Последние новости

«ԹԱՎՇՅԱ ԹԱԹԻԿՆԵՐԸ»՝ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՐՊԱՆՆԵՐՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՇԵՄԻՆ

Հետաքրքիր է, այնուամենայնիվ, տեսնել, թե ինչպես կարելի է ինքնամոռաց, մեծ խանդավառությամբ համոզել մարդկանց խելահեղ մի անհեթեթության մեջ՝ դա անելով ապշահար անելու չափ ապաշնորհությամբ:

Օրինակ` Հայաստանի իշխանություններն արդեն գրեթե մեկ ամիս ու ամեն օր մարդկանց համոզում են, որ աշխատող ֆիզիկական անձանց համար եկամուտների պարտադիր հայտարարագրումը քաղաքացիների համար ոչ մի լրացուցիչ հարկային բեռ չի հարուցում, քանի որ դա ընդամենը երկրում դրամական հոսքերը պարզելու ձևական ընթացակարգ է։

Անշուշտ, իշխանությունը ստում է, ընդ որում՝ այնքան պարզունակ, որ ընդամենը մի քանի հարց բարձրացնելով՝ կարելի է անմիջապես բացահայտել այդ գործընթացի բացահայտ մանիպուլյատիվ բաղադրիչը։

Ահա' մի քանի օրինակ:

1. Ինչո՞ւ պետությունը պիտի տեղյակ լինի քաղաքացիների այն դրամական միջոցների մասին, որոնք չեն հարկվում: Ինչո՞ւ «թավշյա թաթիկներով» մտնել քաղաքացիների գրպանը, չէ՞ որ ֆիսկալ ծառայությունները, միևնույնն է, (փաշինյանական իշխանության խոսքերից ելնելով) չեն հարկելու քաղաքացիների «ազնիվ» փողերը (օրինակ՝ արտասահմանի հարազատներից փոխանցումները)։

Պատասխանը մեկն է` որպեսզի հետո, երբ կրքերը հանդարտվեն, գան նույն քաղաքացիների մոտ և ասեն՝ «կներեք, բայց մենք մտափոխվել ենք՝ այնուամենայնիվ, արտասահմանում աշխատող ձեր եղբայրների, հայրերի, ամուսինների ուղարկած գումարները պետք է հարկենք»։

Եթե դա այդպես չէ, ապա «ամենաժողովրդական» հայաստանյան իշխանությունը պետք է հայտարարեր, որ էսպես ու էնպես, տղերք, մենք ձեր փողերին ձեռք չենք տա։

Նման հայտարարություններ չենք լսել և դժվար թե լսենք։ Իսկ դա նշանակում է, որ այս ամենի հետևում սովորական «քցոցի» է։

2. Իշխանությունը պնդում է, որ եկամուտների հայտարարագրումից հետո պետությունը պարտավորվում է քաղաքացիներին վերադարձնել ուսման կամ բուժման համար ծախսված գումարների մի մասը (անգամ ատամնաբուժության ծախսերի 50.000 դրամի չափով փոխհատուցումն են ուրախությամբ «կպցրել» դրան)։

Մեղքս ինչ թաքցնեմ, քիչ էր մնում հուզմունքից լացեի, բայց իշխանությունների երևակայական ազնվությամբ հիանալուն ինձ խանգարում են նրանց՝ ոչ վաղ անցյալի տրամաբանությունն ու գործողությունները։

Եվ այսպես.

Համարձակվում եմ ենթադրել, որ, նախ, ոչ մի գումար զանգվածաբար չեն վերադարձնի, այլ կդնեն այնպիսի պայմաններ, որ քաղաքացիների համար գրեթե անհնար կլինի բերել/լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը կամ համապատասխանել պետության սահմանած գումարի վերադարձի չափանիշներին (օրինակներ՝ ինչքան ուզեք, թե ինչպես են թավշյա իշխանությունները «քցում» բնակչությանը՝ իբր սոցիալական քաղաքականություն վարելով, բայց իրականում պայմաններ ստեղծելով սոցիալական արտոնություններից կամ օգնության փաթեթներից օգտվելն անհնար դարձնելու համար)։ Իսկ եթե նույնիսկ ինչ-որ գումար վերադարձնեն, որը պաթոսախառը կոչում են «սոցիալական վերադարձ»՝ այնուհետև սովորական քաղաքացիների հաշիվներում չհաշվառված գումարների հարկման ճանապարհով ավելցուկով հետ կբերեն նախկինում վճարված «սոցիալական փողերը»։

Բայց, նույնիսկ վերադարձվող սոցիալական գումարներում կա անհամապատասխանություն նրանց համար, ովքեր, այնուամենայնիվ, կարող են «սոցիալականի» վերադարձի համար հավաքել մի ճամպրուկ տեղեկանք։ Իսկ ինչո՞ւ չի կարելի այդ գումարը վերադարձնել բնակչությանը, եթե քաղաքացիները ներկայացնեն հատուկ տեղեկանքներ կամ կտրոններ, բայց առանց հայտարարագիրը լրացնելու։

Ո՞րն է խնդիրը։

Ի վերջո, եթե խոսքը սոցիալական վճարների փոխհատուցման բարի գործի մասին է, ապա, հավանաբար, ավելի հարմար է մարդկանց գումարները վերադարձնել վճարումների փաստի հիման վրա: Պարզապես հարկ է առանց հույզերի տրամաբանել՝ ինչո՞ւ սոցիալական ծախսերը վերադարձնելու համար լրացնել հայտարարագիր, երբ, օրինակ, կարելի է վերցնել բանկային քաղվածք և դիմել փոխհատուցման համար:

Ինչո՞ւ են հարկային և հարկաբյուջետային մարմիններն ընդհանրապես տեղյակ միջին քաղաքացու դրամական շրջանառության մասին: Որտե՞ղ է այդտեղ թակարդը:

Արդյունքում, մենք ստանում ենք մի իրավիճակ, երբ իշխանությունը «երդվում է մորով»՝ բայց ոչ մի կերպ չկարողանալով երաշխավորել, որ այն չի դառնա խաբեություն եկամուտների հարկման հովանու ներքո գտնվող քաղաքացիներից և հարկային ծառայությունների վերահսկողությունը չանցած գումարը խլելու նպատակով։

3. Ամենակարևորը. իսկ, ընդհանրապես, ինչո՞ւ փաշինյանական իշխանությունները պետք է իմանան, թե որքան գումար ունեն քաղաքացիները։ Ինչո՞ւ։

Եթե դա արվում է կոռուպցիայի և մութ սխեմաների դեմ պայքարելու համար, ապա խնդրեմ, իշխանություններն ունեն բազում գործիքներ և ռեսուրսներ, թե ինչպես կարելի է առանց որևէ հայտարարագրի՝ 5 րոպեում ստուգել պաշտոնյաների կամ անմաքուր գործարարների բարեկամներին ու ընկերներին։

Եվ, ի վերջո, ի՞նչ կոռուպցիայի մեջ կարող է թաթախված լինել Հայաստանի աշխատող միջին վիճակագրական քաղաքացին։

Ո'չ մի, այսինքն՝ այստեղ հարցը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն է, այլ ազնիվ քաղաքացիների գրպանների հաշվին Հայաստանի բյուջեն համալրելու նոր աղբյուրներ գտնելը։

Ու նորից գալիս ենք նրան, որ ներկայիս իշխանությունն, ըստ էության, ձգտում է մտնել սովորական քաղաքացիների գրպանը՝ այնտեղից հերթական փողերը հանելու միակ նպատակով։

Իհարկե, իշխանությունը հակառակն է պնդելու, քանի որ իրականության ժխտումը նրա ամենահիմնական, ես կասեի՝ հայեցակարգային ոճն է։

Դատեք ինքներդ: Հայաստանի ներկայիս իշխանությունները վերջին 6 տարիներին մշտապես փոխել են երկրի զարգացման վերաբերյալ իրենց դոկտրինը։ Հասարակ մարդիկ արդեն պարզապես չեն կարողանում հասկանալ, թե ո'րն է ճշմարտությունը և ո'րը՝ սուտը։ Հասարակական նմանօրինակ տրամադրությունները լավ երևում են վերջին սոցհարցումներում։

Իսկ հիմա՝ հարց. այս իշխանությունների՝ մոտ յոթնամյա ներքաղաքական տատանումներից հետո ո՞ր նորմալ մարդը կհավատա նրանց։ Պատասխանը պարզ է...

Արման ԱԲՈՎՅԱՆ, Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ