Последние новости

Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ում իր օգտին կայացված վճռից. նա բացատրել է պատճառը

Հասարակական գործիչ, 2015 թվականին ՀՀ–ում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ցույցերի ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը, ում իրավունքները խախտվել էին, հրաժարվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր հաղթանակից։ Այս մասին նա հայտնել է հաղորդագրություն տարածելով։

Նշենք` փետրվարի 13-ին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) անօրինական է ճանաչել 2015 թվականին «Էլեկտրիկ Երևան» շարժման բողոքի ակցիայի ցրումը և հասարակական գործիչ, ակտիվիստ Հովհաննես Իշխանյանի կալանավորումը։

Ըստ որոշման, Հայաստանը Հովհաննես Իշխանյանին պետք է վճարի 4600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և ևս 1500 եվրո էլ որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Նա բացատրել է, թե ինչու է նման քայլի դիմում` անդրադառնալով ՀՀ–ում դատական համակարգին։ Իշխանյանն իր մերժումը բացատրել է Հայաստանի գործող իշխանությունների հակաժողովրդավարական քայլերով և միջազգային հանրության, այդ թվում` եվրոպական կառույցների լռությամբ։

Նա հիշեցրել է դատական համակարգի վրա հարձակումները, ինչպես նաև քաղաքացիների, դատավորների իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր, որոնք սկսվել են ներկայիս թիմի իշխանության գալուց հետո։ «Նրանց առաջին խոշոր գործողությունը դատական իշխանության անկախության համակարգային քայքայումն էր»,– նշել է Իշխանյանը։

Հասարակական գործիչը նույնիսկ օրինակներ է բերել` դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետպանդումները, դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ հետապնդումներն ու կեղծ գրագողության մեղադրանքները, ՍԴ այն ժամանակվա նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների դեմ հորինված մեղադրանքները։

«Այսօր էլ քաղաքական, հասարակական գործիչները, քաղաքապետերը, համայնքների ղեկավարները, իրավապաշտպանները և ակտիվիստները ենթարկվում են հետապնդումների, բանտարկության և խոշտանգումների: Ժողովրդավար երկիրը՝ Արցախի հանրապետությունը, ջնջվեց երկիր մոլորակի երեսից, և շուրջ 150,000 մարդ կորցրեց քաղաքացու իր իրավունքները: Կարող եք հարցնել, թե ինչ կապ ունի սա Եվրոպական դատարանի հետ: Կապը մտահոգիչ է. մինչ այս իրադարձությունները տեղի էին ունենում, եվրոպական հանրությունը ոչ միայն չդատապարտեց Հայաստանի անցումը դեպի ավտորիտարիզմ, այլ նույնիսկ գովաբանեց նրա իբր ժողովրդավարական առաջընթացը»,– գրել է Իշխանյանը։

Հովհաննես Իշխանյանը հիշեցրել է նաև, որ ԵԽԽՎ-ն 2025թ. հունվարին Վահե Գրիգորյանին նշանակեց ՄԻԵԴ-ի դատավոր՝ այն անձին, ով «մասնակցել է Հայաստանում դատարանների անկախության քայքայմանը և ներգրավված է եղել շինծու քրեական գործեր սարքելուն», ինչպես բացահայտվել է արտահոսած ձայնագրություններում:

«Այժմ Արցախի ժողովրդավար առաջնորդների՝ երեք նախկին նախագահների, Ազգային ժողովի նախագահի, նախկին պետ նախարարի, արտաքին գործերի նախկին նախարարի, պաշտպանության նախկին նախարարի դեմ ցուցադրական, կեղծ դատավարություններ են անում Բաքվում: Սա է պատճառը, որ ես չեմ կարող ընդունել ՄԻԵԴ-ի իմ օգտին որոշումը»,– գրել է ակտիվիստը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ