Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ COP-29-Ը ԿԱՐՈՂ Է ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ԼԱՎ ՀԱՐԹԱԿ ԼԻՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ադրբեջանում ՄԱԿ–ի կողմից անցկացվելիք COP-29 գագաթնաժողովը կարող է Հայաստանի համար լավ հարթակ դառնալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին խոսելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով COP-29 գագաթնաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցությանը։
«Եթե միջազգային հանրությունը միահամուռ կերպով չի բոյկոտում այդ միջոցառումը, ապա կարծում եմ, որ Հայաստանը ևս պետք է ներկայացված լինի ՄԱԿ–ի միջոցառմանը։ Հայաստանի մասնակցությունը կարևորում եմ նրանով, որ հուզող հարցերը հնարավոր է այնտեղ բարձրացնել։ Կարծում եմ` որոշակի կամք և խիզախություն է անհրաժեշտ, որպեսզի բարձրաձայնվեն հայ–ադրբեջանական փոխհարաբերությունների սուր հարցերը։ Նշեմ նաև, որ նմանատիպ միջոցառումների և գագաթնաժողովների ժամանակ միջազգային լրագրողները նաև հետաքննություններ են իրականացնում պետության ներգրավվածությամբ խախտումների վերաբերյալ։ Դրանք հետագայում կարող են դառնալ քննարկումների նյութ»,– ասաց Սահակյանը։
Նա հույս հայտնեց, որ եթե Հայաստանը մասնակցի COP-29–ին, ապա Ադրբեջանը փորձեր չի անի մեզ համար կարևոր թեմաների քննարկումները շեղել և միջոցառումը ծառայեցնել ի շահ իր երկրի։
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին` իրավապաշտպանը նշեց` գերիների խնդիրը պետք է լուծված լինի նախքան դրա ստորագրումը, կնքումը։
«Այսինքն, գերիների վերադարձի հարցն այն նախապայմանն է, որը պետք է փոխվստահություն ձևավորի կողմերի միջև, ինչն էլ կհանգեցնի խաղաղության օրակարգի վերահաստատմանը, ապա սա տրամաբանական է թվում։ Միջազգային կառույցները մարդասիրական խնդիրներն այդ ձևաչափում կարողանում են լուծել խաղաղության պայմանագրերի միջոցով։ Գերիների վերադարձի հարցի լուծումը պետք է ավելի արագ լինի և հենց դա է, որ կարող է կանխորոշել խաղաղության շուրջ հետագա գործընթացները»,– նշեց Սահակյանը։
Իրավապաշտպանը խոսեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ակնկալվող խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ։ Սիմոնյանը նաև հիշեցրել էր, որ հայ գերիների ու պատանդների վերադարձի հարցը ներառված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որով Ռուսաստանը և Ադրբեջանը պարտավորվել են լուծել այդ խնդիրը։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ռազմագերիներին անազատության մեջ պահվող անձանց մասով, վերարտադրել է միջազգային իրավունքում գոյություն ունեցող իրավական պարտավորությունը` սրան տալով նաև քաղաքական հանձնառության բնույթ։ Այսինքն` Ադրբեջանը նաև քաղաքականապես է ստանձնել այս հարցի լուծումը Հայաստանի և Ռուսաստանի առջև։ Կարծում եմ` փաստաթուղթն իր ուժը չի կորցրել` անկախ նրանից, թե չկատարման առնչությամբ ինչ մեղադրանքներ կան»,– ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` ռազմագերիների վերադարձի հարցը մարդասիրական բնույթի է, եռակողմ համաձայնագրում էլ որդեգրված է եղել բոլորը բոլորի դիմաց սկզբունքը։ Ընդգծեց` Ադրբեջանը մինչ օրս մի քանի անգամ ոչ միայն իր իրավական պարտավորություններն է խախտել, այլև քաղաքական հանձնառությունը։
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն` Բաքվում պահվում է 23 հայ ռազմագերի և պատանդ։ Նրանցից մի քանիսը դատապարտվել են, մյուսները կալանավորված են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 24-ը Ադրբեջանում կանցկացվի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP 29 գագաթնաժողովը։
2023 թվականի դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Բաքու մեկնելու և COP 29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: