Последние новости

Լիբանանի Հայ Դատ․ Միջազգային ընտանիքը պետք է ճնշումներ բանեցնի` ազատ արձակելու Արցախի գերիներին

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«37 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում Բաքվի իշխանությունները կազմակերպել են բռնություններ, սպանություններ և ջարդեր հայերի դեմ: Սումգայիթում ապրող հայերը սպանվեցին, որովհետև հայ էին: Հայերին բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը Սումգայիթով չբավարարվեց: Նույն ճակատագրին ենթարկվեցին Կիրովաբադի, Բաքվի, Մարաղայի և Արցախի հայերը: 2004 թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպան կացնահարեց հայ սպային` քնի մեջ սպաննելով նրան:

Արցախի զանազան շրջաններում Բաքուն գործեց ռազմական հանցագործություններ և Արցախում պատերազմ հրահրելով՝ նախ շրջափակեց, ապա հայաթափեց շրջանը: Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը շարունակվում է՝ Արցախում հոգևոր-մշակութային-քաղաքակրթական հայկական ժառանգությունը ջնջելով: Բաքվում են պահվում հայ գերիները: Նրանց դատավարությունը Ադրբեջանը շահագործում է, որ ծածկի իր գործած հանցագործությունները և նույն մեղադրանքները բարդի հայկական կողմի վրա:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը լիբանանյան հանրային կարծիքի սեփականություն է դարձնում այս հանգամանքները` շեշտելով, որ Սումգայիթով սկսված և Արցախով վերջացած ցեղասպան քաղաքականության համար Բաքուն պետք է պատասխան տա միջազգային արդարադատությանը:

Միջազգային ընտանիքը պետք է անհապաղ ճնշումներ բանեցնի՝ ազատ արձակելու ֆիզիկական և հոգեկան չարչարանքների ենթարկվող Արցախի գերիներին»:

Alpha News

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ