Последние новости

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԴԱՌՆԱԼ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԶՈՀ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հիմնական եզրակացությունները Քոչարյանի ասուլիսից

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողների հետ ավելի քան չորս ժամ տևած ասուլիսի շրջանակներում Քոչարյանն անդրադարձել է թեմաների լայն շրջանակի՝ սկսած պարզեցված հարկի համակարգից (որը ներդրվել է իր նախագահության օրոք) մինչև Արցախի հետ տեղի ունեցածի գնահատական և աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություն։ Քոչարյանն ընդգծել է՝ ներկայիս գործընթացները կարող են վկայել, որ առաջիկա 20-30 տարիներին աշխարհը կզարգանա հետլիբերալ շրջանի պայմաններում, ինչն, ըստ Քոչարյանի, դրական է։

Առաջիկայում մենք դեռ կունենանք առիթներ վերլուծելու Քոչարյանի մամուլի ասուլիսի հատվածներն առանձին-առանձին, սակայն, կանգ առնելով փոփոխվող աշխարհի մասին վերջին թեզի վրա ՝ պետք է ասել, որ Քոչարյանի այսօրվա հայտարարությունների հիմնական հետևություններից մեկն այն է, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նման «շքեղություն» և դառնալ նոր աշխարհակարգի զոհը։

Բայց ի՞նչ է պետք Հայաստանին, որպեսզի չմնա «նոր աշխարհակարգի փլատակների տակ»։ Քոչարյանն այս հարցին ևս տվեց պատասխան՝ Հայաստանը Սփյուռքով և առանց Սփյուռքի՝ դա երկու տարբեր Հայաստաններ են, Իրան հետ հարաբերությունների խորացում, ռազմավարական գործընկերության վերականգնում Ռուսաստանի հետ, և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա հայերի վերադարձի ապահովում Արցախ։

Եվ այնուամենայնիվ, անպատասխան է մնում հարցը, թե մեզ ինչ աշխարհակարգ է սպասվում։ Ի՞նչ է մեզ սպասում մի իրավիճակում, երբ նեոլիբերալ աշխարհը և նրա տիրապետության հաստատման գործիքները մեռած են։

Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է մի քանի տարի հետ գնանք։ 2021 թվականի դեկտեմբերին Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին վերջնագիր ներկայացրեց՝ պահանջելով անվտանգության երաշխիքներ։ Մոսկվան պահանջում էր, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն երաշխավորեն, որ Ուկրաինան և Վրաստանը չեն անդամակցի Դաշինքին և հրաժարվեն որևէ ռազմական գործունեություն ծավալելուց Ուկրաինայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածքում։

Մոսկվայի պահանջների իրականացումը կհանգեցներ եվրոպական անվտանգության ամբողջ ճարտարապետության վերանայմանը, որն ուղղված էր Ռուսաստանի զսպմանը։ Այսպիսով, աշխարհը պաշտոնապես դառնալու էր բազմաբևեռ, որտեղ Ռուսաստանին կհասներ իր լեգիտիմ ռազմավարական հետաքրքրությունների գոտին, իր հստակ սահմանները։ Եվ ահա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ բազմաբևեռությունն՝ այսօր արդեն իրականություն է։ Ավելին, «Financial Times»-ը և «Bloomberg»-ը հղում անելով անանուն պաշտոնյաներին, արդեն գրել են, որ ԱՄՆ-ը կարող է դուրս բերել իր զորքերը բալթյան երկրներից՝ Ռուսաստանի հետ բանակցությունների ֆոնին։ Ավելին, նշվում է, որ եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի դուրս բերել ամերիկյան զորքերը ոչ միայն Բալթյան երկրներից, այլ հնարավոր է ավելի դեպի արևմուտք գնա…։

Բացի այդ, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս չի կարող զբաղվել Եվրոպայի անվտանգության ապահովմամբ և մտադիր է անցնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի զսպմանը։

Իսկ ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը քննադատել է եվրոպական պետությունների քաղաքականությունը ներգաղթի, խոսքի ազատության և անվտանգության ոլորտներում՝ փաստորեն մեղադրելով ԵՄ-ին, որ եվրոպացիներն ամերիկացիների հաշվին կառուցել են մի բան, որը նույնիսկ արժեհամակարգի բաղադրիչում հակասում է հենց Եվրոպայի հայտարարված իդեալներին։
Աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ, և այս ամենը չհասկանալու դեպքում ղեկավարները վտանգավոր են իրենց երկրների համար։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ