Последние новости

ՀԲԸՄ-ն ու խոշոր այլ կառույցներ Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել են միջազգային հանրությանը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը միացյալ դիմում է ստորագրել՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները դադարեցնելու համատեղ կոչով։

Կազմակերպությունները դիմում են միջազգային հանրությանը՝ վճռական դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելու արդարությունը, մարդկային արժանապատվությունը և օրենքի գերակայությունը, քանի դեռ շատ ուշ չէ:

Մասնավորապես, հայկական կառույցները պահանջում են.

- Արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար։

- Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա արդար դատաքննության իրավունքների շարունակական խախտումների անհապաղ և մանրակրկիտ քննություն։

- Դատական գործընթացների թափանցիկություն ու հաշվետվողականություն՝ ապահովելով անկախ միջազգային դիտորդների և օրինական ներկայացուցիչների հասանելիությունը:

- Հրատապ գործողություններ՝ ուղղված նրան, որ Ադրբեջանը կատարի միջազգային պարտավորությունները և դադարեցնի Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումը։

Նրանք նաև հիշեցնում են, որ Վարդանյանն արդեն 18 ամիս է՝ ադրբեջանական գերության մեջ է, իսկ վերջերս հացադուլ է հայտարարել՝ ընդգծելու միջազգային միջամտության հրատապ անհրաժեշտությունը։ 2025 թվականի փետրվարի 19-ին Բաքվի բանտից իր ընտանիքի հետ կարճատև հեռախոսազրույցի ժամանակ նա տեղեկացրել էր դատավարական լուրջ խախտումների, անազատության մեջ դաժան վերաբերմունքի մասին, թե ինչպես են իրեն ստիպել ստորագրել գործի կեղծված նյութերը և զրկել պաշտպանություն նախապատրաստելու իրավունքից։

Կազմակերպություննրը շեշտում են՝ կալանավորված հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ Վարդանյանի նախորդ դիմումը միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցներին մնացել է անպատասխան, ինչն էլ ավելի լուրջ հետևանքներ է ունեցել:

«Նրա ներկայիս հացադուլը ոչ միայն բողոք է, այլև ահեղ նախազգուշացում. հետագա լռությունն ու անգործությունը միայն կվատթարացնեն Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ ռազմագերիների և ձերբակալված քաղաքացիական անձանց վիճակը»,- շեշտում են կառույցները։

Միացյալ դիմում–կոչը ստորագրել են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Աֆեյան», «Արբանե» համահայկական ծրագրերի, «Ազնավուր», Հ Հովնանյան ընտանիքի, «Թուֆենկյան» հիմնադրամները «Օրրան», «Դասավանդի՛ր, Հայաստան», Իրավական պաշտպանության հայկական ճակատ, «Մենք ենք, մեր սարերը» կազմակերպությունները։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ