Последние новости

GALLUP․ ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն

ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով թեմայի վերաբերյալ կատարած հարցումների արդյունքները։

Նշենք, որ 2025 թվականի փետրվարի 19–ին ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին` նշելով, որ անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը։

«Հարցին, թե արդյոք ՀՀ Սահմանադրությունը պետք է փոփոխվի, հարցվածների 18,4 %-ը նշել է, որ որոշ դրույթներ պետք է փոփոխվեն, 7,5 %-ը նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն, 59,6 %-ը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ և 14, 5 %-ը դժվարացել է պատասխանել հարցին»,–նշեց Նավասարդյանը։

Համեմատական անցկացնելով 2024 թվականի հունվարին կատարված հարցումների հետ, երբ Փաշինյանն առաջին անգամ էր խոսել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, Նավասարդյանը նշեց, որ այն ժամանակ հարցվածների 14 %-ն էր կարծում, որ պետք է որոշ փոփոխություններ կատարել, 13%-ը կարծում էր, որանհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն, 34,2 %-ը գտնում էր, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, իսկ հարցին պատասխանել դժվարացողների թիվը կազմում էր 38 %։

2024 թվականի հուլիսին նույն թեմայով հարցման ժամանակ, երբ արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել ՀՀ Սահմանադրության անհրաժեշտության մասին, հարցվածների ընդամենը 3 %-ն էր նշել, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն։

«Այժմ պատկերը զուլալվել է, և միանշանակ կարող եմ ասել, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը դեմ է, որ ՀՀ Սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ենթարկվի»,–ասաց Նավասարդյանը։

Բացի այդ, հարցվածների մեծ մասը կարծում է, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Մասնավորապես, հարցվածների 44%-ը կողմ է ընտրություններ անցկացնելուն, 16,4%-ը կարծում է, որ ամենայն հավանականությամբ դրանք անհրաժեշտ են, 10,3%-ը պատասխանել է, որ արտահերթ ընտրություններն ավելի շուտ անհրաժեշտ չեն, իսկ 23,5%-ն ասել է, որ դրանք ընդհանրապես անհրաժեշտ չեն։

Նավասարդյանի խոսքով` այն, որ հարցվածների 23,5%-ը նշել են` արտահերթ ընտրություններն ընդհանրապես անհրաժեշտ չեն, չի նշանակում, որ համամիտ են ՀՀ իշխանությունների աշխատանքի հետ և ուզում են` ամեն ինչ անփոփոխ մնա։

«Ես կարծում եմ, որ այստեղ կան մարդիկ, ովքեր այլընտրանք չեն տեսնում այսօրվա իշխանություններին կամ քաղաքական ուժին, որին կարող են տալ իրենց ձայնը»,- հավելեց նա։

Ընդ որում, հարցվածների մեծ մասը` 46,5%–ը, դժգոհ է Փաշինյանի աշխատանքից։ Միայն 9%-ն է լիովին դրական գնահատել վարչապետի աշխատանքը։ Ավելի շուտ դրական է գնահատել 15,5%–ը: Ավելի շուտ բացասական է գնահատել 19,1%–ը:

Փետրվարի 27-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումներին մասնակցել է 1100 մարդ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ