Последние новости

Թրամփ․ Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ իրեն կհաջողվի Ռուսաստանի հետ գործարք կնքել և ավարտին հասցնել ուկրաինական հակամարտությունը: Նա այդ մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանելով շատ խելացի քաղաքական գործիչ։

Թրամփը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման համար Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի զիջումների գնալ: Նա հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցն այս պահին դրված չէ, քանի որ նախ պետք է ավարտին հասցնել ուկրաինական հակամարտությունը:

ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է` դեմ է, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ–ի անդամ։ Նա ընդգծել է՝ Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի մասին:

«Հենց դրա պատճառով էլ սկսվել է հակամարտությունը»,– հավելել Է Թրամփը։

Նա նաև հայտնել է, որ ամեն ինչ արդեն համաձայնեցված է հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ մեծ գործարքի շրջանակում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել էր, որ Զելենսկին փետրվարի 28-ին կժամանի Վաշինգտոն՝ հանածոների մասին համաձայնագիր ստորագրելու համար: Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կվերադարձնի այն գումարները, որոնք տրամադրել է Ուկրաինային։

«Այս գործարքը մեզ մեծ հարստություն կբերի։ Մենք կվերադարձնենք արդեն ծախսած 350 մլրդ դոլարը և ավելի շատ կվաստակենք։ Ես այլևս չեմ ցանկանում գումար ծախսել Ուկրաինայի վրա», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև ԵՄ ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ որոշմանը։ Նա նշել է, որ դրանք 25 տոկոս կկազմեն ավտոմեքենաների և «այլ բաների» համար։ Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն ստեղծվել է ԱՄՆ-ին թալանելու համար։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ