Последние новости

ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է պայմաններ ստեղծել Երևան–Անկարա հակամարտության համար. զեկույց

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Երևանի պաշտոնական դուրս գալու, ինչպես նաև Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման դեպքում առաջիկա տարիներին կարող են նախադրյալներ ստեղծվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուժային միջոցներ ձեռնարկելու համար։ Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե.Մ Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի «Հայաստանի արտաքին քաղաքականությունը խաչմերուկում. բազմավեկտորության ճգնաժամ» զեկույցում։

ՌԴ–ի հետ առևտրային կապերն ապահովում են Հայաստանի տնտեսական անվտանգությունը. զեկույց

Ինստիտուտի կայքում հրապարակված զեկույցում նշվում է, որ 2022 թվականից Հայաստանի ղեկավարությունը խզում է հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում՝ միաժամանակ ընդլայնելով գործընկերությունը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ։ Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ը Երևանին անվտանգության զգալի երաշխիքներ չի տալիս, իսկ Եվրամիության անդամներից միայն Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսն են աջակցում հայկական բանակի վերազինմանը և պատրաստակամություն ցուցաբերում քաղաքական առումով աջակցել երկրին։

Զեկույցում ասվում է, որ հայ-ադրբեջանական ռազմական բախման դեպքում, սակայն, այդ պետությունները չեն կարողանա հանդես գալ որպես Հայաստանի անվտանգության հուսալի երաշխավորներ։

«Նրանց գործողությունները միայն վստահություն են տալիս Անկարային և Բաքվին, որ կարող են «հայկական խնդիրը» լուծել ուժային ճանապարհով բարենպաստ իրավիճակի դեպքում: Դրա նախադրյալները կարող են առաջանալ արդեն առաջիկա տարիներին ՀԱՊԿ-ից պաշտոնապես դուրս գալու և Հայաստանում ռուսական ռազմական ներկայության վերացման դեպքում», - նշել են ինստիտուտից։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ