Последние новости

Կոպիրկին․ Ռուսաստանը կարևոր է համարում Հայաստանի միացումը ՇՀԿ-ի աշխատանքներին

Ռուսաստանը կարևոր է համարում ՇՀԿ-ի աշխատանքներին այլ պետությունների, մասնավորապես՝ Հայաստանի միացումը։ Այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Շանհայան ոգու առաջմղում. ՇՀԿ-ն գործողության մեջ» թեմայով սեմինարի շրջանակում՝ պատասխանելով Sputnik Արմենիայի՝ ՇՀԿ-ի շրջանակներում համագործակցության հեռանկարների մասին հարցին։

Նրա խոսքով` Մոսկվան Պեկինի հետ համագործակցում է ՇՀԿ-ում Չինաստանի նախագահության շրջանակներում և հաշվի առնելով Ռուսաստանի նախագահությունը ՇՀԿ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդում։

«Մենք աջակցում ենք Չինաստանի նախագահության առաջնահերթություններին և նպաստում դրանց իրականացմանը: Եվ, իհարկե, կարևոր ենք համարում այլ պետությունների, մասնավորապես՝ Հայաստանի միացումը ՇՀԿ-ի աշխատանքներին», – ասաց Կոպիրկինը:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է նրա վրա, որ ՇՀԿ-ի հետ փոխգործակցելու ցանկությունը միանգամայն բնական է՝ հաշվի առնելով կազմակերպության սկզբունքները, որոնք համապատասխանում են բազմաբևեռ աշխարհի իրողություններին։

«Ռուսաստանն ամեն կերպ կաջակցի դրան, որպեսզի դա օգուտ բերի բոլորին՝ հիմնված պրագմատիկ մոտեցման և մեր շահագրգռվածության վրա՝ ձևավորելու նոր, իսկապես հավասար միջազգային հարաբերությունների համակարգ», – նշեց Սերգեյ Կոպիրկինը։

Նա հիշեցրեց, որ ՇՀԿ-ն այսօր շատ ավելի ընդարձակ է, քան զուտ տարածաշրջանային կազմակերպություն, և այսօր այն առանցքային դեր է խաղում եվրասիական մեծ տարածքում միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման գործում։

Կոպիրկինն ընդգծեց, որ ՇՀԿ-ն հիմնված է այն սկզբունքների վրա, որոնք ՌԴ-ն իրապես արդիական է համարում ժամանակակից աշխարհի համար՝ փոխադարձ հարգանք, իսկապես ինքնիշխան քաղաքականության իրականացում և խնդիրները հավաքական եղանակով լուծելու պատրաստակամություն՝ հիմնված փոխգործակցության և բոլորի համար ընդունելի լուծումների որոնման վրա:

Դեսպանը նշեց, որ կազմակերպությունն ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ, այդ թվում՝ տնտեսությունը։ Այդ առումով կարևոր է ՇՀԿ-ի դերը եվրասիական մեծ գործընկերության ձևավորման գործում, որի մասին խոսում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ինչպես նշեց Կոպիրկինը, Մոսկվան կողմ է ՇՀԿ-ի գործունեությունը Եվրասիական տնտեսական միության, այլ տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես АСЕАН-ի, Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանային կազմակերպությունների հետ համակարգելուն։

Այժմ աշխատանքներ են տարվում ՇՀԿ-ի հենքի վրա անվտանգության մարտահրավերներին արձագանքելու ավելի համալիր կենտրոնի ստեղծման ուղղությամբ: Այդ առումով կարևոր է համարվում ՇՀԿ-ի փոխգործակցությունը տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի հետ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ