Последние новости

Մանե Թանդիլյան․ Դեռ չգիտենք՝ Ռուբեն Վարդանյանը տեղյա՞կ է, մեր խնդրանքի մասին, թե ոչ

Դեռ չենք կարողացել կապ հաստատել ընտանիքի հետ, և չգիտենք՝ որքանով է Ռուբեն Վարդանյանը տեղյակ մեր խնդրանքի մասին։ Այս հացադուլն իմ մասին չէ, ուղղակի խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, որ ողջ մնա։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Ես վստահ էլ չեմ, որ իմ հացադուլի մասին իմանալուց հետո նա կդադարեցնի իր հացադուլը, որովհետև ոչ մեկս չգիտենք՝ իրականում ինչ է կատարվում այնտեղ»,–հավելեց Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը նշեց, որ երեկ իր ինքնազգացողությունը վատացել էր, և հիվանդանոց էր տեղափոխվել, սակայն որոշակի բժշկական օգնություն ստանալուց հետո ուշ երեկոյան վերադարձել էր Ազատության հրապարակ։

«Ճնշումս էր իջել, հաճախասրտություն ունեի, որոշակի բժշկական օգնություն ստացա ու վերադարձա, հիմա ավելի լավ եմ»,–ասաց նա։

Հարցին, չի՞ պատրաստվում դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով առողջական խնդիրները, Մանե Թանդիլյանը պատասխանեց.

«Շատ ավելի վատ ինքնազգացողությամբ և առողջական ավելի վատ վիճակում Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում շարունակում է հացադուլը։ Յուրաքանչյուր գիտակից մարդ պիտի հասկանա, որ ամեն օր իր համար մահացու է։ Իմ խնդրանքն իր մեջ նաև ժամկետ ունի, ես խնդրել եմ, որ նա դադարեցնի հացադուլը, որովհետև հայ ժողովուրդն իր կարիքն ունի։ Ինչքանով է հայ ժողովուրդը դա հասկանում՝ չգիտեմ, բայց ես, իմանալով, ինչ հայորդի է Բաքվի բանտում, ուղղակի ուզում եմ, որ նա ողջ մնա»։

Խոսելով այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է փակել ԿԽՄԿ ներկայացուցչությունն իր երկրում, և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դա միջոց է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումները թաքցնելու, Մանե Թանդիլյանը պատասխանեց.

«Ակնհայտ է, որովհետև գերիների ընտանիքները նրանց հետ կապ են հաստատում Կարմիր խաչի միջնորդությամբ։ Եվ ինչ է սա նշանակում, Ալիևին թույլատրված է անգամ միջազգային կառույցներին վտարել Բաքվից։ Բա բան չունի՞ ասելու աշխարհը, իսկ ու՞ր են սանկցիաները։ Պետք է օր առաջ կիրառել երկրի վրա, որը հանդգնում է միջազգային կառույց վտարել իր երկրից»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ