և հիացումի առիթ են, որքան քրտնաջան և ստեղծագործ աշխատանքի, ներքին, բովանդակային նորության մշտական ընթացքի, հայագիտության միջազգային դիրքավորման և գիտական միջազգային կապերի վերաիմաստավորման դաշտ»,-նշեց Արա Խզմալյանը՝ համոզմունք հայտնելով, որ Մատենադարանի պատասխանատվության եզրագիծը և գործունեության հորիզոնը չեն սահմանափակվում իր իսկ պահոցներով և աշխատակազմով, և այս առումով հատուկ նշանակություն ունի Հայագիտական միջազգային կոնգրեսը, որը նոր հեռանկարներ է բացում հայագիտական, միասնական օրակարգերի մշակման համար։
Մատենադարանի տնօրենը նաև նշեց, որ Կոնգրեսի անցկացման գաղափարը ծնվել է հայագիտության ոլորտում վիճակագրական տվյալների, միջազգային համալսարանների հայագիտական ամբիոններում իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածության և տեղեկացվածության բարձրացման հրամայականով։
«Կոնգրեսը կարող է դառնալ հայագիտության միջազգային խթանման հարթակ, որտեղ բարձրաձայնված հարցերը և ձևակերպված օրակարգերը կարող են կողմնորոշիչ լինել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտասահմանում կրթության և գիտության ոլորտներում պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինների համար։ Ուստի, չափազանց կարևոր է գիտակցել յուրաքանչյուր մասնակցի հավասարության և ակադեմիական ազատության սկզբունքը», - ասաց Խզմալյանը և շեշտեց, որ Կոնգրեսի նպատակն է ապահովել փոխադարձ իրազեկվածությունն ինչպես պետություն-գիտական հանրություն հարաբերություններում, այնպես էլ բուն գիտական հանրության ներսում։
Նպատակների թվում են նաև փոխադարձ իրազեկվածության բարձրացմամբ դրամաշնորհային ծրագրերի մասնակցայնության աստիճանի մեծացմանը նպաստելը, հայ և օտարազգի հայագիտական շրջանակների ընդգրկմամբ նոր դրամաշնորհային ծրագրերի ստեղծման հնարավորությունները դիտարկելը, հայագիտական, միջնադարագիտական համատեղ ուսումնասիրությունների և հրապարակումների համար նոր միջավայր ձևավորելը, հայագիտական նոր կադրերի պատրաստումը, գիտության և բարձրագույն կրթության պետական ծրագրերում միջազգային գիտական հանրության ներգրավվածության մեծացումը, այլ ձեռագրական կենտրոնների հետ դրանցում պահվող գրավոր ժառանգության պահպանման և ուսումնասիրման ծրագրի մշակումը։
«Մեր նպատակն է բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունն արտասահմանում հայագիտություն մուտք գործող երիտասարդ հետազոտողների շրջանում։ Նշված նպատակների իրագործմանը և կենսունակությանը հավատալու իրավունք են մեզ տալիս Կոնգրեսի տասնյակ մասնակիցների ոգևորիչ արձագանքները, համագործակցության պատրաստակամությունը և վերջապես այսօր այստեղ միջազգային ճանաչում և հեղինակություն վայելող գիտնականների ներկա լինելու փաստը», - նշեց Մատենադարանի տնօրենը՝ կարծիք հայտնելով, որ Կոնգրեսի բոլոր մասնակիցներին միավորում են բարձր պրոֆեսիոնալիզմը, գիտական բարեխղճությունը, մշակութային ժառանգության հանդեպ միասնական պատասխանատվության զգացումը և հումանիստական արժեքների հավատամքը։
Արա Խզմալյանը, եզրափակելով միտքը, կրկին շնորհակալություն հայտնեց Կոնգրեսի մասնակիցներին, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ մասնավորապես նախարար Ժաննա Անդրեասյանին՝ նշելով, որ վերջինս մեծ աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին՝ Կոնգրեսի կազմակերպման հարցում։
«Բարի ընթացք եմ մաղթում Կոնգրեսին՝ հուսալով, որ արծարծված թեմաների բովանդակությունն ու ծավալները մեզ համար կդառնան տևական աշխատանքի առիթ, որի արդյունքները հուսով ենք՝ կներկայացնենք հաջորդ տարի՝ Հայագիտական երկրորդ կոնգրեսի շրջանակում», - եզրափակեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-14 20:02
Авиакомпания «Армянские авиалинии» возобновляет полеты по всем направлениям с 9 декабря.
-
2024-11-14 19:57
Трое мужчин (Рубен Тамразян, Арарат Чирикян, Ваге Мурадханян) и одна женщина (Альфия Цукерман) задержаны в Калифорнии по делу о мошенничестве с использованием необычной схемы.
-
2024-11-14 19:52
Начальник отдела пресс-службы МИД Азербайджана Айхан Гаджизаде ответил премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2024-11-14 19:50
Член Верховного органа РПА Эдуард Шармазанов написал: