Последние новости

Դատավորների 40% դեֆիցիտ կա. Փաստաբանների պալատի նախագահը տվյալներ է հայտնում

ՀՀ դատական համակարգի կադրերի ցուցանիշներով` երկրում 40% դեֆիցիտ կա։ Այս մասին «Ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» համաժողովի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Նա ընդգծեց, որ Եվրոպայի խորհուրդը վերջերս բավականին բովանդակալից զեկույց էր հրապարակել, որտեղ վերլուծվել էին դատական բարեփոխումները և ՀՀ–ում դատական համակարգի արդյունավետությունը։

«Համեմատելով ՀՀ դատական համակարգի կադրերի ցուցանիշները` արձանագրվել է, որ 40% կադրային դեֆիցիտ կա, մասնավորապես, դատավորների մասով։ Այդպիսի դեֆիցիտ է նկատվել նաև դատախազների աշխատակազմում։ Փաստաբաններն էլ ունեն նման խնդիր` հատկապես անվճար իրավաբանական օգնության (հանրային պաշտպանություն) տիրույթում։ Դատական համակարգի ֆինանսավորումը վերջերս փոփոխվել է, դա նկատվում է, բայց միջին եվրոպական ցուցանիշի համեմատ` այսօր ՀՀ դատական համակարգի ֆինանսավորումը 3,5 անգամ պակաս է»,– ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` ՀՀ–ում անվճար իրավաբանական օգնության ոլորտում ծանրաբեռնվածությունն այսօր սոսկալի է` 300 գործից ավելին վարում են հենց հանրային պաշտպանները։ Ըստ նրա` վերջին 3 տարում, ֆինանսական խնդիրներով պայմանավորված, հանրային պաշտպանների հաստիքները կրճատվել են, ինչը նույնպես ազդել է ծանրաբեռնվածության վրա։

Փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ իրենք դատական համակարգի ծանրաբեռնվածության առումով վերլուծություններ են արել և պարզել, որ Վերաքննիչ վարչական դատարանում տարեկան 47% անավարտ գործեր են լինում։ Նա մի պատմություն հիշեց` մի դատական գործի շրջանակում վարչական դատարանում նիստի էին գնացել, բայց ուշադիր չէր եղել ծանուցման ժամկետներին, պարզվել է` 1 տարի շուտ են գնացել։

Սիմոն Բաբայանն անդրադարձավ նաև վարչական արդարադատության դրական կողմերին։ Շեշտեց` վիճարկման հայցերի 80%–անոց բավարարում կա, ինչը նշանակում է, որ դատարաններում արձանագրվում է ոչ բավարար և ոչ որակյալ վարչարարություն։ Այսինքն` քաղաքացիների հայցերը դատարաններում բավարարվում են։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ