Последние новости

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են արվել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են վերջնական փոփոխություններ, մասնավորապես` 1 անձի գծով տրվող աջակցության չափի և առանձին՝ ավելի բարձր աջակցությամբ բնակավայրերի ցանկերի մասով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ըստ այդմ՝

- սահմանվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 39 համայնքների 443 բնակավայրեր՝ նախկին 148-ի փոխարեն,

- ձեռք բերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվում է 3 քմ-ով և սահմանվում 9 քմ,

- եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվող հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չի կիրառվում տվյալ դեպքում աջակցությունը սահմանվում է մինչև 4 մլն դրամ՝ 3-ի փոխարեն,

- ձեռք բերվող բնակարանի, կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի, անհատական բնակելի տան, կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ, այսինքն՝ անչափահասներին գրանցելն այլևս պարտադիր չէ,

- գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից կարող են օգտվել նաև 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողները, և այս դեպքում աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ,

- ծրագրի 1-ին փուլից կարող են օգտվել ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրացուցիչ վճար կկատարեն կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով,

- ծրագրի 2-րդ (2 երեխա ունեցող ընտանիքների համար) և 3-րդ փուլերը (1 երեխա ունեցող ընտանիքների համար) կմեկնարկեն համապատասխանաբար 2025 և 2026 թթ հուլիսի 1-ից՝ 2026-ի և 2027-ի հունվարի 1-ի փոխարեն,

- եթե երեխան ծնվել է հավաստագրի ստացումից կամ իրացումից հետո, ապա այդ երեխայի հաշվով աջակցությունը կարող է ուղղվել ծրագրի շրջանակում շահառուին տրամադրված հավելյալ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ այն իրացվում է որպես դրական մնացորդ։ Խոսքը վերաբերում է մինչև 2024 թ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին։

Նշվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումները շարունակվում են ընդունվել housing.socservice.am հարթակում։

Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։

Բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ–ի հունիսի 15-ից։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ