Последние новости

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ. ՆԱ ՁԱՅՆԱՅԻՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը։ Նա ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը հրապարակվում է այսօր, մյուսը խնդրել է հրապարակել կիրակի: Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ:

Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության և ընդհանուր իրավիճակի վրա ուշադրության հրավիրելու միջոց էր:

 

Ստորեվ ներկայացնում ենք Ռուբեն Վարդանյանի ուղերձը։

«Այսօր մարտի 12-ն է` իմ հացադուլի 23-րդ օրը: Ես գերազանց վիճակում եմ: Մի՛ մտածեք, ամեն ինչ լավ է: Ես գիտակցում եմ ինչ եմ անում, ինչի համար և շնորհակալ եմ բոլորին ձեր աջակցության և ապրումների համար:

Ցանկանում եմ դիմել բոլորին և խնդրել (անկախ նրանից, թե ինչպես եք ինձ վերաբերվում) լսել իմ այս ուղերձը: Հուսով եմ՝ այն կլինի պարզ ու հստակ: Ես դիտմամբ ազգանուններ չեմ նշում՝ չցանկանալով ուշադրությունը շեղել անձանց վրա:

Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի.

- Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ,

- Ցույց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը,

- Ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել այստեղ {Արցախում}, այլ չհեռանալ:

Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել ռուսական հեքիաթից հայտնի ընտրության մասին. ընտրություն, որը պետք է կատարվի նժույգի՝ Հայրենիքի կորստի, սրի՝ պատվի կորստի և կյանքի կորստի միջև: Եվ հերոսը պետք է այդ ընտրությունը կատարի, քանի որ տեղում կանգնելը լիակատար ոչնչացում է: Այդ ընտրությունը հեշտ չէ, բայց այն պետք է արվի յուրաքանչյուրի կողմից, այդ թվում` նրանց կողմից, ովքեր ապրել էին Արցախում, երբ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ այս ընթացքում, և մինչև այդ՝ վերջին երեսուն տարիներին, և մինչ այդ՝ հազարամյակների ընթացքում:

Այս վերջին դատական նիստը վառ օրինակ էր այն բանի, թե ինչ տեղի կունենար, եթե արցախցիները մնային իրենց տանը և ինչ գին կվճարեին դրա համար: Այդ նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ իմ դեմ ցուցմունք տվեցին՝ այդ թվում պնդելով տարբեր անհավանական բաներ: Ընդ որում` նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ, նրանք իրենք էին գտնվում սարսափելի վիճակում, բայց այդուհանդերձ հանդես եկան դատարանում, և ես նրանց շատ խղճացի:

Մարդն ամեն ինչի համար ինչ-որ գին է վճարում. և այն հայի օրինակը, որին ձերբակալել-տարել էին հենց Կարմիր խաչի ավտոմեքենայից ու դատապարտել տասնհինգ տարվա ազատազրկման, և այս երկու անձանց օրինակը պարզ զգուշացում է, որ ձեզ ձեր տներում հանգիստ թույլ չէին տա ապրել: Եվ յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող էր հայտնվել երեկվա երկու վկաների կամ՝ բոլոր սարսափելի հանցագործությունների մեջ մեղադրվողի տեղում: Ու բոլորովին կապ չունի՝ մեղավոր եք դուք, թե ոչ, կատարել եք այդ հանցագործությունները, թե ոչ:

Ցանկանում եմ առանձին նշել, որ այսօր այստեղ ցուցմունք է տալիս Արցախի նախկին նախագահը, իսկ Արցախի լեգիտիմ նախագահը գտնվում է Հայաստանում, և դա, հավատացե՛ք, մեծապես փոխում է իրավիճակն ու այն խոսքերի կշիռը, որոնք այստեղ ասվում են նախկին նախագահի կողմից:

Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունից և ուրախ եմ, որ խանգարեցի նրանց իրականացնել իրենց ծրագիրը, որը նրանք ամեն կերպ առաջ էին մղում և նպաստում էին, որպեսզի Արցախի որոշ լիդերներ՝ թե՛ գործող, թե՛ նախկին, իրականացնեն ուրիշի կողմից գրված այդ սցենարը, որպեսզի հետո իրավունք ունենային ասել. «Տեսեք, իսկ նրանց պատճառով զոհվեցին ձեր որդիները: Եվ դուք դեռ մե՞զ եք ինչ-որ բանում մեղադրում, իսկ նրանք ծախվեցին ու հիմա ուրախ-զվարթ կարող են ապրել, մինչդեռ դուք այստեղ ողջ կյանքում սգալու եք ձեր հարազատների կորուստը»: Ուզում եմ բարոյական բոլոր հաշմանդամներին ասել, որ իրենք տանուլ են տվել. նրանք, ովքեր ցանկանում էին դա և թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում համապատասխան քայլեր էին արել, և բոլոր նրանք, ովքեր հիմա հայտարարում են, թե ինչու մինչև վերջ չկռվեցին, այլ դուրս եկան: Ձեզ չի հաջողվել ոչնչացնել սովորական հայերի պատիվն ու արժանապատվությունը: Ոչ միայն արացախահայության, այլև բոլոր հայերի:

Տեղեկատվության կարգով ասեմ հետևյալը: Վերջին ռազմական գործողության ընթացքում մյուս կողմի կրած կորուստների պաշտոնապես ընդունված թիվը չորս անգամ գերազանցում է 44-օրյայի ժամանակ նրանց կորուստների թվին: Թող Հայրենիքի համար ընկածների հիշատակը միշտ վառ լինի:

Հացադուլիս 23-րդ օրը ես որոշել եմ այն դադարեցնել մի շարք պատճառներով և խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր միացել էին ինձ, նույնը անել: Համարում եմ, որ վերջին դատական նիստը պարզ ու հստակ ձեզ բոլորիդ ցույց տվեց, թե ինչ էր լինելու ձեզ հետ, եթե դուք մնայիք այստեղ {Արցախում}, և ինչ գին էիք ստիպված լինելու վճարել ձեր տանը, ձեր հայրենիքում ապրելու համար: Երկրորդը՝ ցույց տալ, որ սա ոչ թե դատավարություն է, այլ ձևական դատ, և իմ պահանջները, իմ միջնորդությունները քննարկելու իմ օրինական իրավունքի հերթական մերժումը ցույց է տալիս, որ այստեղ դատավարություն չի լինելու, այս շոուն շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից:

Մի քանի օր առաջ իշխանության պաշտոնական ներկայացուցչի ելույթը ցույց տվեց այն ակնհայտ նպատակը, որ դատն իրականացվում է ոչ թե 15 գումարած մեկի, այլ Հայաստանի ղեկավարության ու Հայաստանի դեմ՝ որպես պետության ընդհանրապես, ցանկացած հայի դեմ՝ կապ չունի, որտեղից է նա, եթե անգամ նա Հայաստանից չէ:

Եվ վերջինը: Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով, նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրվա աշխարհում սեփական պետությունն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: Արդեն պարտադիր չէ նվաճել ռազմական ճանապարհով, հիմա պատերազմը նորից է շարունակվում, պարզապես հնարավոր է առանց անգամ մեկ կրակոցի նվաճել տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսական կախվածության, ենթակառուցվածքների, ինֆորմացիայի, քաղաքական պատերազմների միջոցով: Եթե դուք այդպես էլ ապրեք պատրանքներում, թե ամեն ինչ վերջանալու է, և դուք հանգիստ կարող եք ապրել ու վաստակել, ապա դա ինքնախաբեություն է:

Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը և թե ով պետք է մեզ ղեկավարի: Լսե՛ք ինձ և մտածե՛ք այդ մասին, քանի դեռ ուշ չէ: Եվ հիշե՛ք` միշտ, ինչպես հայկական հայտնի հեքիաթում, Քաջ Նազարին թագավոր է ընտրում ժողովուրդը, և դա մեր բոլորիս որոշման արդյունքն է, ոչ թե նրա:

Վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ մենք ունենք առողջ ուժեր և որ այս ծանր ճգնաժամը մենք հաղթահարելու ենք, ինչպես որ արել ենք բազմաթիվ անգամներ մեր պատմության ընթացքում և կարողանալու ենք ոչ միայն պարզապես ապրել, այլ արժանապատվ ապրել մեր հայրենիքում: Հիշեք, որ միայն ողջ մարդը կարող է լողալ հոսանքին հակառակ: Բոլորիդ գրկում եմ:

Ձեզ հետ միասին ձեր շարքային հայերից մեկը՝ Ռուբեն»:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ