Последние новости

«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԿԱԿՏԻՎԱՆԱ՞

Ինչ է առաջարկում ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը

Եթե 2026 թվականից գիտության ֆինանսավորման ավելացումը շարունակական տեղի չունենա, ապա անհրաժեշտություն կառաջանա ակտիվացնել տարիներ առաջ ձևավորված «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը։ Այս մասին այսօր, ապրիլի 23–ին, ակադեմիայի ընդհանուր ժողովում հայտարարեց ԳԱԱ ակադեմիկոս–քարտուղար Արթուր Իշխանյանը, հիշեցնելով, որ դահլիճում ներկաներից շատերը, այդ թվում՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավարները, այդ նախաձեռնության անդամ են։

Նա նշեց, որ 2019 թվականից սկսած Հայաստանում գիտության ֆինանսավորումը էականորեն աճել է, և կանգնեցվել է համակարգի ստագնացիան, սակայն դա դեռևս բավարար չէ այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար։ Ըստ նրա, գիտական և գիտատեխնիկական գործունեության համար Իսրայելի հատկացումները կազմում են ՀՆԱ–ի 6%–ը, Հարավային Կորեայինը՝ 5%–ը, Հայաստանում այդ ցուցանիշը մոտավորապես 0.4% է։

«Ես ներառել եմ ևս մեկ երկրի՝ Ուրուգվայի ցուցանիշը։ Ինչու՞ Ուրուգվայի։ Որովհետև մենք Ուրուգվայի վերաբերյալ մինչ այդ հիմնականում լսել էինք, որ Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականը օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է, աշխարհի կրկնակի չեմպիոն է։

Եվ այսօր Ուրուգվայի հատկացումներն են 0.48%, և կա 2017 թվականին ընդունված կառավարության պաշտոնական ռազմավարությունը, որտեղ հայտարարված է, որ նրանց նպատակն է մինչև 30 թվականը հասցնել այդ ցուցանիշը ՀՆԱ-ի 1%–ին», – ասաց նա։

Արթուր իշխանյանը կարծում է, որ Հայաստանում ևս ամեն ինչ պետք է սկսվի կառավարության հայտարարությունից ճիշտ այնպես, ինչպես ֆուտբոլային երկիր Ուրուգվայի կառավարության հայտարարությունն էր։ Պետք է մշակել ռազմավարական ծրագիր կոնկրետ ժամանակահատվածում գիտական և փորձակոնստրուկտորական հետազոտությունների ֆինանսավորումը ՀՆԱ-ի 1%-ին հասցնելու համար։

Նա նշեց, որ դա թույլ կտա ապահովել արտերկրյա մասնագետների լայնածավալ ներգրավում, նյութատեխնիկական բազայի հետագա էական բարելավում և այլն։ Ակադեմիկոս–քարտուղարը նաև առաջարկեց բարձրացնել ոչ միայն գիտաշխատողների, այլև գիտական կազմակերպությունների օժանդակ անձնակազմի աշխատավարձերը։

«Բայց կա շատ կարևոր մեկ այլ բան։ Մեզ անհրաժեշտ է էապես ավելացնել գիտահետազոտական կենտրոնների թիվը։ Օրինակ, մեզ անհրաժեշտ է Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին հրավիրել ստեղծելու իր սեփական ինստիտուտը։ Դրա վրա բնականաբար կլինի ևս մեկ շատ մեծ ծախսային հոդված», – ասաց նա։

Արթուր Իշխանյանը նաև անդրադարձ կատարեց «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նոր նախագծին, նշելով, որ կարևորագույն կետը, որն այս պահին պակասում է այդ նախագծից, դա այն է, որ ակադեմիայի կազմում թույլատրված չէ ունենալ հիմնարկներ։

«Մինչդեռ պետք է հենց այդ հիմնարկների բազմազանությունը ապահովող ֆինանսական միջոցներ հատկացնել, ճիշտ հակառակ փիլիսոփայությամբ։ Տալ կազմակերպություններ հիմնադրելու իրավունք, հատկացնել դրա համար ռազմավարությամբ հաստատագրված կայուն խոշոր դրամագլուխ։ Ես կարծում եմ սա հանդիսանում է կարևորագույն քայլ, որը կարող է լավացնել օրենքի ներկա նախագիծը», – ընդգծեց Արթուր Իշխանյանը, առաջարկելով ընդունել սա որպես իր անձնական առաջարկ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության անունից։ Նա հավելեց, որ առաջարկը գրավոր կներկայացվի Ազգային ժողով և այլ պատկան մարմիններ։

Ակադեմիկոս–քարտուղարը հիշեցրեց, որ օրենքի նախագծում ներառված բուհերի և ինստիտուտների միավորման և ակադեմիական քաղաքի ձևավորման դրույթների վերաբերյալ ակադեմիայի դիրքորոշումը ներկայացնող կա միայն մեկ փաստաթուղթ։ Դա 2024 թվականի ապրիլի 3–ի ԳԱԱ բարձրագույն մարմնի՝ ընդհանուր ընդլայնված ժողովի որոշումն է, որն արտահայտում է ԳԱԱ սկզբունքային դիրքորոշումները։

Նա հիշեցրեց այդ որոշման կետերը.

-տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների համար էլ,

-անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով,

-անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն` բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր,

«Եվ վերջապես, ըստ մեր դիրքորոշման, գիտության և կրթության ինտեգրման առավել արդյունավետ և քիչ ռիսկային ու իրատեսական տարբերակն է, ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացնել փուլային տարբերակով, պիլոտային ծրագրերի իրականացմամբ։ Երկրորդ, ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ, ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ, գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն։

Անհրաժեշտ են ազատ միջոցներ ակադեմիայի նախագահության տրամադրության տակ։ Սա պետք է ամրագրել օրենքով։ Պետք է ամրագրել օրենքով ազատ էական միջոցների առկայությունը արագ արձագանքման նպատակով։ Եվ վերջապես, հանրապետության գիտական, տեխնոլոգիական և կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են և՛ բուհական, և՛ ակադեմիայի համակարգից դուրս», – ասաց նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ