Последние новости

ՀԺՄ․ Իշխանությունն ակնհայտորեն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին

ՀՀ գործող իշխանությունն ակնհայտորեն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին: Այդ մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) կոչ–ուղերձ է հղել միջազգային լրագրողական կազմակերպություններին` տեղեկացնելով, որ Հայաստանում վերջին շրջանում լրագրողների դեմ իշխանական պատգամավորների հարձակումների մասին։

Որպես օրինակներ` միությունը նշել է ապրիլի 18–ին Ազգային ժողովում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից թիրախավորված լրագրող Նարեկ Կիրակոսյանի դեպքը, Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա իրականացնող խմբի անդամների ագրեսիվ պահվածքը լրագրողների նկատմամբ։

«Լրագրողների նկատմամբ նման անթույլատրելի պահվածքը, ցավոք, նոր չէ, նոր մակարդակների է հասնում, և պատճառն այն է, որ իշխանական պատգամավորներն իրենց անպատժելի են համարում, քանի որ ոչ միայն հրապարակային չեն դատապարտվում, այլև իրավական որևէ պատասխանատվության չեն ենթարկվում։ Իշխանությունները ցանկացած իրավիճակում քավության նոխազ են դարձնում լրագրողներին՝ ատելություն սերմանելով նրանց նկատմամբ»,– ընդգծել են ՀԺՄ–ից:

Միությունից հիշեցնում են` հանրային վայրում որևէ անձ կամ խումբ չէ, որ պիտի որոշի՝ լրագրողներն ինչ լուսաբանեն, ինչպես, իրենց ինչ հարցեր տան կամ չտան. հարց տալու իրավունքը լրագրողինն է, պատասխանելու կամ չպատասխանելու իրավունքը՝ ակցիա իրականացնողներինը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմել է իր գործընկեր կառույցներին՝ Ժուռնալիստների եվրոպական ֆեդերացիային (EFJ) և Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիային (IFJ)՝ նրանց տեղեկացնելով, որ առաջնային մանդատով օժտված ՀՀ օրենսդիր մարմնում ոչ միայն խոչընդոտվում է լրագրողների աշխատանքը, այլև նրանք խորհրդարանում աշխատում են կառավարող կուսակցության առանձին պատգամավորների ամենօրյա ուղիղ սպառնալիքների, վիրավորանքների ներքո։

Ընդգծվել է, որ հատկապես թիրախավորվում են ընդդիմադիր հայացքներով լրագրողները և լրատվամիջոցները, որոնք զրկվում են պետական գերատեսչություններին ուղղված իրենց հարցերի պատասխաններից, չեն հրավիրվում իշխանությունների մասնակցությամբ միջոցառումների լուսաբանմանը, որոշ դեպքերում էլ՝ անվտանգության աշխատակիցների կողմից ուժի գործադրմամբ վռնդվում են դեպքի վայրերից:

Դիմելով լրագրողներին` ՀԺՄ–ն կոչ է արել չտրվել սադրանքներին, պահել լրագրողի էթիկայի կանոններն ու աշխատել մասնագիտական պրոֆեսիոնալիզմի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի վերջին` 2024 թ. հուլիսին հրապարակված զեկույցի համաձայն` 2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնության 14 դեպք է արձանագրվել։ Ընդհանուր առմամբ տուժել են 23 լրագրող և օպերատոր։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ