Последние новости

«ԸՆԴՈՒՆԵԼԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ». «ԿՈԼՑՈ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՍԵՂՄՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ

Ապրիլի 27-ին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը հրապարակեց «կարմիր դրոշի ազդանշան» (Red Flag Alert) նախազգուշացումների իր նոր շարքի առաջին մասը՝ «Ցեղասպանության առանցքը. ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը, Ռուսաստանը և «ընդունելի ցեղասպանության» դարաշրջանը» վերտառությամբ, նվիրված Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին։ Շարքի նախաբանում ինստիտուտի տնօրեն Էլիզա ֆոն Ջոդեն-Ֆորջին արձանագրում է. «Ցեղասպանությունը դառնում է ընդունելի և առօրեական»:

«Թեեվ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, օրինակ, մրցակցում են Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իշխանության և վերահսկողության համար, նրանց մրցակցությունը երբեմն պահանջում է կարճաժամկետ ռազմավարական քաղաքական համաձայնեցում։ Ճիշտ ինչպես 19-րդ դարի Եվրոպայի մոտեցումն Օսմանյան կայսրության նկատմամբ, Հարավային Կովկասում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համաձայնեցումը հող նախապատրաստեց Արցախում ցեղասպանության համար և այժմ սպառնում է բուն Հայաստանին»,- գրում է դոկտոր Ջոդեն-Ֆորջին։

Այն փաստը, որ Հայաստանում ազգադավ իշխանության առկայության պայմաններում աշխարհաքաղաքական միտումների զարգացումը սպառնում է ՀՀ պետականությանը և բուն գոյությանը, բնականաբար, նոր չէ։ Սակայն արժե իրավիճակին նայել ոչ վաղ անցյալի իրադարձությունների լույսի ներքո, որոնց 34-րդ տարելիցը լրանում է այս օրերին։

Խոսքն, իհարկե, «Կոլցո» ռազմա-ահաբեկչական գործողության մասին է, որը կազմակերպեցին այն ժամանակ դեռևս խորհրդային Ադրբեջանի իշխանությունները և իրականացրեցին ադրբեջանական ՕՄՕՆ-ի և խորհրդային բանակի կանոնավոր ստորաբաժանումները: Գործողության նպատակը հայկական Արցախի ոչնչացումն էր և նրա տարածքի զավթումը հայ բնակչության բռնի տեղահանման միջոցով, ինչը վերջնականապես իրականացվեց 2023թ. սեպտեմբերի 19-30-ին։

Այն ժամանակ՝ 1991-ի գարուն-ամռանը, դա հաջողվեց իրականացնել Հյուսիսային Արցախի շուրջ 25-30 գյուղերի նկատմամբ. տեղահանման ենթարկվեցին ավելի քան 10 000 խաղաղ քաղաքացիներ, ավելի քան 100-ը սպանվեցին, հարյուրավոր մարդիկ գերեվարվեցին, ենթարկվեցին խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, տասնյակ մարդիկ անհետ կորան։ Ցեղասպանությունն ու էթնիկ զտումները դադարեցին օգոստոսի 19-20-ին, երբ Մոսկվայում ձախողվեց ԳԿՉՊ-ի պուտչը, և Ռուսաստանի նոր իշխանությունները հրաժարվեցին շարունակել օգնել Ադրբեջանին։

«Կոլցո» գործողության մանրամասները լավ հայտնի են «ԳԱ»-ի ընթերցողներին։ Կան բազմաթիվ զեկույցներ, վկայություններ, տեսանյութեր, լուսանկարներ և այլ նյութեր, որոնք հասանելի են https://karabakhrecords.info/ կայքում։ Հիշեցնենք միայն ադրբեջանական ավազակախմբերի կողմից կիրառվող մարտավարությունը. գյուղերը շրջափակում էին բոլոր կողմերից, ռազմական ավիացիայի կիրառմամբ սաստիկ գնդակոծում, որից հետո ՕՄՕՆ-ը և խորհրդային բանակի զորամասերը ներխուժում էին և սկսում «մաքրել»:

Այս ամենն ուղեկցվում էր խաղաղ քաղաքացիների սպանություններով, պատանդառությամբ, ծեծով, ահաբեկումով ու տեռորով, այնուհետ ողջ բնակչության բռնի տեղահանումով, ավազակությամբ, թալանով և հայկական գյուղերում ադրբեջանցիների բնակեցումով։

Ավելի քան 30 տարի անց «Կոլցո» գործողությունը փաստացի կրկնվեց ավելի մասշտաբային ձևով. սկզբում՝ 10-ամսյա շրջափակման տեսքով, իսկ հետո՝ 2023-ի սեպտեմբերին Հայրենիքից հայերի համատարած գաղթով։ Արցախի Հանրապետությունն այսօր բռնազավթված է, ինչպես որ 34 տարի առաջ զավթվեց Հյուսիսային Արցախի մի մասը։ Այն ժամանակվա իրադարձություններից էական տարբերությունն այն է, որ բուն Հայաստանն արդեն 7 տարի բռնազավթված է Փաշինյանի թուրքամետ ռեժիմի կողմից։

«Приемлемый геноцид»

Այդ փաստի բնական հետևանքը երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակն է, որտեղ, ըստ էության, իրականացվում է «Կոլցո» գործողության նույն ռազմա-ահաբեկչական սցենարը:

«Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից։ Եթե մյուս հատվածներում` Արավուս, Խոզնավար կամ Ջերմուկ, կրակոցներն ավանդական գրաֆիկով են եղել, 2 ժամը մեկ, ապա Խնածախի ադրբեջանական դիրքերից առավելագույնը 5 րոպե դադարով կրակահերթեր են եղել»,- երեկ տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ապրիլի 23-ին ՝ ժամը 22:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն». սա արդեն ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկատվությունն է:

«Ապրիլի 20-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը». սա նույնպես պաշտոնական հաղորդագրություն է։

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակել է Խնածախ գյուղի հատվածում։ «Կրակում էին 40 րոպեից ավելի, ամբողջ գիշեր չենք քնել», - պատմել է գյուղի բնակիչը՝ հավելելով, որ ադրբեջանական դիրքերից վիրավորանքներ ու սպառնալիքներ էին գոչում մոտակայքում անասուններ արածեցնող հովիվների հասցեին (Sputnik Արմենիա)։

«Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է մշակույթի տան շենքը»,- հաղորդել է ՀՀ ՊՆ-ն:

Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերում կրակոցներ են հնչել ադրբեջանական դիրքերից, ասված էր Sputnik Արմենիայի տեղեկատվության մեջ։ «Գիշերները 5-6-ական կրակոց է լսվում»,- պատմել է Չինարի գյուղի բնակիչը: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես գյուղերի շրջանում։

«Приемлемый геноцид»

ՍԱ ՄԻԱՅՆ ՎԵՐՋԻՆ ԱՄՍՎԱ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈԿ ՉՆՉԻՆ ՄԱՍՆ Է: Այն մասին, թե ինչ իրավիճակ է ստեղծվել Ներքին Հանդ գյուղում, մանրամասն խոսվել է «Թաթոյան» հիմնադրամի կողմից դեռևս 2024 թվականի մարտին հրապարակված զեկույցում։ Հիշեցնենք միայն, որ գյուղի մի մասը բռնազավթված է ադրբեջանական զինուժի կողմից, այդ թվում՝ խմելու ջրի աղբյուրները, եկեղեցին, գերեզմանոցը, այգիները, արոտավայրերը, խոտհարքներն ու վարելահողերը: «Ապօրինի զինված դիրքերը գտնվում են Ներքին Հանդի դպրոցից 769 մետր հեռավորության վրա»,- նշվում է զեկույցում:

Իսկ մեկուկես ամիս առաջ՝ մարտի 19-ին գյուղի գրավյալ տարածքներում ադրբեջանցիները քանդել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը։

Այժմ՝ մեջբերում Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժմանւ մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից: Այն չափորոշիչների շարքում, թե ինչ է նկատի առնվում «ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ» ցեղասպանության տակ, 2-րդ հոդվածում նշվում է. «Որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։

«Ցեղասպանությունը դառնում է առօրեական»,- հավաստում է Լեմկինի ինստիտուտի տնօրենը: Ցեղասպանությունն, ըստ էության, արդեն առօրեական է դարձել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի հազարավոր բնակիչների համար՝ ճիշտ այնպես, ինչպես արցախցիների համար 44-օրյա պատերազմից, շրջափակումից և սեպտեմբերյան իրադարձություններից հետո։ Օղակը սեղմվում է Հայաստանի շուրջ ճիշտ այնպես, ինչպես սեղմվում էր Արցախի շուրջ 1991-ի գարուն-ամռանը։

Եվ այս ամենը տեղի է ունենում ՀՀ ազգադավ իշխանությունների լիակատար անգործության պայմաններում, ավելի ճիշտ՝ ակտիվ աջակցությամբ, որոնք ամեն ինչ արեցին գրեթե երկու տարի առաջ Արցախի ամայացման և Ադրբեջանի կողմից նրա բռնազավթման համար, իսկ այսօր նույն կերպ աջակցում են Հայաստանի ինքնիշխան պետության հանդեպ համանման աղետալի սցենարին։

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «ПРИЕМЛЕМЫЙ ГЕНОЦИД»: ОПЕРАЦИЯ «КОЛЬЦО» СЖИМАЕТСЯ СЕГОДНЯ ВОКРУГ АРМЕНИИ
    2025-05-02 09:57

    27 апреля Институт по предотвращению геноцида им. Лемкина опубликовал первую часть своей новой серии предупреждений «красный флаг» (Red Flag Alert) под названием: «Ось геноцида - США, Азербайджан, Турция, Израиль, Россия и эпоха «приемлемого геноцида», которая посвящена трагическим событиям в Арцахе. В предисловии к серии директор Института Элиза фон Джоден-Форджи констатирует: «Геноцид становится приемлемым и обыденным».

  • БЕРКЛИ, или МОЛЧАНИЕ ПОСЛОВ
    2025-04-29 09:56

    "Поддавшись угрозам Азербайджана, в Университете Беркли запретили показ посвященного Арцаху фильма Сарин Айрапетян "Моя сладкая земля". Это уже второй случай цензуры с этим фильмом. И если первый был в арабской стране – Иордании, то на сей раз это случилось в США, в Университете Беркли, где зародилось Движение за свободу слова. Да еще и в Центре прав человека, где был запланирован показ фильма 24 апреля. Университет Беркли закончил Аво, чье имя американский Фейсбук также подвергает цензуре. В стране, которая учит мир тому, что есть свобода слова", - написал режиссер и общественный деятель Ованнес Ишханян.

  • «ОНИ ЗНАЛИ, НА ЧТО ИДУТ»: СВИДЕТЕЛЬСТВА ЭЛЕОНОРЫ АВАНЕСЯН
    2025-04-25 09:17

    Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.

  • «Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ
    2025-04-22 09:36

    17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ