Последние новости

Դեռ չեմ հավատում` ինչ է կատարվում. բլոգեր Բելլա Բաբախանյանն արդեն Երևանում է

Բելառուսում գործող և ադրբեջանցիների կողմից սոցցանցերում հալածվող բլոգեր Բելլա Բաբախանյանն արդեն Հայաստանում է։

Նշենք, որ Բելառուսում բնակվող Բելլա Բաբախանյանը սոցցանցերում պաշտպանում է հայկական շահերը, համարձակ քննարկումներ ունենում ադրբեջանցիների հետ։ Սոցցանցերում նա հանդես է գալիս «Բելլայի մոտ» կեղծանվամբ։ Փետրվարի կեսերին նա հայտնել էր, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն, և որ Բելառուսում ամեն բան ադրբեջանցիները գնել են։ Նա նաև ասել էր, որ իրեն շուտով ձերբակալելու են ու հանձնեն Ադրբեջանին։ Փետրվարի 14-ին արդեն լուրեր տարածվեցին, որ Բաքվի հայցի հիման վրա բլոգերը ձերբակալվել է, բայց պաշտոնապես այդ լուրը չէր հաստատվել։

Հավելենք նաև, որ փետրվարի 23-ին գործարար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ Ծառուկյանն օգտագործել է իր կապերը, որպեսզի Բելլա Բաբախանյանին իրավական և այլ աջակցություն ցուցաբերվի։

«Զվարթնոց» օդանավակայանում նրա հետ է եղել նաև Գագիկ Ծառուկյանը։ Բլոգերին դիմավորեց Իվետա Տոնոյանը։

«Դեռ ուշքի չեմ եկել, չեմ հավատում` ինչ է կատարվում։ Ասում էի` մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա, որ այստեղ եմ, սա ոնց որ հեքիաթ ու հրաշք լիներ։ Այն, ինչ ես այս ընթացքում եմ ապրել ու թե ինչպես 2 օրում ամեն ինչ փոխվեց` հրաշք էր։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,– օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց բլոգերը։

Անդրադառնալով Բելառուսից Ադրբեջանին հանձնելու մասին լուրերին` Բելլան ընդգծեց` ինքը դրանում վստահ էր, քանի որ շուրջ 2 տարի բելառուսցիներն իր դեմ բողոքներ են ներկայացրել։

Ընդգծում է, որ այնուամենայնիվ սկզբում չի պատկերացրել, որ ամեն ինչ կարող է այս մակարդակի հասնել։

«Պարոն Ծառուկյանի գալը հրաշքի էր նման։ Ինձ այդ օրն ինչ–որ «կաբինետ» տարան, հյուրասիրություն էր դրված, բայց ես ոչնչի ձեռք չտվեցի, չգիտեի` ինչ սպասել, վախենում էի, մտածում էի` հիմա ինչ–որ բան կխմացնեն ինձ։ Այդ ժամանակ դուռը բացվեց ու ներս մտավ Ծառուկյանը։ Ես նստել էի ու աչքերիս չէի հավատում»,– նշեց բլոգերը։

Նա ասաց, որ ուղիղ 14 օր կալանավորված է եղել ու դաժան պայմաններում, որ նույնիսկ հիշել չի ցանկանում։ Վստահեցրեց` շարունակելու է բլոգերի իր գործունեությունը նույն ֆորմատով, քանի որ այնուամենայնիվ իրեն ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել` նույնիսկ մահվան շեմին կանգնած լինելու պարագայում։

Բելլան շեշտեց, որ ինքը հայրենասիրությունը վեր է դասում ամեն ինչից, որքան էլ Բաքուն դեմ լինի այդ ամենին։

«Ես մի տեսանյութ էի արել Անդրանիկ զորավարի գերեզմանի մոտ, որտեղ ասում եմ` «Անդրանիկ, ժամանակին պետք է բոլորին ոչնչացրած լինեիր, որ այսօր այսպես չլիներ»։ Նկատի ունեի Եռաբլուրը։ Այդ ու «Յութուբում» տեղադրվող մյուս վիդեոներն իրենց (ադրբեջանցիներին,–խմբ.) շատ են ցավեցրել»,– ասաց Բելլան։

Չնայած նրան, որ 27 տարի ապրել է Բելառուսում, որևէ կոնֆլիկտ էլ չի ունեցել, այժմ Բելլան ուզում է մնալ Հայաստանում, որովհետև այլ երկիր գնալն իր համար կարող է մի փոքր վտանգավոր լինել` ելնելով իր գործունեությունից։

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների` Բելլային մեղադրում են Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ազգային, կրոնական թշնամանքի հրահրում, պատերազմի քարոզչություն, զրպարտություն, նույնիսկ սպանության սպառնալիք։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ