Последние новости

Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը ցուցմունք է տվել Տիրան Խաչատրյանի դեմ

Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանը ցուցմունք է տվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դեմ, ինչի հետևանքով գեներալը ձերբակալվել է 1,5 ամսով, գրել է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ Խաչատրյանի դեմ ցուցմունքներ են տվել նաև ՊՆ նախկին և ներկա մի շարք պաշտոնյաներ։

53-ամյա Խաչատրյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի հարավային հատվածում իրեն վստահված Ալփաշայի բարձունքի, Սուլթանլիի և Արաքսավանի բնագծերի պաշտպանությունը ձախողելու համար: Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեղադրանքը նա չի ընդունում:

Հունվարի 4-ին Խաչատրյանին ձերբակալել էին` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով։

Մինչ այդ Խաչատրյանին կալանավորել էին նաև 2024 թվականի հունվարի 15-ին՝ Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպին մասնակցելու կասկածանքով։ Դեպքի առթիվ քրվարույթ էր հարուցվել Քրեական օրենսգրքի խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն կրելու և զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։ Մարտի 4-ին դատարանը Խաչատրյանի կալանքը փոխարինել էր երկրից չհեռանալու մասին արգելքով։ Նրա նկատմամբ կիրառվել էր 5 մլն դրամ գրավ։

Խաչատրյանը պաշտոնանկ էր արվել 2020 թվականի հունիսի 15-ին։ 2021 թվականի մարտի 24-ին պաշտոնը վերականգնելու պահանջով նա հայց էր ներկայացրել այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանի դեմ։ Վարչական դատարանը, սակայն, մերժել էր հայցը։

Armenia Today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ