Последние новости

Արաղչի․ Իրանը չի ցանկանում բանակցել ԱՄՆ-ի հետ, ոչ ուղիղ բանակցության ճանապարհը բաց է

Թեհրանը ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների չի գնա Վաշինգտոնի ամենօրյա մեղադրանքների և անընդունելի պահանջների պատճառով, սակայն ոչ ուղիղ բանակցությունների ճանապարհը բաց է։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախարարի հայտարարությունը հնչել է մարտի 19-ին «Axios»-ի հրապարակած հաղորդագրության ֆոնին, որում ասվում էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակում 2 ամիս ժամկետ է սահմանել միջուկային նոր գործարք կնքելու համար:

«Հաշվի առնելով ամենօրյա մեղադրանքները, ամենօրյա ոչ խելամիտ և անընդունելի պահանջները՝ մենք ամերիկյան կողմի հետ որևէ ուղիղ բանակցությունների չենք գնա, սակայն ոչ ուղիղ բանակցությունների համար ճանապարհը բաց է, և մենք կարող ենք դա անել (ոչ ուղիղ բանակցություններ վարել. խմբ.) մի քանի խողովակ օգտագործելով», – ասել է Արաղչին։

ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Վաշինգտոնը Իրանի միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ է դիտարկում՝ ռազմական և դիվանագիտական, բայց նախապատվություն է տալիս բանակցություններին։

Դեռևս փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ՝ նրա դեմ ռազմական գործողությունների փոխարեն: Թրամփն ասել էր, որ ցանկանում է Իրանի հետ կնքել «վավերացված» միջուկային խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա Թեհրանին զարգանալ և բարգավաճել խաղաղ պայմաններում։ Նա կոչ էր արել անհապաղ սկսել աշխատանքները: Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը իրանական IRNA գործակալությանն ասել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Թեհրանին իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման հարցում։

Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ