Последние новости

ՌԴ-Ն ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ. ՓՈՐՁԱԳԵՏԸ «ՎԵՐԾԱՆՈՒՄ Է» ՄԻՐԶՈՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ռուսաստանն ուզում է որոշակի կայունություն մտցնել Հայաստանի հետ հարաբերություններում։ Կարելի է նկատել, որ Մոսկվայի համար այդ հարաբերությունները կարևոր են, և հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունների տոնայնությունն այդ մասին է վկայում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով Մոսկվայում կայացած բանակցությունները։

Նրա խոսքով` Արևմուտքի հետ շարունակվող առճակատման, ուկրաինական խնդրի ֆոնին Ռուսաստանին հարկավոր է դրական հետագիծ պահպանել բարեկամական երկրների, այդ թվում` Հայաստանի հետ, թեև ՀՀ քաղաքականությունը ինչ-որ ռազմավարության առկայության նշաններ ցույց չի տալիս։ Եվ ի տարբերություն Լավրովի` Արարատ Միրզոյանի հայտարարությունները բավական զգուշավոր էին, երկչոտ։

«Զգացվում էր, որ Միրզոյանը վախենում է ինչ-որ բան ասել, որը կարող է դուր չգալ ինչպես արևմտյան «գործընկերներին», այնպես էլ Փաշինյանին»,- նշեց Հակոբյանը։

Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց Լավրովի այն արտահայտությանը, թե կողմերին հաջողվել է փոխընդունելի հանգուցալուծումների հասնել մի շարք հարցերի շուրջ։

Քաղտեխնոլոգի խոսքով` սա բավական ուշագրավ հայտարարություն է, հատկապես վերջերս Հայաստանի կողմից ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու որոշման ֆոնին։

«Կհամարձակվեմ պնդել, որ Մոսկվան հիմա դիվանագիտական ընդմիջում է վերցրել, առնվազն ձևացնում է, թե ընդունում է ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի հետ կապված այս կամ այն սյուժեի վերաբերյալ հայկական կողմի հավաստիացումները»,- ասաց նա։

Հակոբյանն այս համատեքստում անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` վերջերս կայացած զրույցին։ Նա կարծում է, որ այդ խոսակցության ընթացքում Փաշինյանի առջև բնավ ոչ երկիմաստ հարցեր են դրվել, և այսօր Միրզոյանը, ըստ երևույթին, դրանց պատասխաններն էր հնչեցնում։

«Վստահ չեմ, որ Երևանի պատասխանները գոհացրին Մոսկվային, բայց կարծում եմ` ռուսական կողմը հիմա չի ցանկանում սրել իրավիճակը, ուշադրությունը սևեռել այս կամ այն խնդրահարույց սյուժեների վրա»,- նշեց Հակոբյանը:

Իսկ եթե փորձենք դիվանագիտական լեզվից թարգմանել «փոխընդունելի հանգուցալուծումներ» բառակապակցությունը, ապա, ամենայն հավանականությամբ, խոսքն այն մասին է, որ Հայաստանը գոնե ֆորմալ առումով կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, իսկ ԵՄ-ին անդամակցելու որոշումն ավելի շատ ներքաղաքական նպատակներ է հետապնդում, քան իրական բովանդակություն ունի։ Եվ Միրզոյանը համապատասխան «մեսիջը» փոխանցեց Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։

Փորձագետի կարծիքով` նույն կերպ է քննարկվել նաև հայ-ամերիկյան համաձայնագիրը։ Այս փաստաթղթի դեպքում կրկին պետք է ասել, որ դրա իրականացման հեռանկարները բավականին մշուշոտ են, հատկապես Դոնալդ Թրամփի` Սպիտակ տուն գալու ֆոնին։ Առավել ևս, որ ԱՄՆ նոր նախագահն արդեն հրամանագիր է ստորագրել բոլոր տեսակի օտարերկրյա օգնությունները ժամանակավորապես սառեցնելու մասին, քանի դեռ չի պարզվել` այդ օգնությունները համապատասխանում են ԱՄՆ շահերին, թե ոչ։

Չափազանց դժվար է ասել, թե Թրամփի վարչակազմն ինչ տեսանկյունից է նայելու Հարավային Կովկասին, ինչ քաղաքականություն է կառուցելու։ Հակոբյանը վստահ է, որ այս տեսանկյունից Ռուսաստանն անհանգստանալու կարիք չունի։ Բայց եթե նույնիսկ մտահոգություն կա, ապա Մոսկվան նախընտրում է չանդրադառնալ դրան։

Մոսկվայում հնչած հայտարարություններում կարելի է նկատել նաև Ռուսաստանի միջնորդական տրամադրվածությունը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում և հայկական կողմի` Մոսկվային որպես մոդերատոր դիտարկելու դժկամությունը։

Հակոբյանի խոսքով` Հայաստանը նախկինի պես համոզված է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների ամենաարդյունավետ միջոցը երկկողմ ձևաչափն է։ Թե որքանով է արդարացված նման մոտեցումը, այլ խոսակցության թեմա է։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ