Միրզոյան․ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերություններում
Թուրքիան կարող է դրական դեր խաղալ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Թուրքիայի հրապարակային դիրքորոշումն այն է, որ մեր կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Թուրքիան ասում է, այո, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում, ունենք այս ծրագիրը, այն ծրագիրը, ունենք Հայաստան–Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը լիովին իրականացված չէ։ Կարո՞ղ է Թուրքիան դրական դեր խաղալ։ Անկասկած՝ այո»,– ասել է նախարարը։
Լրագրողի հարցին` արդյոք ՀՀ ԱԳ նախարարը խնդրել է Թուրքիային Հայաստան–Ադրբեջան գործընթացում իրականացնել աջակցողի դեր, Միրզոյանը նշել է, որ բանակցությունների կարճ պատմությունը ցույց է տալիս, որ եղել են գործընթացին մի շարք օժանդակողներ, միջնորդներ, ինչպես Ռուսաստանը, ԱՄՆ–ն, ԵՄ–ն և այլն։
«Բանակցությունների պատմությունը ցույց է տալիս` երբ մենք ունեցել ենք երկկողմ բանակցություններ, այդ բանակցություններն ամենահաջողն են եղել. երբ մենք մենակ ենք՝ երկու երկրները մեկ սենյակում, մենք կարող ենք, ունենք հնարավորություն ուղիղ խոսելու, մենք ունենք շփումներ, մենք հեշտությամբ մտքեր ենք փոխանակում։ Ուստի, հավանաբար, մեզ այլ միջնորդություն անհրաժեշտ չէ։ Բայց կրկին, բոլոր այն երկրները, որոնք ես նշեցի, հավանաբար՝ նաև ևս մի քանիսը, կարող են դրական ներդրում ունենալ։ Ուստի, ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի միայն բանակցությունների միջնորդությամբ»,– ընդգծել է նախարարը։
Արդյոք հնարավո՞ր է Հայաստան–Թուրքիա–Ադրբեջան համատեղ հանդիպման հնարավորություն, Միրզոյանը նշել է, որ դրա վերաբերյալ այս պահին որևէ պայմանավորվածություն կամ ծրագիր չկա, սակայն ընթանում են մի շարք քննարկումներ։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրության ժամկետին և վայրին, արդյոք Թուրքիան կարո՞ղ է լինել այս իրադարձության հյուրընկալողը հարցին Միրզոյանը պատասխանել է, որ դա էական չէ:
«Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ»,– վստահեցրել է նա:
Թուրք լրագրողներից մեկը նաև հետաքրքրվել է` 2026 թվականին Հայաստանում սպասվում են համապետական ընտրություններ, եթե իշխանության փոփոխություն տեղի ունենա, արդյոք կլինի՞ փոփոխություն բանակցությունների հարցում քաղաքական գծում։
«Կարող եմ վստահ ասել, որ ՀՀ ներկայիս կառավարության և վարչապետ Փաշինյանի խաղաղության օրակարգը լիարժեք աջակցություն ունի հայ հասարակության կողմից։ Դե, իհարկե, կան նաև քննադատողներ։ Այդպես է աշխատում ժողովրդավարությունը։ Ընդհանուր առմամբ, սակայն, մենք ունենք մեծամասնության աջակցությունը։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այնտեղ էլ մենք ունենք մեծամասնություն։ Ժամանակը, սակայն, անցնում է, և եթե ՀՀ կառավարությունը չկարողանա ապահովել շոշափելի արդյունքներ կարգավորման գործընթացում, նույնիսկ խաղաղության օրակարգին հավատացողները կարող են հարց բարձրացնել՝ «լավ, խաղաղության օրակարգը հնչում է գեղեցիկ, բայց անհնար է խաղաղություն կառուցել միայնակ»,– ասել է Միրզոյանը։
Նա նաև հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագրի մասին ՀՀ Սահմանադրական դատարանը դրական դիրքորոշում կարտահայտի։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-13-ը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Նրա հետ վերջին անգամ հանդիպել էին 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում` «3+3» խորհրդակցական հարթակում։
Անթալիայում Արարատ Միրզոյանը երկկողմ հանդիպում էր ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները Վրաստանի արտգործնախախարար Մակա Բոճորաշվիլիի հետ մասնակցել են նաև պանելային քննարկման։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).