Последние новости

Բետել․ Պետք է հայ ժողովրդին հնարավորություն տալ ապրել անկախ երկրում՝ չզգալով վախի մթնոլորտ

Պետք է հնարավորություն տալ հայ ժողովրդին ապրել անկախ երկրում՝ չզգալով վախի մթնոլորտ, չվախենալով իր հարևանի դիրքից։ Այս միտքը հայտնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը` Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում։

Խոսելով տարածաշրջանային բարդ իրավիճակի մասին՝ Բետելը նշեց, որ Եվրոպայում նույնպես բարդ հարաբերություններ են եղել. «Մենք ևս դժվար հարևաններ ենք ունեցել՝ Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա։ Բայց այսօր մենք ապրում ենք խաղաղության և ապահովության մեջ։ Կան ընդհանուր նախագծեր: Սա մեծ երազանք է Հայաստանի համար, որ երիտասարդները հանգիստ ապրեն, որպեսզի չանհանգստանան իրենց հարևանի դիրքի համար»։

Նախարարը կտրականապես հայտարարեց, որ չի ընդունում ուժի կանոնը: Ըստ նրա՝ երիտասարդները պետք է տեսնեն, որ ԵՄ-ն երկրագնդի մյուս կողմում չէ, այլ շատ ավելի մոտ է։ Բետելը վստահ է, որ վիզային ռեժիմի ազատականացման և այլ նախագծերի շուրջ երկխոսության սկիզբը վկայում է ընդհանուր արժեքների մասին։ «Հայաստանը բազմաթիվ քայլեր է արել օրենքի գերակայության ուղղությամբ։ Իմացեք, որ որպես ԵՄ մենք պատասխանատվություն ենք կրում»,- վստահեցրեց նախարարը։ Նա ասաց, որ այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ «Պատմությունը փոխել չենք կարող, բայց պետք է դասեր քաղենք, սա մեր պարտավորությունն է՝ հնարավորություն տալ հայ ժողովրդին ապրել անկախ երկրում՝ չզգալով վախի մթնոլորտ, չվախենալով իր հարևանի դիրքից։ Ոչ թե ապրել սևի և սպիտակի միջև ընտրության մթնոլորտում, այլ ապրել ըստ քո որոշումների, կայացնելով քո որոշումները՝ ելնելով քո շահերից»,- ասաց Բետելը` հավելելով, որ վաղը հանդիպելու է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությանը մասնակցող Լյուքսեմբուրգի ոստիկանների հետ։ «Ուժի կիրառման սպառնալիքը լուծում չէ»,- հավելեց նախարարը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է ակնկալում եվրոպական կողմը վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունից, նախարարը նշեց, որ սխալ է կարծել, թե ամեն ինչ կփոխվի մի գիշերում. «Բայց ավելի հեշտ կլինի տեղաշարժվելը: Սա խորհրդանշական քայլ է հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, քաղաքացիների համար դա կարևոր է, նրանք կմոտենան ԵՄ-ին։ ԵՄ-ն միայն թվեր չեն, դա մարդիկ են։ Վիզային ռեժիմի ազատականացումը Հայաստանին կմոտեցնի ԵՄ-ին, դա նման կլինի հայ ժողովրդին բարի գալուստ ասելու»,- եզրափակեց նախարարը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ