Последние новости

Սուրճի շուրջ խոսելը բավարար չէ, բայց արդյունք կա. Պուտինը` Էր Ռիադի հանդիպման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ բանակցությունները, ինչի մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում:

 

«Արդյունք կա։ ԱՄՆ-ի կողմից եղել են բոլորովին այլ մարդիկ, որոնք բաց են անկողմնակալ բանակցությունների համար։ Մենք պայմանավորվել ենք նորմալ ռեժիմով վերսկսել դիվանագիտական գերատեսչությունների աշխատանքը», - նշել է ՌԴ նախագահը։

Նախօրեին Սաուդյան Արաբիայում կայացել են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վերջին մի քանի տարիների ընթացքում բարձր մակարդակի առաջին բանակցությունները: Ռուսական կողմից դրանց մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկյան կողմը ներկայացնում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

Միևնույն ժամանակ, Պուտինի խոսքով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսօր այնպիսին են, որ մեկ բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ: Այնուամենայնիվ, Վաշինգտոնի հետ ամենատարբեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի, ուկրաինական ճգնաժամի ուղղություններով աշխատանքը վերսկսելու համար Մոսկվան արեց առաջին քայլը։ Դրա համար կարևոր պայման է վստահության մակարդակի բարձրացումը։

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն աշխատում են նաև տնտեսության, էներգետիկ շուկաների, տիեզերքի և այլ ոլորտներում։

Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքներից մեկը դիվանագիտական ներկայացուցչությունների բնականոն աշխատանքը վերականգնելու որոշումն էր: Պուտինը կարծում է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիվանագետների արտաքսումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների հնարավորությանը՝ Պուտինը նշել է, որ հաճույքով կհանդիպի Թրամփի հետ, սակայն հանդիպումը պետք է նախապատրաստվի:

ՌԴ նախագահը նաև քննադատել է եվրոպացի առաջնորդներին՝ ասելով, որ նրանք ուղղակիորեն միջամտել են ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավին՝ բանը հասցնելով նույնիսկ վիրավորանքների։ Ի տարբերություն նրանց՝ Ռուսաստանը երբեք չի միջամտել Եվրոպայի և ԱՄՆ-ի գործերին։

Ռուսաստանի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը բանակցությունների հարթակ տրամադրելու համար:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ