Последние новости

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՌՈՒՍՆԵՐԸ ԿՈՐՑՐԵՑԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աբու Դաբիում որևէ փաստաթուղթ չստորագրվեց, որովհետև Ադրբեջանը ուրիշ սպասելիքներ ունի, ուրիշ պահանջներ ունի՝ ադրբեջանցիների վերադարձը, որ Երևանում վերահաստատվի ադրբեջանցիների համայնքը, որոշ եկեղեցիները պետք է դառնան աղվանական։ Այս մասին News.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

 

«Մեր հասարակության համար երևի դա պրոբլեմ չի, եթե նրանք իրենց ստամոքսը և աղիքները լցնեն ուտելիքով, նրանց համար պրոբլեմ չի, եկեղեցի ունենանք, թե չունենանք, Էջմիածինը ինչ կլինի, Էջմիածինի անունը Ուչքիլիսա են դրել, Սևանը Գյոյչա է։ Մեր հասարակության մի մասի համար դա կապ չունի, մենակ նախկինները իրենց փողը նորից չխլեն, դա է կարևոր, իսկ որ Սևանը խլեն, Էջմիածինը խլեն, եկեղեցիները, Արարատը խլեն, Արարատը ուզում են զինանշանից հանել, մեր հասարակության համար դա պրոբլեմ չի։ Այսինքն մենք բարձրաձայն աշխարհին ասեցինք, որ մենք պետություն ունեցող ազգ չենք, մենք էթնիկ խումբ ենք, որը ապրում է առևտրով, փողով ու ուտելիքով, մեզ պետություն պետք չի։

Մենք դա երկրորդ անգամ ասեցինք, 100 տարի առաջ էլ տապալեցինք մեր պետությունը, հիմա էլ տապալեցինք։ Եվ սա իհարկե ոչ միայն այս խայտառակ խմբի մեղքն է, նաև այն մարդկանց, որոնք այնպես կառավարեցին, այն օրը գցեցին մեր ժողովրդին, որ հիմա ժողովուրդը ընտրեց սրանց, սրանց հետևից գնաց։

Իհարկե սրա հետևը կանգնած է Արևմուտքը, «Զանգեզուրի միջանցքը» հիմա դառնալու է Թուրքիայի, Ադրբեջանի, ՆԱՏՕ-ի, Մեծ Թուրանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհ, որը նրանք ատամներով պաշտպանելու են, և մենք այլևս որևէ ձևով սա հետ չենք կարողանալու վերցնել, և եթե անգամ փորձենք, պատերազմ կսկսվի և նրանք զորքը կմտցնեն Սյունիք։ Վսյո, էս հարցը լուծվեց։ Դրանից հետո էլ Հայաստանը կամաց-կամաց կդատարկեն։

Սրա հետևը կանգնած է այն խղճուկ մարդը, որ մեզ ասում է, որ մեր կողքն է՝ Մակրոնը, որը իր սեփական կնոջից չի կարողանում իրեն պաշտպանել, մեզ էր ուզում պաշտպանել։ Ֆրանսիան, Անգլիան, Միացյալ Նահանգները։ Իրենց նպատակն է Ռուսաստանը հանել Կովկասից, իսկ հայերին գցել թուրքի ոտի տակ, այնպես, որ մենք այլևս երբեք չկարողանանք կանգնել և պետություն ունենալ»,– ասաց Խաչիկյանը։

Դիտարկմանը՝ եթե նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, ինչո՞վ է պայմանավորված, որ Մոսկվան ողջունել է, որ Երևանն ու Բաքվի միջև հարաբերությունները կարգավորվում են, քաղաքագետը պատասխանեց. «Նախ, Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ շատ հարցեր կան ոչ միայն մեր ռեգիոնում։ Պարոն Լավրովը, իհարկե, փորձառու դիվանագետ է, խելացի մարդ է, բայց իր արտաքին քաղաքականությունը ինչի՞ բերեց Կովկասում, Կենտրոնական Ասիայում, արևելյան Եվրոպայում։ Երկրորդը, իհարկե, Ռուսաստանի համար Ուկրաինան հիմա կենսական նշանակություն ունի, Ռուսաստանը իր գոյության համար է պայքարում Ուկրաինայում։ ՌԴ–ն հիմա միջոց չունի այստեղ խառնվելու, և երրորդը այնտեղ կա այդ պրոթուրքական լոբբին, որոնք կարծում են, որ Ռուսաստանը պետք է բարյացակամ հարաբերություններ ունենա Թուրքիայի հետ, ոչ թե հայերի հետ։

Տեսեք ինչպես էին վերաբերվում ռուսներին Ադրբեջանում և տեսեք, որ Զախարովան լավ էլ հարձակվում էր մեր լրագրողների վրա, իսկ այնտեղ ասում էր՝ զուտ դիվանագիտական ձևով պետք է հարցը լուծել։ Իսկ ռուսներին այնտեղ ծեծում էին, արյունլվա էին անում։ Ես շատ զարմացած եմ։ Դուք գիտեք, որ ես շատ լավ եմ վերաբերվում Ռուսաստանին, բայց այս արտաքին քաղաքականությունը չի կարելի հաջող համարել»։

Քաղաքագետը նկատեց, որ ռուսները չեն ուզում գնալ արճակատման Ադրբեջանի, Թուրքիայի հետ, որովհետև նրանց միջոցով կարող են չեզոքացնել Արևմուտքի սանկցիաները. «Իրենց մոտ մարդիկ կան, որ ասում են՝ մենք պետք է թուրքերի հետ լեզու գտնենք, մեր թշնամին Արևմուտքն է, ոչ թե թուրքերը, եվրասիական այդ տեսությունն են զարգացնում։ Այդպես նրանք կորցրեցին և Ադրբեջանը, և Հայաստանը, և դա մեծ հարցեր է առաջացնում այն մարդկանց համար, որոնք ղեկավարում էին Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասում։

Բայց մենք էլ ունեցանք մի կառավարություն, որը շատ մեծ ցան, մեծ ուրախությամբ հանձնեց Արցախը, հիմա էլ հանձնում է Հայաստանը, Պրագայում փաստաթուղթ է ստորագրում, հետո մենք մի քանի շաբաթ հետո ենք ճշմարտությունը իմանում, թե նրանք ինչ են արել», – հայտարարեց Արթուր Խաչիկյանը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ