Последние новости

Եգանյան․ Ֆրանսահայությունն ամենաքաղաքականացվածն է սփյուռքում, դա լուրջ խնդիր է ՀՀ իշխանությունների համար

«Շատ վատառողջ է այն նարատիվը, որ փորձում են ձևակերպել Հայաստանի իշխանությունները. ակնհայտ է, որ այս դիսկուրսը թուրքական ճնշումների հետևանքով է ձևավորվել»։ Այս մասին լրագրող Ազա Բաբայանի հետ հարցազրույցում ասաց Ֆրանսիայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ, արևելագետ, միջազգային հարցերով փորձագետ Տիգրան Եգանյանը՝ խոսելով այն մասին, որ Հայաստանի իշխանությունների կողմից փորձեր են արվում կասկածի տալ դնելու Ցեղասպանության հանգամանքները և հանելու Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգից։

«Ակնհայտ է, որ լուրջ ճնշումներ կան, որոնք թուրքական և ադրբեջանական առանցքը փորձում է գործադրել Հայաստանի վրա։ Ես ինքս ներկա եմ եղել Նիկոլ Փաշինյանի այցելությանը Փարիզ, և հասկացել եմ, որ Հայ դատն այլևս դուրս է գալիս Հայաստանի օրակարգից։ Նա ասաց, որ Հայաստանը դաշնակցական մտածողություն ունի, պետք է հակադաշնակցականացնել քաղաքական միտքը։ Այս ամենը ադրբեջանական ճնշումների ներքո է արվում, որովհետև նրանք էին ասում, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է»,–հավելեց Տիգրան Եգանյանը։

Արևելագետի խոսքով, եթե Հայաստանի իշխանությունները որոշեն մոռանալ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջատիրությունը և Արցախի հայության իրավունքները, կնշանակի, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս ազգ–պետություն չէ, սփյուռքահայերն էլ այլևս ազգի մի մասը չեն։

«Կարծում եմ, ՀՀ Ներկա իշխանությունը ուզում է քանդել, հակաքաղաքականացնել սփյուռքը։ Ֆրանսահայությունն ամենաքաղաքականացվածն է սփյուռքում, դա լուրջ խնդիր է ՀՀ ներկայիս իշխանությունների համար»,–նշեց Տիգրան Եգանյանը։

Լրագրողի հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ֆրանսիայի հայ համայնքը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությաը դիմադրելու համար, Ֆրանսիայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչը պատասխանեց.

«Ֆրանսահայերը չեն ուզում վնասել Հայաստանի շահերը և միջամտել Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, ավելի զգույշ են։ Բայց և այնպես, կա կարմիր գիծ՝ իշխանությունները սփյուռքն ուժեղացնելու և Հայաստանի հետ համագործակցության զորացմանն ուղղված ծրագրեր մտածելու փոխարեն տկարացնում են սփյուռքը»։

Պատասխանելով հարցին, թե ինչպես են Ֆրանսիայի իշխանություններն ընդունում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն ու հատկապես Նիկոլ Փաշինյանի քայլերը, Տիգրան Եգանյանն ասաց.

«Ես չեմ կարող երաշխավորել, որ 100 տոկոսով վստահում են Նիկոլ Փաշինյանի քայլերին ու խոսքերին։ Ես հասկացել եմ, որ Հայաստանը, որպես Հարավային Կովկասի ամենախոցելի երկիր և որպես երկիր, որը որդեգրեց արևմտամետ հակումներ, ունի որոշակի կարևորություն, բայց ընդհանուր առմամբ Ֆրանսիան լուրջ հետաքրքրվածություն և ռազմավարություն չունի Հայաստանի նկատմամբ։ Չկա լուրջ ռազմավարություն և չկան լծակներ, որ Ֆրանսիան կարողանա փոխարինել մյուս դերակատարների ազդեցությունը, Ֆրանսիան մեծ դերակատար չէ»։

Անդրադառնալով Հայաստանում առկա դիսկուրսին այն մասին, որ Արցախի հայաթափման մեջ մեղավորության իր բաժինն ունի Ֆրանսիան, քանի որ մաև Էմանուել Մակրոնի «ճնշմամբ» Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, միջազգային հարցերով փորձագետն ասաց.

«Հայաստանի վերնախավի լրջագույն խնդիրն այն է, որ նրանք օտար փրկիչների են սպասում։ Ֆրանսիան չունի այդ մտադրությունը, այնպես չէ, որ Էմանուել Մակրոնը սպիտակ ձիու վրա նստած պիտի գա Հայաստանը պաշտպանելու։ Մակրոնը դժգոհ է ներկա իրավիճակից, բայց նա որևէ լծակ չունի Ադրբեջանի նախագահի վրա բանեցնելու։ Վերադառնալով Ձեր հարցին՝ Մակրոնը փորձում է փախչել պատասխանատվությունից և պատասխանատվությունը դնել ԵՄ ղեկավարության վրա։ Նա միշտ՝ Արցախի հակամարտության մասին խոսելիս ասում է, որ մենակ չի կարող գործել և ԵՄ գործընկերների աջակցության կարիքն ունի»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ