Последние новости

«Հարյուրավոր մարդկանց հեռախոսազրույցները գաղտնալսվել են». փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ կապված իրավապահների կողմից ՀԷՑ–ի աշխատակիցների և Սամվել Կարապետյանի աջակիցների հեռախոսազանգերը գաղտնալսելու, ձայնագրությունները հրապարակելու և դրանց հիման վրա 11 անձի բերման ենթարկելու հետ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Տիգրան Հայրապետյանը։

«Երբ հուլիսի 4-ին հայտարարվեց, որ ի աջակցություն Սամվել Կարապետյանի հանրահավաք է անցկացվելու, մամուլում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ձայնագրություններ հրապարակվեցին։ Մամուլում մեկ տասնյակից ավելի հեռախոսային խոսակցություններ են տեղադրվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ իբրև թե ոստիկանության ինչ–որ բաժին հետևում է մամուլի հրապարակումներին և տեսնում է այդ գաղտնալսումները, այնուհետև օպարատիվ հետախուզական միջոցառում են կազմակերպում և գտնում, թե ովքեր են հեռախոսյաին խոսակցության հասցեատերերը։ Դիմում են քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվում է քրեական վարույթ։ Օրենքով սահմանված է, որ հեռախոսային խոսակցությունն անձնական գաղտնիք է, և դա չի կարող գաղտնալսվել։ Հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու թույլտվությունը հազվադեպ դեպքերում է տալիս դատարանը, այն ժամանակ, երբ այդ անձինք նախապատրաստվում են կատարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն»,–ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ ՀԷՑ–ի աշխատակիցներից և Սամվել Կարապետյանի աջակիցներից շատերի հեռախոսազանգերն են գաղտնալսվել, սակայն հրապարակվել են միայն մեկ տասնյակ հեռախոսազանգերը։

«Նրանք գտել են այն խոսակցությունները, որտեղ խոսում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի իրականացվող հավաքի մասին։ Ընդ որում, այդ խոսակցություններում հանցանքի տարրեր չկան։ Քրեական օրենսգրքով արգելվում է պահանջել, հարկադրել, որ անձը մասնակցի հավաքին, եթե նա դա չի ուզում, կամ մարդը չի ուզում գնալ հավաքի, նրան գումար են տալիս, որ գնա։ 11 հեռախոսային խոսակցությունների դեպքում էլ չի հաստատվել, որ ինչ–որ մեկը հարկադրել կամ շահագրգռել է հավաքի գնալու համար»,–նշեց փաստաբանը։

Տիգրան Հայրապետյանի խոսքով, եթե անգամ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ որևէ մեկը հարկադրել կամ գումարով շահագրգռել է քաղաքացիներին մասնակցել հավաքին, ապա ինչու են բերման ենթարկվել անձինք, որոնք ըստ իրավապահների, գումար են վերցրել հավաքին մասնակցելու համար, այլ ոչ թե նրանք, ովքեր այդ գումարը տվել են կամ հարկադրել։

«Մարդը, ում գումարով շահագրգռել են կամ հարկադրել հավաքին մասնակցել, պետք է տուժող ճանաչվեր, բայց մեր քննչական մարմինը համատարած բոլորին բերման է ենթարկել և 72 ժամ ապօրինաբար պահել»,–հավելեց փաստաբանը։

Տիգրան Հայրապետյանի խոսքով, քաղաքացիների խոսակցությունները գաղտնալսելը և հեռախոսազրույցները հրապարակելը քրեորեն պատժելի արարք է։

«Սովորական մարդիկ չեն կարող ինչ–որ սարքերով լսել հեռախոսային խոսակցությունները, կամ դա ԱԱԾ–ն է արել, կամ այլ երկրների գաղտնի հետախուզական ծառայությունները։ Եթե 2-րդ տարբերակն է, ապա դա ազգային անվտանգության խնդիր է։ Այդ դեպքում թո՛ղ բացահայտեն՝ ովքեր են ՀՀ–ում օրենքի խախտմամբ հազարավոր մարդկանց հեռախոսազրույցները գաղտնալսել»–ասաց փաստաբանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ