ԱԳՆ-Ը ԳԼՈՐՎՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՏԱԿԻՑ ՎԱՐ. ԱՐԱԲԱՏԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ ԲԱՐԲԱՌՈՒՄ Է ԱԼԻԵՎԸ
Ապրիլի 5-ին իրեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն անվանող գերատեսչությունը հանդես եկավ հերթական հակահայկական հայտարարությամբ, որը վերաբերում էր բռնի տեղահանված, հայրենազրկված և բացարձակապես ամեն ինչ կորցրած արցախցիների ճակատագրին: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հաստատեցին, որ արցախցիների իրավունքների հարցը հանվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման» օրակարգից։
Հարցումը վերաբերում էր Գերմանիայի նախագահի հետ մամլո ասուլիսի ժամանակ Ալիևի հնչեցրած հայտարարությանը: Բաքվի բռնապետի խոսքերով՝ բանակցություններում գլխավոր խոչընդոտն այն էր, որ մինչև 2024 թվականի հունվար Հայաստանը համառորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը:
«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»,- պատասխանել են ԱԳՆ-ից։
Դժվար է ասել, թե ինչն է ավելի շատ այս տեքստում. սուտը, մանիպուլյացիան, ցինիզմը, թե բացարձակ անտարբերությունն արցախահայության ճակատագրի նկատմամբ։ Նախ՝ այն պատճառով, որ գերատեսչությունում եռանդագին լռում են և շրջանցում ճշմարտությունը. հայերի գաղթն ու Արցախի բռնազավթումը նախորոշած գլխավոր գործոնը Փաշինյանի դավաճանական հայտարարությունն էր հայկական երկրամասը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Ընդ որում՝ երկու անգամ. 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին, Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում։
Այդ հայտարարության աննախադեպությունը նշեց նույնիսկ այն ժամանակ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը, շեշտելով, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Բայց Արաբատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ը ջանադրաբար լռության է մատնում դա՝ ձգտելով կատարել ռեժիմի գլխավոր խնդիրը. իր վրայից գցել պատասխանատվությունն Արցախի հանձնման համար՝ մեղքն ամբողջությամբ բարդելով նրա ղեկավարության և ժողովրդի վրա։
2022 թվականի հոկտեմբերին Պրահայում առաջին անգամ դավաճանական թեզը հնչեցրած Փաշինյանը կրկնեց դա 2023 թվականի մայիսին՝ ամենադաժան շրջափակման շրջանում, երբ Արցախում մարդիկ, այդ թվում՝ երեխաները, ծերերն ու հղի կանայք մահանում էին ու տառապում սովից, ցրտից ու ամենաանհրաժեշտի բացակայությունից։ Թե ինչպես էին Հայաստանի իշխանություններն այդ ժամանակահատվածում «ձգտում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները», որը լքված և դատապարտված էր միայնակ դիմակայելու Բաքվի հանցավոր քաղաքականությանը և դրան հաջորդած ռազմական ագրեսիային, հայտնի է բոլորին։ Բավական է հիշել կրկին իսկ Նիկոլի այն աննախադեպ հայտարարությունը, թե 2023-ի սեպտեմբերին «հայ բնակչությանը սպառնացող անմիջական վտանգ չկա», ինչն, ըստ էության, արձակեց Ալիևի ձեռքերը հայկական Արցախի ճակատագիրը վերջնականապես վճռելու համար։
ԲԱՅՑ ԱՅԴ ՄԱՍԻՆ ԷԼ ԱՐԱԲԱՏԻ ԱԳՆ-ում, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԼՌԵԼ։ Ինչպեսև այն մասին, որ հանրապետության լուծարման ԼՂՀ նախագահի հրամանագիրը հարկադրված միջոց էր՝ ուղղված փաշինյանական ռեժիմի կողմից դավաճանված 110 հազար հայերի հնարավորինս անվտանգ տարհանման և փրկության ապահովմանը։ ԱԳՆ-ում ձևացնում են նաև, թե տեղյակ չեն, որ այնուհետ այդ հրամանագիրը չեղյալ է հայտարարվել։
Հիմա՝ ինչ վերաբերում է «երրորդ երկրներում բանակցություններց ԼՂՀ իշխանությունների հրաժարմանը», չնայած «միջազգային մեխանիզմ ստեղծելու» Երևանի իբր գործադրած ջանքերին։ Թարմացնենք նախարարության «մոռացկոտ» աշխատակիցների հիշողությունը նաև այս հարցում։
2023թ. մարտին ռուս խաղաղապահների շտաբում տեղի ունեցավ Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի ընթացքում Արցախի ղեկավարությունը փորձում էր լուծել առաջնահերթ հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ Բերձորի (Լաչինի) միջանցքով անխափան երթևեկումը։ Սակայն այդ ուղղությամբ բոլոր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ, ինչպես պարզվեց, Բաքվի միակ նպատակը բոլորովին այլ էր՝ «ինտեգրման գործընթացների» քննարկում։
Արցախի իշխանությունները հրաժարվեցին երկրորդ հանդիպումից հենց հանրապետության ժողովրդի համար այդ հարցի անընդունելիության պատճառով, հայտարարելով, որ չեն ցանկանում խոսել Ադրբեջանի կազմ ինտեգրվելու թեմայի շուրջ։ Մի՞թե ՀՀ ԱԳՆ-ում տեղյակ չեն մերժման պատճառների մասին։ Թե՞ այնտեղ իսկապես կարծում են, թե ցեղասպան պետության կազմում հնարավոր է թեկուզ չնչին չափով ապահովել հայերի իրավունքներն ու անվտանգությունը։
Ավելին, վերջին շրջանում գնալով ավելի շատ վկայություններ ու ապացույցներ են ի հայտ գալիս առ այն, որ Փաշինյանը ոչ միայն լիովին տեղյակ է եղել Արցախի իշխանությունների բոլոր քայլերին ու գործողություններին, այլև անձամբ է աշխատել հանրապետության լուծարման փաստաթղթի վրա՝ ներկայացնելով իր «առաջարկությունները»։ Կարելի է վստահորեն պնդել, որ այդ «առաջարկություններն» ուղղված են եղել նրան, որ փաստաթուղթն առավելագույնս ունենա անշրջելի բնույթ, որպեսզի իրականանա Արցախի հարցը վերջնականապես փակելու Ալիևի երազանքը։
Ուրեմն ինչո՞ւ է աչուկները զարմացած կլորացնում արաբատյան գերատեսչությանը, որն ամեն կերպ հրաժարվում է արցախցիների իրավունքների պաշտպանությունից՝ թաքնվելով մի հրամանագրի հետևում, որը մասնագետների միահամուռ կարծիքով իրավական ոչ մի ուժ չունի։ Եվ ի՞նչ է ներառված Հայաստանի ու Ադրբեջանի միջև «հարաբերությունների կարգավորման» օրակարգում, եթե այնտեղ չկա հայկական պետության և հայության համար կարևորագույն այդ հարցը:
Եթե այդ օրակարգում չկա հայ գերիների և պատանդների վերադարձի, Ադրբեջանի հանցագործությունների, արցախցիների թողած հսկայական ունեցվածքի և նրանց միջազգայնորեն ճանաչված վերադարձի իրավունքի հարցը, մի բառ անգամ չի ասվում հայկական պատմամշակութային անգին ժառանգության պահպանման մասին... Ուրեմն ի՞նչ կա այնտեղ, բացի Ալիևի առաջ քաշած բոլոր պահանջներին Փաշինյանի համաձայնությունից։ Եվ արդյոք դա՞ չէ պատճառը, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են հրապարակել հայ ժողովրդի համար ճակատագրական «խաղաղության համաձայնագրի» տեքստը։
ԱԳՆ կոչեցյալն այդ հայտարարությամբ գլորվեց հերթական հատակից վար։ Փաշինյանական հանցախմբի պարագայում հատակ պարզապես գոյություն չունի. ո՛չ ազգային շահերին դավաճանության գործընթացում, ո՛չ իրավական ու բարոյական տեսանկյունից։ Նրանք հենց իրենք են հատակը՝ Արցախի իշխանությունների և ժողովրդի հասցեին արված յուրաքանչյուր նոր պաշտոնական հայտարարությամբ և անհեթեթ մեղադրանքներով ապացուցելով իրենց ստորության ու տականքության անսահմանությունը։
Եվ պատմության առջև հսկայական և աներկբա պատասխանատվությունից խուսափելու յուրաքանչյուր նոր փորձով ավելի ու ավելի խրվելով սեփական գարշահոտ ու հանցավոր ճահճի մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-25 09:17
Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.
-
2025-04-22 09:36
17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…
-
2025-04-18 10:07
Писать что-либо об интервью Омбудсмена Арцаха Гегама Степаняна главному пашиняновскому телерупору Петросу Казаряну на «Общественном» канале рука не поднимается – при всем уважении к Гегаму. Слишком много гнуси вылилось из обширного пуза Казаряна, явно раздраженного «не тем» ходом интервью и на глазах у тысяч телезрителей разошедшегося до неприличия, чтобы найти слова, способные в полной мере охарактеризовать его поведение.
-
2025-04-16 09:15
Глава пашиняновского МИД развернулся в Анталье, надо сказать, по полной: тут тебе и встречи, и выступления, и дискуссии, и интервью, и всевозможные, в том числе абсурдные, заявления... И красной нитью через все это проходит отчаянное воззвание к туркам о готовности пойти на любые уступки, лишь бы получить вожделенный клочок бумаги под названием «мирное соглашение».