Последние новости

Հայ դատն արձագանքել է Հայոց ցեղասպանության պատմության վերանայման մասին Փաշինյանի հայտարարությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն, հայտարարել է Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ Նա այսպես է արձագանքել Փաշինյանի՝ հունվարի 25-ին Շվեյցարիայում արված հայտարարությանը։

Ըստ Հայ դատի՝ Հայոց ցեղասպանության էության նենգափոխումը, կատարված ոճրագործության մասշտաբների մեղմացումը, դրա խնդրի միջազգայնացման դեմ արշավը և տարատեսակ այլ շահարկումները «նախ և առաջ անարգանք են անմեղ զոհերի հիշատակին»։

«Հայաստանի կառավարության ղեկավարի ցնորամիտ ելույթներն անարգանք են նաև Հայոց ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ հետազոտող հայ և օտար գիտնականների, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար պայքարած հարյուրավոր մարդասերների, այդ ոճրագործությունն ընդունած տասնյակ պետությունների համար»,- նշել են գրասենյակից։

Ըստ հայտարարության՝ ՀՀ վարչապետը, ով «իր իշխանության երկարաձգման գործում հիմնականում հենվում է տարբեր ուժային կենտրոնների վրա, վերջիններիս աջակցության կորստի մոտալուտ վտանգը զգալով՝ սկսել է դաշնակիցներ փնտրել թշնամական շրջանակներում և ներհայկական խոսույթ ներմուծել այնպիսի գաղափարներ, որոնք տասնամյակներ շարունակ մերժված են քաղաքակիրթ աշխարհի կողմից»։

Նշվում է, որ ՀՀ վարչապետի վարքագիծը կարելի է բնորոշել «ստոկհոլմյան համախտանիշով», երբ զոհն սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ։

«Այս հավանական բացատրությունը չի մեղմացնում Փաշինյանի հանցագործությունը Հայոց պետականության ու պետության նկատմամբ, այլ հավելյալ անգամ ընդգծում է, որ վարչապետի աթոռին նստած՝ Փաշինյանը սխալ տեղում է»,- հավելել են գրասենյակից։

ՀՅԴ-ն ավելացրել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից նման հայտարարությունների պայմաններում Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը պարբերաբար առերեսվում է հավելյալ խնդիրների, որոնց պայմաններում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներն էապես դժվարանում են։

«Պետք է նկատել, որ նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները, վարձու լոբբիստներն ու ամենուր տարածվող հակաքարոզչությունը»,- եզրափակել է հանձնախումբը։

Փաշինյանը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։ «Պետք է հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ։ Իսկ ինչպե՞ս ենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով։ Ինչպե՞ս եղավ, որ 1939-ին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար, բայց 1950-ին հայտնվեց»,- ասել էր նա։

2024 թվականի հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի մտնում Երևանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ։

Armenia Today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ