Последние новости

ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ արցախցիները վառեցին կառավարության ծրագիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ իշխանությունները հայկական դիվանագիտությունը խաղալիք են դարձրել ու ծառայեցնում են ոչ թե ի օգուտ հայկական շահի, այլ իրենց ներկուսակցական քմահաճույքները բավարարելու համար։ Այս մասին ԱԳՆ շենքի մոտ արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախից բռնի տեղահանված Նարե Սիմոնյանը։

 

Նշենք, որ արցախցիներն ի նշան բողոքի հավաքվել են ԱԳՆ շենքի դիմաց։ Նրանք ՀՀ արտաքին գործերի նախարարությանը համարում են ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուներից մեկը։

«2021 թվականին, երբ 44–օրյա պատերազմը ողբերգական ավարտ էր ունեցել և այս իշխանությունը գնում էր արտահերթ ընտրությունների, կարիք կար ժողովրդի քվեն ևս մեկ անգամ ստանալ և ժողովրդին համոզել, որ կատարվածում այս իշխանությունները որևէ մեղք չունեն։ Իրենց նախընտրական ծրագրում իրենք ոչ միայն ազնվորեն չէին ասել, որ պատրաստվում են հանձնել Արցախի մյուս մասը, այլ ներկայացրել էին, թե պատրաստվում են պահանջատեր լինել և դեօկուպացնել Շուշին և Հադրութը։ Խոսում էին Արցախի ինքնորոշումից, արցախցիների իրավունքների պաշտպանությունից։ Նրանք վստահեցնում էին, որ արցախցիների հավաքական վերադարձը ԱԳՆ–ի օրակարգում է և դրանից ամիսներ անց տեսնում ենք ԱԳՆ–ի խայտառակ հայտարարությունը, որ իրենք հրաժարվում են արցախցիների իրավունքների պաշտպանությունից»,–ասաց Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ ՔՊ–ն իր 2021 թվականի ծրագրով ևս մեկ անգամ խաբել, մանիպուլացրել է ժողովրդին և այդ թուղթը ծառայեցրել սեփական իշխանությունը պահելու համար։

Ի նշան բողոքի` արցախցիներն այրեցին ՔՊ–ի 2021 թվականի նախընտրական ծրագիրը, որը հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության ծրագրի համար։

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ իր հերթին նշեց, որ Արցախի էջը չպետք է փակվի, չպետք է լինի տպավորություն, թե բոլորը մարսել են Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը։ Արցախցիները ԱԳՆ–ին պահանջագիր ներկայացրին` ևս մեկ անգամ թվելով բոլոր այն կետերը, որը պետք է կատարի ՀՀ իշխանությունը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ