Էհսան ՄՈՎԱՀԵԴԻԱՆ․ ՃԳՆԱԺԱՄԻ ԽՈՐԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հարավային Կովկասի տարածաշրջանում իրանա-իսրայելական ճգնաժամի տարածման հնարավորությունը չի բացառվում, սակայն Թեհրանը թույլ չի տա սահմանների որևէ փոփոխություն կամ աշխարհաքաղաքական վերափոխումներ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հարավային Կովկասի հարցերով իրանցի միջազգայնագետ, Թեհրանի ATU համալսարանի դասախոս Էհսան Մովահեդիանը։
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է լայնածավալ ռազմական գործողություն, որի շրջանակում հարձակման են ենթարկվել Իրանի միջուկային ծրագրի ռազմական օբյեկտները, սպանվել են բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ:
«Ես իմ հարցազրույցներում բազմիցս ասել եմ՝ Անկարան և Բաքուն սպասում են, որ իրադրությունն Իրանում անկայունանա, որպեսզի «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու կեղծ պատրվակով Հայաստանի հարավի վրա հարձակում ձեռնարկեն։ Հարվածները կարող են հասցվել Ադրբեջանից և Թուրքիայից Հայաստանին, Իրաքյան Քրդստանից Իսրայելի աջակցությամբ՝ Իրանին, կամ էլ Էմիրություններից` Պարսից ծոցի իրանական երեք կղզիներին (ըստ երևույթին նկատի ունի «վիճելի» Աբու Մուսան, Մեծ Տոմբ և Փոքր Տոմբ կղզիները–խմբ.)»,-կարծիք հայտնեց Մովահեդիանը։
Նրա խոսքով` տարածաշրջանում իր շահերն ապահովելու և սահմանները պաշտպանելու համար Իրանը կօգտագործի ցանկացած մեթոդ` նույնիսկ առանց այլ երկրների աջակցության:
Ինչ վերաբերում է Իրանի դեմ ագրեսիային Իսրայելից բացի Ադրբեջանի կարգի երկրների հնարավոր մասնակցությանը, ապա Մովահեդիանն ընդգծեց, որ դեռևս հաստատված տեղեկատվություն չունի ճգնաժամում այս կամ այն պետության ուղղակի ներգրավվածության մասին, սակայն վստահ է, որ ցանկացած երկիր, որը թույլ է տվել իր տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակվելու համար, Թեհրանի կողմից կդիտվի որպես թշնամական:
Միջազգայնագետը համոզմունք հայտնեց, որ իսրայելական հարձակումներն անհնար կլինեին առանց ԱՄՆ-ի իմացության և աջակցության:
«ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ են գործել։ Քանի դեռ ԱՄՆ-ն մեզ հետ բանակցության պատրանք էր ստեղծում, Իսրայելը հարձակման սցենար էր մշակում։ Առանց Վաշինգտոնի հետախուզական տվյալների և լոգիստիկայի Իսրայելը չէր կարողանա այդօրինակ ճշգրիտ և մասշտաբային գործողություն իրականացնել», - կարծիք հայտնեց փորձագետը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն օգնում են Իսրայելին զարգացնել միջուկային ծրագիրը՝ դրանով իսկ սպառնալով միջազգային անվտանգությանը։ Փորձագետն Իսրայելի գործողությունները գնահատեց որպես ոչ միայն Իրանի ռազմական ներուժը խարխլելու, այլև ներքին ճգնաժամ հրահրելու փորձ՝ նման Լիբանանում կամ Բալկաններում անցյալում տեղի ունեցած իրադարձություններին:
Իսկ Իսրայելի հարձակման գլխավոր նպատակը ոչ միայն Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացումն է, այլև զինված ուժերի հրամանատարական կազմի, ինչպես նաև միջուկային ֆիզիկայի ոլորտի գիտնականների վերացման միջոցով Թեհրանի քաղաքական կամքը կաթվածահար անելու ցանկությունը։
Ըստ Մովահեդիանի` իսրայելական հարձակումներից հետո ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը հարցականի տակ է դրվել, քանի որ Իրանի կողմից գործակալությանը փոխանցված գաղտնի տեղեկատվությունը տրամադրվել է Իսրայելին: Մեր զրուցակցի կարծիքով՝ գործակալությունը հրաժարվել է հաստատել իրանական ծրագրի խաղաղ բնույթը հենց ԱՄՆ-ի և Եվրոպայի ճնշմամբ:
Այնուամենայնիվ, ըստ Մովահեդիանի, Իրանում միջուկային գիտության ոլորտն արդեն ամուր հիմքեր ունի, և մի քանի գիտնականների սպանությունը չի խանգարի զարգացնելու ծրագիրը:
«Իրանի կարևոր միջուկային օբյեկտները գտնվում են անվտանգ վայրերում՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների «աչքից» հեռու, և դրանք չեն կարող ոչնչացվել նույնիսկ միջուկային հարվածի արդյունքում», - նշեց փորձագետը:
Ամփոփելով՝ նա նշեց, որ Իրանի սպասողական քաղաքականությանը վերջ է դրվել, Իսրայելի նկատմամբ զսպվածության և դիվանագիտորեն մանևրելու նախկին ռազմավարությունն իրեն սպառել է, և Թեհրանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի այս լայնածավալ հակամարտությունն իր համար դրական արդյունքով ավարտելու համար:
Գեղեցիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 19:54
Ректор Ереванского государственного университета Ованнес Ованнисян уволил декана факультета богословия, епископа Анушавана Жамкочяна, сообщает издание 24News.
-
2025-07-10 19:24
В Турции разгорелся скандал вокруг карикатуры, опубликованной в известном сатирическом журнале LeMan, который уже более 30 лет высмеивает власть. Из-за рисунка, на котором изображены два персонажа – бородатый мужчина в такия (традиционная мусульманская шапочка), представившийся Мухаммедом, и мужчина в цилиндре, напоминающий хасидского еврея, по имени Муса, – полиция ворвалась в редакцию и арестовала сотрудников. На фоне горящих зданий и летящих ракет оба персонажа изображены с крыльями, пишет Index on Censorship.
-
2025-07-10 19:19
Россия в контексте угроз США в адрес БРИКС призывает к компромиссам. Об этом, как передает РИА Новости, заявил замглавы российского МИД Сергей Рябков.
-
2025-07-10 19:15
Прошедшие с утра обыски, последовавшие за ними аресты и весь сопутствующий процесс не имеют отношения к праву. Это действия по "указке" сверху, мишенью которых стала партия Дашнакцутюн (АРФД), поэтому адвокаты приняли решение не участвовать в происходящем и не легитимизировать процесс своим присутствием. Об этом в беседе со Sputnik Армения заявил адвокат Сергей Арутюнян.