Последние новости

ԱՆԿՈՏՐՈՒՄՆԵՐԸ. ՈՎ ԱՍՈՒՄ Է, ԹԵ ԱՐՑԱԽՑԻՆ ՉԻ ԿՌՎԵԼ, ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅԱՄԲ Է ԶԲԱՂՎՈՒՄ

Եկավ սեպտեմբերը. ամիս, որն ընդամենը 4 տարի առաջ իր հետ բերում էր մեր միանգամից երկու կարևորագույն տոներ։ Եվ ընդամենը 4 տարի անց սեպտեմբերը, նույնիսկ դեռ նոր սկսված, կրկին ալեկոծեց մեր հոգին սարսափելի, անտանելի աղետի, աներևակայելի վշտի, ամենակործան իրադարձությունների զգացումով, որոնց մասշտաբները կբավականացնեին տասնամյակների, բայց դրանք տեղի ունեցան ընդամենը մի քանի տարվա ընթացքում:

Եվ այն, ինչ տեղի ունեցավ ընդամենը մեկ տարի առաջ, այս օրերին նոր ուժով այրում է հոգիդ՝ հիշեցնելով այն մասին, թե ինչպես կորցրեցինք մեր Արցախը: Եվ նաև՝ թե ինչ գնով փրկվեցին 120 000 հայի կյանքեր։ Հայ զինվորի հերոսության և անձնազոհության մասին:

«2023-ի սեպտեմբերի 19-ից 20-ը արցախցի դիրքապահը մահ ու կենացի կռիվ է տվել, որ Արցախը ապրի, որ արցախցին Արցախում ապրի։ Եղել են դեպքեր, որ դիրքի տղաների 70 %-ը զոհվել են մյուս 30-ը՝ վիրավորվել մարտական դիրքում։ Տարբեր՝ ոչ պաշտոնական, բայց խիստ հավաստի տեղեկությունների համաձայն, թշնամին 5-6 անգամ շատ զոհ է տվել այդ մեկ օրվա ընթացքում։

Դա եղել է շատ լավ կազմակերպված, այսպես կոչված միջազգային հանրության դաբրոն ստացած ահաբեկչական գործողություն՝ ցեղասպանություն իրագործելու նպատակով։ Որպես նախկին զինվորական՝ շատ լավ եմ պատկերացնում ուժերի հարաբերակցությունը։ Ուժերի հարաբերակցությունը եղել է 1-10, 1-15 և ավելի ծանր՝ մեզ համար։

Ով ասում է, թե արցախցին չի կռվել, նա սրբապղծությամբ է զբաղվում։ Այս գաղափարը գեներացվում է անհայրենիք, մտածողությունից զուրկ ոչ հայերի կողմից՝ հայերիս մեջ թշնամանք ու ատելություն սերմանելու նպատակով։ Արցախցին մարտի դաշտում կյանքը զոհել է 110 հազարից ավելի հայրենակցի կյանք նվիրելու գիտակցումով։ Սա է միակ ճշմարտությունը։ Փառք տղաներին։ Խոնարհումս՝ մեկ առ մեկ»։

Սա ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահրամ Ղահրամանյանը, և նրա գրառումը լայնորեն տարածվել է համացանցում: Հիշեցնելով նրանց մասին, ում գրեթե մոռացել ենք, ում այդպես էլ հարգանքի տուրք չենք մատուցել, անուններն էլ մեծ հաշվով չգիտենք և ի հիշատակ որոնց մոմ չենք վառում, սխրանքի առջև դեռ չենք խոնարհվել: Սեպտեմբերյան երկու օր կանգնած էր Արցախի Պաշտպանության բանակը, սոված, իննամսյա շրջափակումից ուժասպառ զինվորները, որոնց զենքն անհամեմատելի էր թշնամու սպառազինության հետ, դավաճանված յուրայինների կողմից և զուրկ որևէ մեկի որևէ աջակցությունից ու օգնությունից, հասկանալով իրենց դիմադրության դատապարտվածությունը, բայց մարտնչելով առանց չափազանցության առյուծի պես։

Մենք առ այսօր այդպես էլ չենք գիտակցել նրանց ոգու ողջ զորությունը, անձնվիրության վեհությունն ու ինքնազոհության նշանակությունը։ Հայաստանում այդպես էլ սուգ չհայտարարվեց այն 223 զոհերի համար, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք էին, 5-ը՝ երեխաներ: Զոհված մարտիկներից շատերը 18-22 տարեկան տղաներ էին։ Գերակշիռ մասն այսօր հանգչում է Եռաբլուրում, և պետք է մեծ արիություն ունենալ՝ շիրիմների կողքով անցնելու և նայելու համար այն տղաների լուսավոր, գեղեցիկ, խիզախ դեմքերին, որոնք հայոց տաժանելի ժամանակներում և չտեսնված բարոյական անկման մռայլ տարիներին իրենց մեջ պահպանեցին անաղարտությունը, հոգևոր վեհությունը, պատիվն ու արժանապատվությունը, մնալով հայ զինվոր՝ մինչ ի մահ:

Չէ՞ որ նաեվ նրանց մասին էին ասված այն խոսքերը, որոնք մեծապես նախորոշեցին և գուժեցին աղետը. «Մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի…»։ Կարծես թե միայն Արցախյան առաջին և Ապրիլյան պատերազմներում զոհվածների մասին ասված այս խոսքերը դարձան նաև սև մարգարեություն արցախյան գալիք ապոկալիպսիսի մասին: Դրանք արտաբերած արարածի անսահման ու բացարձակ արատավորությունը, այլասերվածությունը, անասելի ստորությունն ու անմարդկայնությունը ամփոփված էին հենց դրանում. նա շատ լավ գիտեր, որ լինելու են հազարավոր մահեր, որ կորսվելու են հազարավոր հայերի կյանքեր, և անսահման վիշտն է պատելու Հայոց աշխարհը:

Այդտեղից են սկիզբ առնում նաև նրանց ներկայիս նողկալի, ցինիկ դատողություններն այն մասին, թե հատկապես ով է ստորագրել ինչ-ինչ թղթեր, ով է, իբր, փախել է հայրենիքից՝ չփորձելով պայքարել հանուն նրա, այն մասին, թե իբր՝ ցանկացած պատերազմում լինում են պարտվողներ ու հաղթողներ, և այլ զազրելի մրուրը։ Այդտեղից են գալիս հաղթանակած ազգին անհույս պարտվողի վերածելու մոլագար ձգտման արմատները, ներկայացնելու հայ զինվորին իբրև ճակատագրական ձախողակ, որը չպետք է համարձակվի մտածել անգամ դիմադրության, պայքարի և հաղթանակի մասին։

Այդտեղից են ցցված նաև անդադար ճիգերի ականջները՝ ստիպելու մեզ մոռանալ, թե ինչպես է կռվել հայ զինվորը 2020-ի աշնանը, դատապարտված լինելով պարտության՝ բացառապես հայոց պատմության մեջ չլսված ու չտեսնված դավաճանության ու ոճրագործության պատճառով։ Եվ ինչպես է կռվել Արցախցի Զինվորը սեպտեմբերի 19-20-ին՝ լքված իր իսկ ժողովրդի կողմից, բայց մինչև վերջ կատարելով իր պարտքը Հայրենիքի նկատմամբ: Հավանաբար սա թուրքական դրածոների գլխավոր խնդիրներից մեկն է, որոնք իշխանության են բերվել նրանց ջանքերով, ում ամենևին ձեռնտու չէ մարտնչող Հայաստանը, դիմադրող Հայաստանը, իր Բանակով հզոր Հայաստանը, հաղթել կարողացող Հայաստանը։

«Ատո՛ւմ եմ քեզ, սեպտեմբեր։ Չեմ ուզում, որ դու գաս: Դու խլեցիր մեր լավագույն տղաներին, նրանք բոլորն էլ ընտրյալներ են։ Եվ ես գիտեմ, թե հանուն ինչի են նրանք զոհվել։ Մարդը չի կարող իր կյանքը տալ հանուն ոչնչի, մանավանդ մարտական դիրքում կանգնած զինվորը։ 2020-ին, 2016-ին զոհվածներն իրենց կյանքը տվել են հանուն Արցախի։ Իսկ այս տղաները զոհվեցին հանուն 120 հազար մարդու կյանքի։ Եվ ինչքան էլ որ ապրենք, պիտի խոսենք այդ մասին, որպեսզի ներկա և գալիք սերունդները ճանաչեն նրանց, ինչպես որ մեր սերունդն է հիշում և ճանաչում 90-ականների տղաներին»։

Սա արդեն սեպտեմբերի 19-ին զոհված տղաներից մեկի՝ 21-ամյա Տիգրան Ավետիսյանի մայր Ադելինա Ավետիսյանի խոսքերն են՝ Եռաբլուրից ուղիղ եթերով: Սեպտեմբերը եկավ, մոտենում է տարելիցը, և միայն Աստծուն է հայտնի, թե ինչ է կատարվում այն օրերին իրենց որդիներին, ամուսիններին, եղբայրներին ու հայրերին կորցրած մարդկանց հոգում: Թե ինչի միջով նրանք պետք է անցնեն առաջիկա շաբաթներին, հաղթահարելով ցավը, որի խորությունը մենք, ում շրջանցել է այդ դառը գավաթը, կարող ենք լոկ պատկերացնել, բայց մինչև վերջ չզգալ:

Այն ըմբռնումը, թե ինչ աներևակայելի սխրանք են գործել այս տղաները, թմբիրից մեր ազգի արթնացման մասն է։ Իրենց հարազատների և 110-120 հազար հայրենակիցների փրկության համար նրանց ինքնազոհաբերման սրբազանության գիտակցումը պետք է գա, ինչպեսև այն գիտակցումը, որ հայ ժողովուրդն ամենևին էլ չի կորցրել պայքարելու, իր Հայրենիքը պաշտպանելու և նրա համար կյանքը զոհաբերելու ունակությունը: Ընդամենը մեկ տարի առաջ դա առավել քան համոզիչ կերպով ցույց տվեցին, ըստ էության, մի խումբ հերոսները՝ Արցախի Պաշտպանության բանակիմարտիկները։

Նրանց սխրանքի մասշտաբների և ոգու վեհության մասին է խոսում հենց թեկուզ այն փաստը, որ ամեն առումով բացարձակ անհավասարության պայմաններում թշնամին տվեց առնվազն ոչ պակաս, իսկ մի շարք հավաստի տվյալներով՝ շատ ավելի մեծաքանակ զոհեր։ Իսկ Արցախի կորուստը և արցախցիների ապոկալիպտիկ գաղթը Հայրենիքից, ինչպեսև 2020-ին, հրեշավոր, նմանը չունեցող և աններելի դավաճանության արդյունք էին։

Դավաճանություն, որը շարունակվում է առ այսօր: Դավաճանություն, որը պետք է կասեցնել. այնպես, ինչպես 2023-ին՝ գրեթե մեկ տարի առաջ, սևով ներկված սեպտեմբերին կարողացան կասեցնել ցեղասպանությունը փառքի ու պատվի պատմության մեջ իրենց անուններն առհավետ գրած Արցախի անկոտրում հայ մարտիկները։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОЗОР АРМЕНИИ: УЖЕ И БИ-БИ-СИ УКАЗЫВАЕТ НА ПОЛНОЕ СХОДСТВО ПОЗИЦИЙ ПАШИНЯНА И АЛИЕВА
      2024-09-20 09:48

      9 сентября в Армению прибыл и провел в нашей стране несколько дней бывший (первый) прокурор Международного уголовного суда Луис Морено Окампо. Человек, чье имя с недавних пор стало для очень многих армян неким светящимся маяком в мутном и грязном мире мировой политики и правового нигилизма. Значение этого визита экспертному сообществу еще предстоит осмыслить, в данном же случае разговор о другом.

    • КТО ФИНАНСИРУЕТ ОТДЫХ АРЦАХСКИХ ДЕТЕЙ В СТРАНЕ, ПОДДЕРЖАВШЕЙ ОККУПАЦИЮ ИХ РОДИНЫ?
      2024-09-16 10:04

      Эта тема уже стала предметом острых обсуждений в соцсетях усилиями эксперта по информационной безопасности Тиграна Кочаряна. "Арцахских детей отправляют в самую протурецкую и проазербайджанскую страну в Европе. Нарек Мкртчян – министр от "ГД", с ним все ясно, а для родителей этих детей нормально, что их детей отправляют в страну, которая подарила Азербайджану зарубившего Гургена Маргаряна топором Рамиля Сафарова? Тому, кто считает себя президентом Арцаха, нечего сказать по этой теме? А где люди, называющие себя элитой? Или их дети тоже туда поедут?" - написал Кочарян.

    • "Я ТВОЙ АРЦАХ, ТЫ – МОЯ АРМЕНИЯ": МАНИФЕСТ «АРМЯНСКОСТИ" (Видео)
      2024-09-13 09:35

      Поразительно, но эта песня не надоедает. Слушаешь ее по 10 раз за день, и каждый раз – мурашки по спине, а хочется еще. Словно не насыщаешься. Словно чувствуешь, что ты ждал именно эту песню, именно этих слов, что именно они четко отражают твои ощущения и твои мечты. И что это не просто песня, а ответ всем тем, кто хочет убить в тебе армянина, осквернить и принизить твою национальную идентичность, твое достоинство, уничтожить душу Армении. Ответ всем тем, кто хочет заставить армян забыть Арцах.

    • НИКОЛ ОТВЕТИЛ ОКАМПО: ОСВОБОЖДЕНИЯ ПЛЕННЫХ ТРЕБОВАТЬ НЕ БУДЕМ, НА СОР29 ПОЕДЕМ
      2024-09-10 09:59

      В Ереване ждут приезда человека, имя которого вот уже почти 2 года для очень многих армян является символом справедливости, нравственности и профессионализма. Свидетельством того, что отнюдь не все в мире продается и покупается и пресловутое международное сообщество не состоит из одних только лицемеров, лжецов и циников. В Ереван прибывает бывший (первый) прокурор Международного уголовного суда (МУС), известный аргентинский юрист и правозащитник Луис Морено ОКАМПО. 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ