Последние новости

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին զրկել է արտասահմանցի ուսանողների ընդունելության իրավունքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հինգշաբթի Հարվարդի համալսարանին զրկել է արտասահմանցի ուսանողներ ընդունելու իրավունքից, ինչը նշանավորել է ամերիկյան մասնավոր ութ համալսարանների միավորման՝ Բաղեղի լիգայի (The Ivy League) ինքնավարության համար պայքարի կտրուկ սրումը՝ վարչակազմի քաղաքական պահանջների առկայությամբ, հաղորդում է CNN-ը։

«Հարվարդն այլևս չի կարող ընդունել արտասահմանցի ուսանողների, իսկ ներկայում բուհում սովորող արտասահմանցի ուսանողները պետք է տեղափոխվեն այլ բուհեր, հակառակ դեպքում կկորցնեն իրենց իրավաբանական կարգավիճակը»,- ասված է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ։

Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմն իր գերատեսչությանը կարգադրել է դադարեցնել Հարվարդի արտասահմանցի ուսանողների և փոխանակման այցելուների ծրագրի հավաստագրումը՝ հղում անելով նրան, որ համալսարանն անցյալ ամիս հրաժարվել է նախարարությանը տրամադրել արտասահմանցի ուսանողների վարքագծի վերաբերյալ գերատեսչության պահանջած տվյալները։

Նոեմը հինգշաբթի Հարվարդ ուղարկված նամակում համալսարանին մեղադրել է «համալսարանական անապահով մթնոլորտը պահպանելու՝ հրեա ուսանողների հանդեպ թշնամական վերաբերմունքը, ՀԱՄԱՍ-ի նկատմամբ համակրանքը խթանող և ռասիստական՝ ​​բազմազանության, հավասարության և ներառականության մեթոդներ կիրառելու» մեջ։

«Թող սա նախազգուշացում ծառայի երկրի բոլոր համալսարանների և ակադեմիական հաստատությունների համար»,- ասված է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ։

Հարվարդի համալսարանն անցյալ ամիս դատական ​​​​հայց ներկայացրեց Թրամփի վարչակազմի դեմ, երբ դաշնային կառավարությունը հայտարարեց, որ սառեցնում է 2,2 միլիարդ դոլարի դրամաշնորհները և, ըստ համալսարանի ներկայացուցիչների՝ աննախադեպ և անպատշաճ վերահսկողություն սահմանեց Բաղեղի լիգայի նկատմամբ։

Թրամփի վարչակազմը հայտարարեց, որ սառեցնում է դաշնային ֆինանսավորումը, երբ համալսարանը հրաժարվեց ընդունել պահանջները, որոնք, ըստ համալսարանի, ուղղված էին համալսարանում հակասեմիտիզմի դեմ պայքարին։

Կառավարության պահանջների թվում էին ուսանողների տեսակետների ստուգումը և «ամերիկյան արժեքների և հաստատությունների նկատմամբ թշնամաբար տրամադրված» արտասահմանցի ուսանողների մուտքի արգելքը։

Հայցում համալսարանը պնդում է, որ ֆինանսավորման սառեցումը կապված չէ վարչակազմի՝ հակասեմիտիզմի վերաբերյալ մտահոգությունների հետ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ