Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ԲԱՔՎՈՒՄ ԴԱՏՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, ԱՅԼ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բաքվում ապօրինաբար պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական գործիչների և մյուս հայերի հարցը պետք է բարձրացվի յուրաքանչյուր բանակցության ժամանակ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ ի տարբերություն ընդդիմության` ՀՀ իշխանությունները հստակ լծակներ ունեն, որպեսզի այդ հարցը լուծեն, բայց համապատասխան քայլեր չեն ձեռնարկում։
«Այդ մարդկանց ճակատագիրը պետք է յուրաքանչյուր հանդիպման ժամանակ լինի բանակցության սեղանի վրա, բայց չկա։ Այսօր ոչ միայն Ղարաբաղի ղեկավարներին են դատում, այլ Հայաստանի Հանրապետությունը»,– նշեց Քոչարյանը։
Այդ համատեքստում նա հիշեցրեց, որ Երևանը Հռոմի ստատուտին միանալիս պնդում էր, թե պատասխանատվության են ենթարկելու Իլհամ Ալիևին, սակայն ակնհայտ է` դրա իրական նպատակն էր ՌԴ նախագահի այցը Հայաստան խոչընդոտելը։
«Հիմա այնտեղ դատվում է Հայաստանը, ու իրենք ամեն ինչ անելու են, որ ցույց տան աշխարհին, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման որևէ իրավունք գոյություն չի ունեցել, իսկ հենց սկզբից Հայաստանն իբր ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ։ Սա պրոբլեմ է Հայաստանի համար»,– հայտարարեց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ինքն ակտիվ հեռախոսազրույցների ու քննարկումների մեջ է եղել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի և մյուսների հետ, տարբերակներ առաջարկել նրանց Արցախից հանելու, որովհետև Բաքվում ընթացող այս դատավարությունը կանխատեսելի էր։
«Իրենք այնտեղ չպետք է հայտնվեին, Հայաստանի Հանրապետությունն այդ վերջին օրերին պետք է ամեն ինչ աներ նրանց հանելու համար, եթե պետք էր՝ ուղղաթիռ ուղարկեին, պայմանավորվեին խաղաղապահ ուժերի հետ։ Ես փորձում էի այդ հարցն առանց այս իշխանությունների լուծել 24-ժամյա ռեժիմով»,- ասաց Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը մտահոգված է, որ ՀՀ իշխանությունները չեն գիտակցում խնդրի ողջ լրջությունը։ Միևնույն ժամանակ, Քոչարյանի համար անհասկանալի է մնում, թե ինչու Արցախից շատ բռնագաղթածներ չեն բարձրացնում գերիների հարցը։
«Նրանք բազմաթիվ խնդիրներ ունեն, իրավիճակը հասկանալի է, բայց իրենց ձայնը պետք է բարձր հնչի»,– նշեց քաղաքական գործիչը։
Ամենալավ տարբերակն այն է, որ Հայաստանը ներկայացված չլինի այս մարդկանցով, որոնք «փչացրել են ամեն ինչ»
Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ մոռանալ, այդպես միջազգային հարաբերություններ չեն լինում, բայց մի բան շեշտակի փոխվում է. վերջին տարիների ընթացքում կոմպլեմենտարության կորիդորը շատ նեղացել է, նշեց Ռոբերտ Քոչարյանը:
«Հիմա այդ կոմպլեմենտարության կորիդորը մի քիչ ընդլայնվելու է. իմ տպավորությամբ, մենք չպետք է սև ու սպիտակով նայենք այս պրոցեսին: Եթե Թրամփը հայտարարում է, որ սխալ էր Ռուսաստանի G8-ից հեռացնելը, ՌԴ-ն պետք է հետ գա միջազգային հարաբերությունների այդ մակարդակին, սա նշանակում է, որ ամբողջությամբ նոր հնարավորություններ են բացվում նաև Հայաստանի համար արտաքին քաղաքականությունը վարելու համար: Պարտադիր չէ թռնես Արևմուտքի կամ որևէ մեկի գրպանը, դու կարող ես որպես պորտնյոր ճիշտ քաղաքականություն վարելով ՌԴ-ի հետ չթշնամանալ Արևմուտքի հետ: Այդ պատուհանը բացվում է: Բայց ՀՀ այս վարչակազմը արդեն այդ մակարդակով ինքն իրեն թշնամացրել է Ռուսաստանի հետ, և ամեն ինչ արել է, որ այդ վերաբերմունքը տարածվի նաև ՌԴ-ի վրա որպես երկիր:
Ռուսաստանի ընկալումը Հայաստանում այսօր լավը չի, որովհետև մենք գործում էինք սխալներ և փորձում էինք դա գցել Ռուսաստանի վրա: Սա անհետք չի անցնելու»,- հայտարարեց Քոչարյանը:
Նրա խոսքով, ամենալավ տարբերակն այն է, որ հետագա տարբեր ֆորմատների մեջ Հայաստանը ներկայացված չլինի այս մարդկանցով, որոնք «փչացրել են ամեն ինչ»:
«Եթե այդպես լինի, նոր աշխարհակարգում Հայաստանը հնարավորություն չունենա ճիշտ դրսևորել ինքն իրեն»,-ասաց Քոչարյանը:
Արցախի հաձնումը Սամվել Շահրամանյանի վրա «բարդելը» անբարոյականություն է
Շահարկումները, թե Սամվել Շահրամանյանն է հանձնել Արցախը, անբարոյականություն են, - ասաց ՀՀ երկրորդ նախագահը, անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները մշտապես Արցախը հանձնելու մեղադրանքներին ի պատասխան շահարկում են բռնագաղթից ընդամենը մի քանի օր առաջ Արցախում տեղի ունեցած նախագահի փոփոխությունը և դա համարում հեղաշրջում։
Քոչարյանը շեշտեց, որ Արցախի շրջափակման ընթացքում ինքը մշտական կապի մեջ է եղել նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, խոսել են գրեթե ամեն օր, իսկ վերջին մեկ շաբաթը` նույնիսկ օրական մի քանի անգամ։
Ընդգծեց` Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի հարցը սկսել է քննարկել Արցախի անկումից մոտ 3 ամիս առաջվանից, իսկ վերջին շաբաթն արդեն 3-րդ փորձն էր, ու այս անգամ` վերջնական։ Հարությունյանն իր հրաժարականը հիմնավորել է այն հանգամանքով, որ այլևս ազդեցություն չունի, իր խոսքը տեղ չի հասնում և խնդիր կա։ Բակո Սահակյանը մի քանի անգամ համոզել է, որպեսզի նման քայլի չդիմի, բայց ապարդյուն։
«Վերջին անգամ ուղղակի ասել է, որ հրաժարական է տալու, ու դա չի քննարկվում։ Ուղղակի խնդրել է ճիշտ կողմնորոշվել, որպեսզի հասկանան, թե ով կարող է իշխանություն ստանձնել։ Ինքն անձամբ առնվազն 3 հոգու հետ խոսել է այդ թեմայով ու Սամվել Շահրամանյանը միակը չէր։ Չեմ ուզում հիմա անուններ տալ։ Արայիկ Հարությունյանն այդ մասին ասել է նաև Նիկոլ Փաշինյանին, ու նրա հետ բազմաթիվ հեռախոսազրույցներ են եղել։ Ինքը շատ լավ գիտեր, թե ինչ է կատարվում Ղարաբաղում։ Ի՞նչ հեղաշրջում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այսօր շահարկել այդ ամեն ինչը, անբարոյականություն է»,– ասաց Քոչարյանը։
Քոչարյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ իրեն պարբերաբար հարցրել են, թե ինչու է շնորհավորել Շահրամանյանին։ Ընդգծեց` ինքն առհասարակ մինչ այդ պահը չի ճանաչել վերջինին ու իրեն ուղղակի խնդրել են շնորհավորել, քանի որ հնարավոր է` այդ քայլն օգնի, որպեսզի Շահրամանյանը նախագահի պարտականություններն ավելի վստահ կատարի։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը անհրաժեշտ է պահպանել
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը անհրաժեշտ է պահպանել, - ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ակտիվ փոփոխվող աշխարհում ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ կլինի, պարզ է միայն մոտավոր ուղղությունը՝ քիչ թե շատ։ «Այս ընթացքում քայլեր անելը, որոնք անդառնալիորեն կփոխեն բանակցային գործընթացը, հիմարություն է։ Պետք է ամեն գնով պահպանել ՄԽ ձևաչափը։
Ղարաբաղ հայերի վերադարձի միակ տարբերակը նոյեմբերի 9-ի հայտարարությունից օգտվելն է
Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի միակ տեսանելի տարբերակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը կառչելն է, - հայտնեց ՀՀ երկրորդ նախագահը։
Նրա խոսքով, եթե Ադրբեջանը խոսում է ճանապարհի մասին, ապա Հայաստանը կարող է ասել, որ սա այս հայտարարության կետերից միայն մեկն է, Երևանը պետք է հայտարարի, որ եթե Ադրբեջանը պատրաստ է լիարժեք վերադառնալ այս հայտարարությանը, ապա այդ հարցը կարող է քննարկվել։
Նա պարզաբանել է, որ սա միակ ուղին է` Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի թեման բանակցային գործընթաց նորից մտցնելու համար: «Նման հնարավորություն կա, թեև հավանականությունը չափազանց փոքր է, բայց այս փոքր հնարավորությունն էլ պետք է օգտագործել»,- նշել է Քոչարյանը։ Բայց նույնիսկ դա չի արվում այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները, նրա կարծիքով, չեն ցանկանում, որ հայերը վերադառնան Լեռնային Ղարաբաղ, քանի որ դա կարող է բարդացնել նրանց կյանքը, քանի որ կարող են պահանջներ առաջանալ՝ կապված որոշակի հարցերի շուրջ որոշակի գործողություններ ձեռնարկելու հետ։
Երկրորդ նախագահը չի բացառել, որ Հայաստանի իշխանությունների համար ամենաշահավետ տարբերակն այն է, որ ղարաբաղցիները չմնան Հայաստանում՝ «Չկա ժողովուրդ, չկա խնդիր» սկզբունքով։ Նա բացատրել է, որ առանց միջազգային երաշխիքների հայերը չեն վերադառնա Լեռնային Ղարաբաղ։ Այդ վերադարձը ներառում է երաշխիքների փաթեթ, որը բանակցային գործընթացի խնդիր է։ «Այս հարցի նույնիսկ քննարկումից հրաժարվելը նշանակում է Ադրբեջանի վրա հնարավոր լծակներից կամավոր հրաժարում։ Նրանք էթնիկ զտումներ են իրականացրել, և դա իրենց համար լավ թեմա չէ»,- ընդգծել է նախկին նախագահը։
Նա վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցի քննարկումը նշանակում է բանակցային գործընթաց մտցնել էթնիկ զտումների փաստը։ «Հնարավոր չէ՞ր Կիրանցում կատարվածի դիմաց կանխել Բաքվում գերեվարված հայերի դատավարությունը։ Ես միանշանակ ասում եմ, որ Հայաստանի իշխանությունները չեն էլ փորձել դա անել»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը։
Իրանի դիրքորոշման շնորհիվ է, որ մինչ այժմ Սյունիքում ավելի մեծ խնդիրներ չեն եղել
Իրանի դիրքորոշման շնորհիվ էր, որ մինչ այժմ Սյունիքում ավելի մեծ խնդիրներ չեն եղել, բայց այս իրավիճակը կարող է փոխվել, - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝պատասխանելով հարցին, թե կարող է այնպես ստացվել, որ տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության դեմ Թեհրանը փոխի իր դիրքորոշումը։
«Հենց Սյունիքում Իրանի դիրքորոշման շնորհիվ մենք ավելի մեծ խնդիրներ չունեցանք։ Եթե սա չլիներ, այլբան չէր խանգարի Ալիևին։ Իսկ Հայաստանի իշխանությունները կասեին. «Մենք այդ սարերի կամ այլ բանի համար չենք պայքարելու»։ Պատերազմի վախն իրականում մեծ է։ Կարո՞ղ է այսվերաբերմունքը փոխվել: Այո, դա կարող է»,- ասել է երկրորդ նախագահը։
Փորձում էի դուրս բերել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը
Հայաստանի երկրորդ նախագահ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը բարձրացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի և հանրապետության ղեկավարների գերեվարման վերջին ժամերի վարագույրը։
«Ես օրը 10 անգամ շփվում էի Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ։ Փորձեցի տարբերակներ գտնել նրանց հանելու համար։ Ես հիմա շատ բան չեմ կարող խոսել: Որովհետև հարցեր են առաջանալու՝ ինչպես և ինչ ձևով։ Դատավարության այս ամոթալի պատկերը (Բաքվում) կանգնել է իմ աչքերի առաջ։ ՀՀ-ն ամեն ինչ պետք է աներ նրանց դուրս հանելու համար։ Ուղարկեիքք ուղղաթիռ, բանակցեիք խաղաղապահների հետ։ Ես փորձեցի այս հարցը լուծել առանց իշխանությունների (Հայաստանի) մասնակցության։ Աշխատեիք օրը 24 ժամ, այլ ոչ թե միտինգների գնայիք։ Երևի մի օր երկրորդ գիրքը գրեմ և մանրամասնեմ»,- նշել է Քոչարյանը։
Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն միավորվում
ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները խնդիրներ չունեն, բայց չմիավորվելու պատճառն այն է, որ այդ միավորումն արդյունավետ չի լինելու, - ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Իմ համակիրների շարքում կան մարդիկ, որոնք չեն ընդունում ՀՀ երրորդ նախագահին, երրորդ նախագահի համակիրների և կուսակիցների մեջ նույնպես կան մարդիկ, որոնք ինձ չեն ընդունում։ Մտածել, թե կարող ենք բոլորին վերահսկել՝ ով ինչ գրի, չգրի․․․ չի լինի այդպես»,- նշեց Քոչարյանը։
Ուժերը միացնելը, ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով, երբեք ինքնանպատակ չի լինում։ Ուժերը միավորելու նպատակը պետք է լինի սիներգիայի էֆեկտ ստանալը։
«Օրինակ` 5+5-ը դառնում է 12, 11, 14։ Եթե 5+5-ը դառնում է 7, ուժերը չեն միացվում։ Մեզ մոտ պատկերն այնպիսին է, որ այդ սիներգիան չի աշխատում»,- կարծում է Քոչարյանը։
Նա մանրամասնեց, որ միավորվելու արդյունքը լինելու էր այն, որ օրինակ՝ իր համակիրների մի մասը, որոնք չեն համակրում ՀՀ երրորդ նախագահին, պասիվանալու էին, հեռանալու էին, նույն պատկերն էլ, վստահ է, երրորդ նախագահի թիմում էր լինելու։
Ինչ վերաբերում է այն զրույցներին, թե նույնիսկ Ամենայն հայոց կաթողիոս Գարեգին Բ–ն է փորձել նրանց միավորել, սակայն չի հաջողվել, Քոչարյանն ասաց՝ նման բան չի եղել։
«Վեհափառը երբեք չի էլ փորձել, որովհետև Ձեր պես (լրագրողին նկատի ունի,– խմբ․) չի մտածում, որ մենք ունենք հարաբերություններում անհաղթահարելի պրոբլեմներ, և միջնորդել է պետք այդ պրոբլեմները կարգավորելու հարցում»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նշենք, որ երեք տարի առաջ նույն օրը Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Սարգսյանի հետ հաճախ չի շփվում, և «ինչ-որ ակտիվ, հատուկ շփումներ չկան»։ Նախկին նախագահները զանգահարում են իրար, եթե ընթացքում հարցեր են առաջանում։
Քոչարյանը վստահեցրեց, որ այդ առումով ոչինչ չի փոխվել։
ՀՀ իշխանությունները ձախողել են ՀԱՊԿ երկրների հետ աշխատանքը
ՀՀ իշխանությունները ձախողել են ՀԱՊԿ գործընկերների հետ աշխատանքը, կազմակերպության անդամ պետություններից որևէ մեկի ղեկավարի հետ էլ ընկերական, անձնական հարաբերություններ չունեն, - ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նրա խոսքով` Ադրբեջանը ե՛վ անձնական, ե՛վ միջպետական հարաբերություններ է զարգացրել ՀԱՊԿ անդամ երկրների հետ առանձին-առանձին, և, բացառությամբ Ռուսաստանի, այդ երկրներից յուրաքանչյուրը Բաքվի հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քան Երևանի հետ: Բայց միշտ չէ, որ այդպես է եղել։ ՀՀ երկրորդ նախագահը հիշեց, որ իր նախագահության օրոք հայ–բելառուսական հարաբերությունները բավականին կառուցողական են եղել, Մինսկը միջազգային հարթակներում երբեք չի գործել ի վնաս Երևանի դիրքորոշման։
«Ինձ համար Բելառուսի հետ եղած այսօրվա հարաբերությունները հասկանալի չեն։ Չափազանց կարևոր ենառաջնորդների անձնական հարաբերությունները։ Այսօր ո՞ր երկրի ղեկավարի հետ վարչապետն ունի ընկերական հարաբերություններ։ Եթե Մակրոնի մասին խոսենք, ապա այո, նա սիրուն հայտարարություններ է անում, բայց Ֆրանսիան տարածաշրջանում կենսական շահեր չունի։ Ֆրանսիան այն երկիրն է, որի հետ ես լուրջ դերակատարություն եմ ունեցել հայ–ֆրանսիական հարաբերություններ կառուցելիս։ Ժակ Շիրակի հետ շատ լավ հարաբերություններ ունեի»,– նշեց նա։
Քոչարյանի խոսքով` ֆրանսիացիները լավագույն դեպքում մի քանի զրահամեքենա կտան, որոնք առավելագույնը ինկասացիայի համար օգտագործվեն, քան ռազմական գործողությունների ժամանակ։ Վստահ է` չի կարելի նման հայտարարությունների հետ հույսեր կապել ու համարել, որ անվտանգային տեսանկյունից այդ ամենը լուրջ է։
ԶԼՄ-ների նյութերով
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 14:07
В Армении официально открыт армяно-американский металлургический завод GTB Steel, ранее перенесенный из Ерасха в Арарат.
-
2025-03-15 13:58
В Первопрестольном Святом Эчмиадзине состоялось заседание Высшего духовного совета под председательством Верховного Патриарха, Католикоса всех армян Гарегина II.
-
2025-03-15 13:55
Армянский национальный комитет Америки (ANCA) призвал обеспечить реальный мир на фоне сообщений о навязывании Армении одностороннего "соглашения" с Азербайджаном.
-
2025-03-15 12:36
В тюрьме в армянском городе Армавир пятеро осужденных начали бессрочную голодовку. Как заявила в беседе со Sputnik Армения начальник управления по связям с общественностью Уголовно-исполнительной службы Минюста Армении Нона Навикян, голодовку они начали 13 марта.