Последние новости

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ՔՈՒՆ ՈՒ ԴԱԴԱՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների՝ քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ հայտարարություն անողներն ասում են՝ ի՞նչ են արել որ, ընդամենը հայրենիք են պահել։ Ես եկեղեցու սպասավորներին չեմ արձագանքում, բայց քանի որ նման «նիկոլական» կարծիք կա, ապա պետք է հայտնեմ կարծիքս։ Եթե ընդամենը հայրենիք պահելն այդքան հեշտ է, դե թող մնացածն էլ պահեին, թող Նիկոլ Փաշինյանն էլ պահեր։ Պետության ղեկավարի թիվ մեկ խնդիրը հայրենիք պահելն է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով վերոնշյալ հայտարարություններին։

«Ընդդիմության մեջ էլ կան մարդիկ, որոնք ասում են՝ դե թող նախկինները գնան... ո՞ւր գնան։

Կոնկրետ երրորդ նախագահը հրաժարական տվեց, էլի ձեզնից չպրծա՞վ։ Ուզեն, թե չուզեն, ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտի և ընդդիմադիր դաշտի առաջամարտիկ կուսակցություններից է։ Ուզեն, թե չուզեն, 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները Հայաստանի նորագույն պատմության ամենաարդյունավետ ղեկավարներն են, որովհետև Արցախ են ազատագրել և պետություն են կայացրել»,-ասաց Շարմազանովը։

Քննադատել, ըստ նրա, իհարկե, կարելի է, բայց ճիշտ չէ առաջարկել հեռանալ քաղաքականությունից, քանի որ քաղաքականությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար։

«Թող որևէ մեկին չթվա, թե ինքն այս երկրի համար ավելի շատ բան ունի արած, քան՝ ՀՀԿ-ն։ Եթե ինչ-որ մարդիկ պաշտոն են ուզում, ՀՀԿ-ն պաշտոն չի ուզում, և երբ հանրապետականները պայքարում էին այս ազգակործան իշխանության չգալու համար, լիքը քաղաքական դերակատարներ Նիկոլ Փաշինյանին էին ծափահարում և «դըմբ-դըմբ-հու» էին անում։ Մեղք է հաղթանակած իշխանություններին ու նախագահներին և Նիկոլ Փաշինյանին նույն հարթության մեջ դնելը։

Եթե նախկին նախագահների և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը չեն զգում, ապա պետք է ասել, որ Սերժ Սարգսյանի ստորագրությունը 1992-ի մայիսի 9-ի՝ Շուշիի ազատագրման օպերացիայի տակ է դրված, 1994-ի՝ հաղթական զինադադարի։ Հիշեցնեմ, որ 2016 թվականին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ապրիլյան պատերազմը հաղթելուց հետո Իլհամ Ալիևն էր ի լուր աշխարհի հայտարարում, թե փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։ Իլհամ Ալիևն էր ուզում, որ 2-րդ և 3-րդ նախագահները դուրս գան քաղաքականությունից, որպեսզի Հայաստանը հանձնեք Ադրբեջանին։ Կարո՞ղ է միանաք Ալիևին։

Ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի անուններն Իլհամ Ալիևին քուն ու դադար չեն տալիս, բայց որ Հայաստանում էլ կան նման մարդիկ, այ դա է խնդիրը։ Այդպես եք մտածել, դրա համար էլ Արցախը կորցրիք, հիմա էլ՝ Հայաստանն եք կորցնում։ Ես հասկանում եմ, որ հաղթանակն ունի բազում ծնողներ, պարտությունը որբ է։ Իսկ ինչ վերաբերում է Սրբազան շարժմանը, ապա այդտեղ մենք ո՛չ որոշման իրավունք ունենք, ո՛չ էլ՝ նման ցանկություն։ Որևէ մեկը բարոյական իրավունք չունի մյուսին ասելու, թե դու պետք է քաղաքականությունից դուրս գաս, այսպես կամ այնպես անես»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը News.am-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից: «Սթափ բանականությունն ու հաշվարկը դա է պահանջում: Եթե իրենք դա չգիտեն, նշանակում է՝ ոչ մի բան էլ չեն հասկանում: Ե՛վ երկրորդ նախագահը, և՛ իր որդին պետք է հայտարարեն և փաստացի հեռանան: Նույնը վերաբերում է երրորդ նախագահին, նա պետք է բաց թողնի այդ ՀՀԿ-ին: Ինչպես պատահական մտավ, այդպես պատահական էլ պետք է դուրս գա: Այլապես ոչինչ հնարավոր չէ»,-ասել է սրբազանը։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ