Последние новости

Գերմանիայի նախագահն անընդունելի է անվանել պաղեստինցիներին Գազայից հանելու գաղափարը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պաղեստինցիներին Գազայի հատվածից հանելու և արաբական երկրներում մշտական հիմքով վերաբնակեցնելու գաղափարին և այդ առաջարկն անվանել է անընդունելի։

«Միջազգային իրավունքն անտեսող կամ անգամ խախտող որոշումն անընդունելի է»,- ասել է Շթայնմայերը Անկարայում։ Նրա խոսքերը մեջբերել է DPA գործակալությունը։ Միաժամանակ, Գերմանիայի նախագահը չի հավատում, որ արաբական պետությունների և ԱՄՆ նոր վարչակազմի միջև այս հիմքի վրա ծրագրվող բանակցությունները հաջող կլինեն։

Շթայնմայերն ընդգծել է, որ հակամարտության լուծումը հնարավոր է գտնել միայն այն դեպքում, եթե երաշխավորվեն Իսրայելի անվտանգությունն ու Պաղեստինի ինքնորոշումը։ «Սա դժվար և գուցե ավելի երկար ճանապարհ է: Բայց ես մտավախություն ունեմ, որ այդ ճանապարհի կամայական կրճատումները, հատկապես միջազգային իրավունքի և դրա կանոնների անտեսումը, չեն հանգեցնի նպատակին»,- ասել է նա:

Փետրվարի 4-ին Թրամփը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գազայի հատվածին երկարաժամկետ տիրելու հարցը՝ այն զարգացնելու համար, ի շահ Մերձավոր Արևելքում խաղաղության: Բացի այդ, նա կողմ է արտահայտվել պաղեստինցիներին անկլավից դուրս բերելուն և տարածաշրջանի այլ երկրներում վերաբնակեցնելուն, որոնք, նրա խոսքով, կարող էին վճարել դրա համար։ Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է զորքեր ուղարկել Գազա, եթե դա անհրաժեշտ համարվի։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ