Последние новости

Էդգար Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները մնացին անփոփոխ

Հասարակական և քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գործով առաջին դատական նիստին դատարանը որոշեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցներն անփոփոխ թողնել։

Նշենք, որ փետրվարի 21-ին ՀՀ քննչական կոմիտեն կիրառել էր երկրից չբացակայելու արգելք խափանման միջոցը, իսկ փետրվարի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կիրառել էր վարչական հսկողություն։ Ըստ դրա` նրան արգելվել է դատավորների, հարկադիր կատարողների, դատախազների, քննիչների, փաստաբանների և նրանց բոլորի ընտանիքի անդամների վերաբերյալ հանրային կերպով արատավոր տեղեկություններ հայտնել։ Այդ ժամանակ Ղազարյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հետաքրքրվել էր` արդյոք Բաքվի դատավորներին էլ է վերաբերում սույն որոշումը, թե ոչ, բայց այդ օրն այդպես էլ պատասխան չէր ստացել։

«Դատարանը որոշում է խափանման միջոցներ բացակայելու արգելքը և վարչական հսկողության սահմանափակումներով կիրառումը թողնել անփոփոխ։ Էդգար Ղազարյանի համար դատարանը պարզաբանում է անում` մատնանշված սահմանափակումը վերաբերում է բացառապես ՀՀ տարածքում գործող պաշտոնատար անձանց և այրերին»,– նշեց դատավորը։

Դատականի նիստից հետո փաստաբան Մելիքյանը հայտնեց, որ իրենք վարչական հսկողության մասով խափանման միջոցի հետ իրենք համաձայն չեն։ Շեշտեց` որոշումը համաչափ չէ, բայց ի ուրախություն իրենց` մի փոքր որոշակիություն է մտցվել` արգելքը միայն ՀՀ տարածքում գործող պաշտոնյաների է վերաբերում։

«Մեր պնդումն այն է, որ Էդգար Ղազարյանի արած արտահայտությունները որևէ կերպ չեն տեղավորվում նշված հոդվածում, բայց սա այս փուլի հարց չէ։ Հետագա դատական նիստերի ընթացքում այս մասով կխոսենք։ Հաջորդ չէ մյուս նիստին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարն է մասնակցելու, ինչը տարօրինակ է, ու կարծում եմ` հետաքրքիր հարցաքննություն ենք ունենալու»,– ասաց Մելիքյանը։

Էդգար Ղազարյանն էլ ընդգծեց` ցուցակներ է պահանջում, որ հստակ իմանա, թե ում մասին է խոսքը ու հասկանա` իր նկատմամբ արգելքն ում է վերաբերում։

«Օրինակ` դատախազների ու նրանց ընտանիքի անդամների ցուցակները թող տան։ Բա գուցե մի դատախազն ամուսնանում է, ես չիմանա՞մ։ Հարսանիքին թող չկանչեն, դա շատ անհրաժեշտ չէ, բայց գոնե իմանամ, որ այսինչն էլ այնինչ դատախազի կինն է ու իմ խոսքը սահմանափակեմ։ Գուցե մեկն էլ երեխա է ունենում, բա դա էլ չիմանա՞մ։ Հեռախոսահամարս թողել եմ, որ օպերատիվ կարգով ինձ տեղեկացնեն»,– հեգնանքով ասաց հասարակական գործիչը։

Նա շեշտեց` նույնն էլ քննիչների և դատավորների դեպքում է պահանջում։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-դ հոդվածի 1-ին մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։ Առաջադրված մեղադրանքը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Նրա պաշտպանությունը ստանձնել է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։

Մեղադրանքի հիմքում իբր ՍԴ դատավորների մասին արատավոր տեղեկություններ տարածելն է։ Մեղադրանքի հիմքում նաև Էդգար Ղազարյանի քննադատություններն են, մասնավորապես այն, որ Վահե Գրիգորյանն ապօրինի է դարձել ՍԴ դատավոր, ինչպես նաև այն, որ ուղիղ եթերների ընթացքում նրա կողմից հնչեցված արտահայտությունները, որ Սահմանադրական դատարանը չեզոքացրել է Անկախության հռչակագիրը, որի իրավունքը չուներ, իսկ այդ որոշումը կայացնող դատավորները կա՛մ տգետ են, կա՛մ դավաճան։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ