Последние новости

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆՈՒՄ Է, ՄԱԿ-Ի ՄԴ-Ն ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՃԱՆԱՉԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՅՑԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՍՊԵԿՏՆԵՐՈՎ

Իմ գնահատմամբ, Ադրբեջանը փորձում է իմիտացնել, որ հայկական կողմի իրավական պահանջները հիմնավոր չեն, դրանք մերժվում են, իրականությունն այն է, որ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը կիսել է հայկական կողմի առարկությունները և ադրբեջանական հայցը բազմաթիվ ասպեկտներով անընդունելի է ճանաչել: Այս մասին News.am-ին ասաց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, թե իբր ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ, որոնք վերաբերում էին Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմաններին ու վերաբերմունքին:

«Նախ ապատեղեկատվություն է տարածվում այն առումով, որ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում քննարկման առարկա է ոչ թե բացառապես հայ ռազմագերիների վերադարձը, այլ ռասսայական խտրականության դրսևորումն էթնիկ հայերի նկատմամբ և գործընթացը բնականաբար ավարտին չի հասել, նոր դատական ակտեր չեն կայացվել: Երկրորդ, միջանկյալ միջոցների վերաբերյալ մի քանի որոշումներ ընդունել է դատարանը, ընդ որում բավարարելով հայկական կողմի պահանջները:

Ըստ էության նոր քննարկում նաև հայցի ապահովման միջոցների առնչությամբ տեղի չի ունեցել: Այլ հարց է, որ մարտից հետո հաշվի առնելով որոշ զարգացումներ՝ դատավարությունների մեկնարկը, խոշտանգումներ ցուցադրող լուսանկարների գոյությունը, հայկական կողմը հավելյալ տեղեկատվություն է ուղարկել դատարանին: Սակայն հաշվի առնելով արդեն գոյություն ունեցող հայցի ապահովման միջոցները, նոր միջոցներ չեն կիրառվել, բայց դատարանի կայքի ուսումնասիրությունը վերահաստատում է, որ դատարանի կողմից նոր որոշումներ չեն կայացվել:

Այստեղ Ադրբեջանը փորձում է մանիպուլացնել այն հանգամանքը, որ հայկական կողմը լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրել դատարանին, բայց ինքնին այդ տեղեկատվությունը չի մեկնարկում նոր դատավարական պրոցես, եթե ինքնուրույն քննարկման առարկա դառնար հայցի ապահովման միջոցների խնդիրը, ապա պետք է լինեին նաև լսումներ, ինչպես եղավ նախորդ դրվագներով»,- ասաց իրավապաշտպանը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ