Վահագն ՄԵԼԻՔՅԱՆ․ ՀՀ-Ն ԴԻՐՔԵՐՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՓԱՅԼՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԲԱՅՑ ԴԺՎԱՐ ԹԵ ՕԳՏՎԻ ԴՐԱՆԻՑ
Թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում վերջին 2-3 շաբաթների իրադարձությունների ֆոնին Հայաստանի համար արտաքին քաղաքական ասպարեզում իր դիրքերն ամրապնդելու փայլուն հնարավորություն է բացվել։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time»–ի եթերում այս տեսակետը հայտնեց ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Նրա խոսքով` հաջողության իսկապես կարելի է հասնել գրագետ դիվանագիտության արդյունքում։ Հաջողության մասին խոսելիս դիվանագետը նկատի ունի պատերազմի վտանգը հնարավորինս հեռացնելու կարողությունը և ռեսուրսների մոբիլիզացումը։
«Եթե այս հնարավորությունը ճիշտ օգտագործվի, ապա հնարավոր է պայմանական Յալթա-2-ի արդյունքում ձևավորվող աշխարհակարգում բավական ամրապնդված դիրքեր ձեռք բերել՝ դրանից բխող բոլոր հնարավոր ու անհնար ազգային շահերով»,– ասաց Մելիքյանը։
Դիվանագետն ընդգծեց` մարդկության պատմության մեջ պատերազմները պարբերաբար փոխարինվում են խաղաղ ժամանակաշրջաններով, և երբ հասունանում է պահը, ցանկացած երկիր կարող է հասնել նրան, որ հագուրդ տա իր նկրտումներին, եթե իր հաշվարկները ճիշտ լինի։
Մինչդեռ նա խնդիրներ է տեսնում առաջին հերթին դեպի Արևմուտք Հայաստանի շրջադարձի, հասարակության պառակտման և որոշ հայկական շրջանակների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հակասությունների վրա խաղալու փորձերի մեջ։
«Մի կողմից` արդեն սկսում են տեսանելի լինել այն արհեստական «մեղրամիսային» հարաբերությունները, որ երկու ուղղությունով գնում էր Մոսկվա–Բաքու և Մոսկվա Անկարա։ Կարծես թե այդ հարաբերությունները սկսել են որոշակի ճաքեր տալ։ Այստեղ շատ սառը հաշվարկների կարիք կա, իսկ դրանք գալիս են, երբ դու ունես ռազմավարություն։ Հայաստանն իսպառ վերացած է այդպիսի ռազմավարություն ունենալու սուբյեկտ լինելուց, քանի որ օրով առաջնորդվող, օրվա կերակուր առաջարկող իշխանություն ունի, որն ամեն ինչի պատրաստ է իր իշխանությունը մի քիչ էլ երկարացնելու համար։ Դա ամենավտանգավոր բանն է, որ երբևէ կարելի է պատկերացնել։ Սա նույնիսկ ավելի վտանգավոր է, քան Բաքվից հնչող սպառնալիքները»,- ասաց Մելիքյանը։
Ինչ վերաբերում է հասարակության պառակտմանը, ապա, նրա բնորոշմամբ, այն կիլոմետրերով հեռու է կոնսոլիդացիայից և պատրաստ չէ հնարավոր տեկտոնիկ շարժումներին, որոնք ներառում են նաև լոկալ բախումները հարևանների հետ, որոնց միջոցով որոշ տեղական խնդիրներ կարող են լուծվել, մինչև գերտերությունները վերջնական «ստոպ չտան»։
Ինչ վերաբերում է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցին, Մելիքյանի խոսքով, դատելով մեդիահոսքերից և տեղեկատվական դաշտի տարբեր վերլուծություններից` այն ստացվել է։
«Ականատեսն ենք բավականին ոչ օրդինար զարգացումների։ Եթե խորանում ենք ավելի իրատեսական դաշտ, ապա ուրվագծվում են այն հիմնական թեզերը, թիրախները, որոնց շուրջ պետք է սկսվեն բանակցությունները։ Ընդ որում` որքան ես հասկացա, բանակցությունները լինելու են բազմաշերտ։ Միանշանակ նշմարվում է «Յալթա 2»–ը։ Փաստ է, որ «Յալթա 1»–ի դարը փակվել է, սա տեսանելի էր դեռ ամիսներ առաջ»,–ասաց նա։
Մելիքյանը վստահ է, որ Եվրոպան վաղուց իր դռները զմռսել է նոր անդամների առջև. Եվրոպան ինքն իր խնդիրներն ունի և բավականին թույլ վիճակում է այսօր։
«Հիշո՞ւմ եք` ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը ինչ անհողդողդ էր ռուսների ու Ռուսաստանի դեմ մինչև վերջին կաթիլը պայքարելու հարցում, բայց անմիջապես Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո ասաց, որ ՆԱՏՕ–ն կողմնակից է, որ Ուկրաինան և Ռուսաստանը բանակցեն խաղաղության շուրջ։ Հետևաբար Եվրամիությունը ոչ թե գրկաբաց ընդունելու է Հայաստանին, այլ ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը իրենց համար դառնա հերթական գործիքը հակառուսականության մասով իրենց պայքարի հարցում»,–ասաց նա։
ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ դիվանագիտության նոր դարաշրջան է բացվում։ Հիմնական թեզերը, օրակարգի կիզակետերը, որոնց շուրջ բանակցություններ են ծավալվելու գերտերությունների միջև, արդեն սկսում են ձևավորվել։ Մելիքյանը կանխատեսում է տնտեսական լծակների ավելացում, ինչը բավական հետաքրքիր դաշտ է ստեղծում տնտեսական դիվանագիտության համար։ Այսինքն՝ քաղաքական սակարկումներում մեծ դեր է ունենալու տնտեսական գործոնը։ Դիվանագետի կարծիքով` դա ներառում է էներգետիկան, կանոնավոր առևտուրը, տնտեսական այլ լծակներ և օգտակար հանածոներ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե կողմերը ինչ կդնեն բանակցությունների սեղանին։
Մելիքյանը չի կասկածում, որ գերտերությունների միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվելու, և աշխարհաքաղաքական այս գործընթացները տարբեր մայրցամաքներում բերելու են քաղաքական լուրջ վերափոխումների։ Միաժամանակ գոյատևելու են նրանք, ովքեր ուժեղ են, առաջարկելու բան ունեն, դիվանագիտական գործիքները ճիշտ և խելամիտ են օգտագործում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.