Последние новости

Լիովին աջակցում եմ. Շահրամանյանն Ազատության հրապարակի վրանում հանդիպեց արցախցիներին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լիովին աջակցում է Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին։ Այս մասին նա այսօր ասաց «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի» անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Լիվին աջակցում եմ այս նախաձեռնությանը` անկախ նրանից` ինչ որոշում կկայացնեք։ Այդ թվում` եթե որոշեք տեղափոխվել գրասենյակային պայմաններում աշխատանքի, ինչպես առաջարկում են կառավարությունից։ Մանրամասն տեղյակ եմ իրականացվող աշխատանքներին, ձեր որոշումներին, առաջարկվող տարբերակներին»,– նշեց Շահրամանյանը։

Նա ասաց, որ տեղյակ է կառավարության առաջարկին` համապատասխան խմբեր ստեղծել ու աշխատանքներ իրականացնել։

«Կարծում եմ` պետք է դա իրականացվի, քանի որ դրանից է կախված նաև հետագայում մեր` արցախցիներիս հետագա ինտեգրումն ու արժանապատիվ ապրելը ՀՀ–ում»,– ընդգծեց Արցախի նախագահը։

Նրա խոսքով` արցախցիների սպասելիքներն այսօր շատ մեծ են, ու առաջնայինը հումանիտար–սոցիալական հարցերն են, որոնցով ամենօրյա ռեժիմով իրենք զբաղվում են։

Շահրամանյանը նշեց, որ ՀՀ կառավարության առաջարկած ծրագրերն ունեն բազմաթիվ խնդիրներ, օրինակ` բնակարանային ծրագիրը հենց սկզբից տապալված էր, ու պարզ էր, որ արցախցիները դրանից չեն կարողանալու օգտվել, քանի որ լուրջ հանգամանքներ հաշվի առված չեն։

«Պետք է որոշում կայացնել ու ներկայացնել կառավարությանը` հետագա աշխատանքների հետ կապված»,– ընդգծեց Շահրամանյանը։

Դրանից հետո լրագրողներին խնդրեցին վրանից դուրս գալ, քանի որ փակ քննարկում են ունենալու։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կառավարությունը որոշել էր, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվում է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։

Արցախցիներն արդեն 2 անգամ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Առաջին հանդիպման ժամանակ նա հայտնել էր, որ «40+10» ծրագրին հետդարձ չի լինելու, իսկ երկրորդին ընդգծել` պատրաստ են երկարաձգել տրամադրվող աջակցությունը, այդ ընթացքում ձևավորել փորձագիտական խմբեր և ի մի բերել բարձրաձայնվող բոլոր խնդիրները` պայմանով, որ վրանը կհանվի։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ