Последние новости

Ռուս-հայկական համալսարանի մասին համաձայնագրի վավերացումը հավանության արժանացավ

Հայաստանի և Ռուսաստանի կառավարության միջև Հայաստանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրի վավերացումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ. դեկտեմբերի 20–ին Մոսկվայում:

«Լավագույն փորձի ներդրման, ինչպես նաև արդյունավետ ազգամիջյան երկխոսության և փոխգործակցության զարգացման նպատակով համաձայնագրում ներառվել է դրույթ համալսարանի հիմքի վրա Հայաստանի, Ռուսաստանի և այլ պետությունների կրթական և (կամ) գիտական կազմակերպությունների ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման հնարավորության մասին»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Համաձայնագրով նախատեսվում է նաև հստակ մեխանիզմ՝ Ռուսաստանի բյուջեի հատկացումների հաշվին ուսման ընդունվելու համար տեղերի քանակի հատկացման համար։

Նշվում է, որ համաձայնագրում առավել հստակ ձևակերպվել են համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրություններին համապատասխան:

Նախատեսվում է, որ համալսարանի ռեկտորն ընտրվում է մինչև 5 տարի ժամկետով: Նույն անձը ռեկտորի պաշտոնը չի կարող զբաղեցնել ավելի քան 2 ժամկետ անընդմեջ։

Համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարանի քննարկմանը, ապա` Ազգային ժողով։

Ավելի վաղ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին հայտարարել էր, որ բուհն աշխատել է 1997 թվականի համաձայնագրին համապատասխան, բայց այս ընթացքում, իհարկե, փոխվել է օրենսդրությունը, և կարևոր է նոր համաձայնագրում նշել բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են համալսարանի կառավարմանը, կրթական ծրագրերի իրականացմանը:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ