Последние новости

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 16-ից e-draft էլեկտրոնային հարթակում քննարկման դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը բազմաթիվ հարցեր է առաջացրել գիտական հանրության շրջանում։

Նախ՝ անհասկանալի է, թե ինչու է այդքան կարճ ժամկետ սահմանվել քննարկումների և քվեարկության համար՝ ընդամենը երկու շաբաթ՝ մինչև հոկտեմբերի 1-ը։ Սա այն դեպքում, երբ օրինագիծը կազմված է մոտ 80 էջից, քանի որ այն միավորել է նախկինում գործող մի շարք առանձին օրենքներ՝ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին», «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին», «Ակադեմիայի մասին» և այլն, ինչպես նաև ներառում է «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը։ Փաստացի դա կարելի է համարել օրենսգիրք։

Երկրորդ՝ օրինագիծը կառավարության կողմից պատրաստվել է «բացարձակ գաղտնիության» պայմաններում, և ԳԱԱ գիտական ինստիտուտների ղեկավարների, ինչպես նաև Նախագահության հետ ոչ մի քննարկում չի կազմակերպվել։ Մինչդեռ օրինագիծը արմատական փոփոխություններ է ենթադրում Ակադեմիայի կառուցվածքում և բոլոր գիտական ինստիտուտների դուրսբերում նրա ենթակայությունից։ Այսինքն՝ չնայած նրան, որ գիտական հանրությունը մշտապես դեմ է արտահայտվել բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների մեխանիկական միավորմանը, այդ միավորումը տեղի կունենա։ Իսկ մինչ նոր բուհերի ձևավորման գործընթացի ավարտը, օրենքի անցումային դրույթների համաձայն, օրենքի ուժի մեջ մտնելու պահից Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտները կանցնեն կրթության, գիտության, մշակույթի, և սպորտի նախարարության վերահսկողության տակ։

Երրորդ՝ շատերի կարծիքով, օրինագիծը թողնում է հապճեպ կազմված, անավարտ, լղոզված փաստաթղթի տպավորություն, որը պարունակում է բազմաթիվ անճշտություններ և տերմինաբանական անհամապատասխանություններ։

Այսպես, Գիտությունների ակադեմիան, որին նվիրված է օրինագծի 9-րդ հոդվածը, ներկայացվում է նախ որպես ոչ առևտրային կազմակերպություն (ՈԱԿ), իսկ հետո՝ որպես հիմնադրամ, իսկ դրանք իրավաբանորեն լրիվ տարբեր հասկացություններ են։

Մասնավորապես, հոդվածի առաջին կետում, որը տալիս է Ակադեմիայի սահմանումը, ասվում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության հիմնադրած ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որն իր կազմում միավորում է Ակադեմիայի անդամներին, Ակադեմիայի գիտական բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը, Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամներին և Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին»։ Այսինքն՝ ըստ այս կետի՝ ԳԱԱ-ն պահպանում է նույն կարգավիճակը, ինչ ունի հիմա և պահպանում է բաժանմունքները, թեև դրանց գործառույթն անհասկանալի է, եթե համապատասխան ինստիտուտներն այլևս չեն ենթարկվում դրանց։

Նույն հոդվածի տասներորդ կետում Ակադեմիան արդեն ներկայացվում է որպես հիմնադրամ «Ակադեմիան՝ որպես հիմնադրամ, իր առաքելությամբ սահմանված գործառույթների իրականացման համար կարող է դիմել ոլորտը ֆինանսավորող տարբեր մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ միջազգային»:

Ինչ վերաբերում է Ակադեմիայի կազմին, ապա ինչպես երևում է առաջին կետից, այն իր կազմում միավորում է «Ակադեմիայի անդամներին, Ակադեմիայի գիտական բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը, Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամներին և Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին»։ Այսինքն՝ պետք է ենթադրել, որ վերջիններս Ակադեմիայի անդամ են դառնում ինքնաբերաբար՝ ատեստավորման արդյունքում նշված գիտական աստիճանները ստանալուց հետո։ Բայց այս մասին ոչինչ չի ասվում։ Տարեսկզբին ընդունված ատեստավորման կանոնների համաձայն, պատվավոր կոչում է շնորհվում թոշակի անցած գիտնականներին։ Ստացվում է, որ Ակադեմիան վերածվելու է ծերակույտի՞։ Ակադեմիայում կարծում են, որ պատվավոր գիտաշխատողների և ակադեմիկոսների համամասնությունը պետք է քվոտավորված լինի։

Այնուհետև, կետերից մեկում ասվում է, որ ակադեմիայի կառավարման մարմիններից մեկը հոգաբարձուների խորհուրդն է՝ Ակադեմիայի նախագահությունը։ Միևնույն ժամանակ, նախագահությունն ընտրվում է Ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից, որին մասնակցում են ակադեմիկոսները, պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողները։ Իսկ Ակադեմիայի նախագահին նախագահությունն ընտրում է իր կազմի մեջ մտնող ակադեմիկոսներից, սակայն ակադեմիկոսների ընտրության մասին ոչինչ չի ասվում, և պարզ չէ, թե ում միջից կընտրվի նախագահ, եթե տարիներ անց նախագահությունում այլևս ակադեմիկոսներ չմնան միանգամայն բնական պատճառներով։

Տպավորություն է ստեղծվում, որ կետերը հապշտապ խմբագրել են և հիմնադրամ հասկացությունը փոխել ՈԱԿ-ի, իսկ հոգաբարձուների խորհուրդը՝ նախագահության, բայց վրիպակներ են մնացել։ Կամ էլ միտումնավոր լղոզված սահմանումներ են տվել, որպեսզի հետագայում դրանք մեկնաբանեն ըստ պահի հարմարության։

Հարցի հանդեպ նման հապճեպ ու անփույթ մոտեցման պատճառով գիտնականների մոտ կասկած է առաջանում, որ այս ամենը բոլորովին էլ հանուն գիտության չի արվում։ Ակնհայտ է, որ կա քաղաքական որոշում՝ գիտահետազոտական ինստիտուտները վերցնել ակադեմիայի վերահսկողությունից, և այդ ժամանակ տեղի կունենա հետևյալը։ Նախ՝ 2026 թվականին նախատեսվում է գիտնականների համապետական ատեստավորում։ Հիշեցնենք, որ գիտաշխատողների ատեստավորման նոր կարգն ընդունվել է 2024 թվականի փետրվարին, և այն պարունակում է մի շարք բավականին խիստ չափորոշիչներ։ Վերջերս՝ մոտ մեկ ամիս առաջ, դրա մեջ մի քանի էլ ավելի խիստ փոփոխություններ ընդունվեցին։ Այս ատեստավորման արդյունքում ինչ-որ պայմանական գիտահետազոտական ինստիտուտում կարող է մնալ մոտ մեկ տասնյակ մարդ, որոնց բուհերից մեկում մի երկու սենյակ կտրվի, իսկ գիտահետազոտական ինստիտուտի շենքը կդատարկվի։ Եվ հաշվի առնելով, որ գիտահետազոտական ինստիտուտների մեծ մասը գտնվում է քաղաքի կենտրոնում, ապա դրանից լավ շահույթ կարելի է ստանալ։ Շատերի կարծիքով, սա միակ եզրակացությունն է, որ կարելի է անել այս օրինագծից տիրանալ գիտահետազոտական ինստիտուտների շենքերին։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ