Последние новости

Ամուլսարի ղեկավարների և ՀՀ բանկերի միջև բանակցություններ են ընթանում

Ամուլսարի ղեկավարների և հայաստանյան բանկերի միջև բանակցություններ են ընթանում, և եթե դրանք հաջողությամբ ավարտվեն, ապա բանկերը կֆինանսավորեն հանք շահագործողներին։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։ Բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովն ասել էր, որ հանքի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներքին որոշումներից և բնապահպանական փորձաքննությունների ավարտից:

«Բարեբախտաբար, վերջին տարիներին հայաստանյան բանկերը բավականին մեծ շահույթ, կապիտալ են կուտակել, որը հնարավորություն է տալիս իրենց, օրինակ, 150 մլն դոլար ֆինանսավորել։ Սա մի քանի տարի առաջ անհնարին էր պատկերացնել, սակայն դա հիմա շատ պատկերացնելի է մեր բանկային համակարգի համար»,– հայտարարեց Պապոյանը։

Խնդիրը, նրա խոսքով, ընդամենը 150 մլն դոլար ֆինանսավորելու մասին է, և հիմա Ամուլսարի նախագծի հետ կապված ռիսկերն առավել լավ պատկերացնելու համար նախարարությունն իր հերթին հետազոտություն է պատվիրել աուդիտորական ընկերություններից մեկին։

«Մեկ շաբաթվա ընթացքում մեզ կներկայացնեն նաև հետազոտության արդյունքները, որից հետո բանկ–պետություն–հանք շահագործող միասնական որոշում կկայացնենք»,– ընդգծեց նախարարը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ