ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԵՆ
Գերմանիայի Հայոց Թեմը և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանում կատարած հայտարարությունների:
«Գերմանիայի Հայոց Թեմը և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խորը մտահոգությամբ են հետևում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Հանրապետության գաղափարական հարացույցի փոփոխության վերաբերյալ վերջին շրջանում կատարած հայտարարություններին։ Մենք այդ գաղափարական շրջադարձն ընկալում ենք որպես աշխարհասփյուռ հայությանը պառակտելու և նրա հոգևոր ու բարոյական արժեքների միասնական համակարգը վտանգելու փորձ: Կայուն, անվտանգ ու զորեղ պետություն չի կարելի հիմնել պատմական սխալ ու թերուս դատողություններով։
Սովետական Միությունը փլուզվեց իր հիմնադրությունից միայն յոթ տասնամյակ հետո, որովհետև հիմնված էր կեղծիքի ու պատրանքի վրա։ Իրենց ավետած «նոր ադամ»-ը նույն «հին ադամ»-ն էր՝ միայն շպարված ու ծպտված։ ՀՀ վարչապետի վարած «նոր» քաղաքականությունը նման ուղիով է ընթանում՝ ծածկված կեղծիքներով ու պատրանքներով։ Ըստ երևույթի՝ ՀՀ վարչապետը ո՛չ ցեղասպանությունից է դաս քաղում, ո՛չ Սովետական Միության անկումից և ո՛չ իսկ արցախյան ողբալի պարտությունից։ Ըստ երևույթին՝ նա փորձում է իր հայտարարություններով, քաղաքական տևական նահանջներով ու պահանջատիրությունից հրաժարվելով հաճոյանալ Ադրբեջանին, որի տարածքային նկրտումներն ու քաղաքական ոտնձգությունները շարունակվում են, և Թուրքիային, որի հարյուրամյա Հանրապետությունը հիմնված է ցեղասպանության ու նրա հերքման վրա։
Սպանություններն ու ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն: Ոճրագործների անպատժելիությունը բերում է նոր ոճիրների:
Վախն ընդհանրապես վատ խորհրդատու է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ այսօրվա իշխանությունների ներկա կեցվածքը նպաստում է դժբախտաբար ուժեղի օրենքին, բայց թուլացնում օրենքի ուժը։
Արցախը կորցնելով՝ շարունակվում են կորուստները։ Ներկա իշխանությունների հաշվարկը, թե Արցախը կորցնելով խաղաղություն կլինի, սխալ էր։ Նույն միամտությունը նրանք շարունակում են մինչև այսօր՝ հրաժարվելով ամեն ուժի լծակից։
Ադրբեջանը ստորագրել և վավերացրել է 1950 և 2002 թվականների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաները և խախտում է։
Ադրբեջանը ստորագրել է Միավորված Ազգերի կազմակերպության կանոնադրությունը և խախտում է։
Ադրբեջանը ստորագրել է 1949 թվականի Ժնևի կոնվենցիան և խախտում է։
Ադրբեջանը ստորագրել է 1966 թվականի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը և խախտում է։
ՀՀ վարչապետն իրապե՞ս կարծում է, որ այդ պետությունը կհարգի Հայաստանի Հանրապետության նման խեղճ ու խեղճացած պետության հետ կնքված խաղաղության մի պայմանագիր։ Չէ՞ որ մինչև հիմա այդ հարևանները ոչ մի երաշխիք չեն տվել, որ ձգտում են խաղաղության, այլ ընդհակառակն, ակնհայտորեն ու անթաքույց շարունակում են իրենց անզիջում պայքարը՝ ավարտին հասցնելու իրենց նախնիների ցեղապաշտ ու գաղութարար ծրագիրը։
Հայաստանին պետք է ոչ թե ճարպիկ, այլ ուշիմ քաղաքականություն։ Ուշիմ, որը ուշ, հիշողություն, ուշադրություն ու կշռադատություն է պարունակում։
Ուժեղն ընդլայնում է իր կարելիությունները, թույլը՝ արդարացնում իր անկարողությունը։
Ուժեղն իրեն պարտադրում է ուրիշներին, թույլը նահանջում է անընդհատ։
Ուժեղն արի է, իսկ թույլը մահվան վախից ինքնասպանություն է գործում։
Ի՞նչ Հայաստան են ուզում Փաշինյանն ու ներկա իշխանությունները՝ ուժե՞ղ, թե՞ թույլ Հայաստան։ Մենք ուզում ենք ուժե՛ղ Հայաստան։
Ուստի Հայոց Մեծ Եղեռնի 110-ամյա տարելիցի նախօրյակին կոչ ենք ուղղում նրանց`
-Վերանայել իրենց դիտարկումներն ու դադարեցնել մեր ինքնությունը, միասնականությունն ու արժեքները ջլատող հայտարարությունները,
-Միացյալ ուժերով դիմակայել մեր հակառակորդների ճնշումներին՝ բանիմաց դիվանագիտական և միջազգային դատավարական ռազմավարությամբ,
-Պահանջատեր լինել թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի նկատմամբ՝ պահելով Ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգում:
Այս պարագայում մենք միշտ պատրաստ ենք աջակցել ու մեկնում ենքգործակցության մեր ձեռքը»,- ասված է հայտարարությունում։
Գերմանիայի Հայոց Թեմ և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-21 08:52
Министр экономики Армении Геворг Папоян и министр сельского хозяйства РФ Оксана Лут в ходе встречи в Москве выразили готовность увеличить объемы совместной торговли агропродукцией, сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-03-21 08:49
Министерство обороны Армении в очередной раз опровергло сообщение Азербайджана о якобы стрельбе на границе.
-
2025-03-21 08:49
41-летняя Кирсти Ковентри избрана новым президентом Международного олимпийского комитета (МОК). Она приступит к исполнению своих обязанностей 24-го июня 2025-го года.
-
2025-03-21 08:47
РФ передала Азербайджану предложения по урегулированию ситуации вокруг Русского дома в Баку