Последние новости

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հանդիպել են տեսակոնֆերանսի ձևաչափով

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Նշենք, որ աշխատանքային հանդիպումն անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում:

Հիշեցնենք` հունվարի 16–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության էին եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, այն է` պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

2024 թվականին կողմերը Տավուշում 12 կմ հատվածի սահմանազատում էին իրականացրել։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ