Последние новости

ԵՏՀ․ Մաքսատուրքերի մասին ՌԴ նախագիծը չպետք է վերաբերի ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին

Օտարերկրյա աշխատողներից տուրքեր գանձելու մասին Ռուսաստանի ֆինանսների նախարարության նախագիծը չի կարող կիրառվել Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիների նկատմամբ: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմնի) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի՝ Sputnik Արմենիային տրամադրած մեկնաբանության մեջ։

ԵԱՏՄ մասին պայմանագրի 97-րդ հոդվածի համաձայն՝ միության երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) աշխատողները, աշխատելով Միության երկրներում, ազատված են աշխատանքի տեղավորման հետ կապված (արտոնագիր կամ աշխատանքի թույլտվություն ստանալու) պահանջներից, որոնք կիրառվում են այլ օտարերկրացիների նկատմամբ:

ԵՏՀ-ում նշում են՝ եթե օրինագիծը ենթադրում է պետական տուրքերի սահմանում հենց օտարերկրյա աշխատակիցների համար, ապա, ելնելով ԵԱՏՄ նորմերից, այն չպետք է կիրառվի միության երկրների քաղաքացիների նկատմամբ, քանի որ Ռուսաստանում աշխատանքի տեղավորման ժամանակ նրանց իրավական կարգավիճակը հավասարեցված է ռուսաստանցի աշխատողներին:

«Ներկա պահին այդ օրինագիծը ԵՏՀ-ում չի քննարկվել, բայց եթե այն շոշափում է ԵԱՏՄ քաղաքացիների աշխատանքային իրավունքները, ապա Ռուսաստանը, որպես միության անդամ, պետք է այն համաձայնեցնի եվրասիական պայմանավորվածությունների շրջանակներում, որպեսզի չխախտի աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքը»,-նշվում է մեկնաբանության մեջ:

ԵՏՀ-ում հիշեցրել են, որ միության երկրները կարող են իրենց աշխատաշուկաները միմյանցից պաշտպանել միայն հասարակական կարգի և ազգային անվտանգության ապահովման համար կարևոր ճյուղերում (այդ թվում՝ տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերում):

Հիշեցնենք, որ ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է սեպտեմբերի 1-ից աշխատանքային ներգաղթյալներից լրացուցիչ մաքսատուրքեր գանձել։ Առաջարկվում է բնակության վայրում գրանցվելու տուրքը 420-ից հասցնել 1000 ռուբլու։ Առաջարկվում են նաև նոր տուրքեր բնակության վայրում գրանցվելու համար՝ 500 ռուբլի, ժամանակավոր կացության երկարաձգման համար՝ 1000 ռուբլի, աշխատանքի թույլտվության կամ արտոնագրի տրամադրման կամ երկարաձգման համար՝ 4200 ռուբլի:

Ըստ ՌԴ ՆԳՆ վիճակագրության՝ 2024 թվականի վերջին Ռուսաստանում գտնվում էր 6,3 միլիոն օտարերկրյա քաղաքացի։ Նրանց թիվը մի քանի տարի շարունակ աճել է 2022 թվականին Ռուսաստանում կար 5,7 միլիոն, իսկ 2023 թվականին՝ մոտ 6 միլիոն օտարերկրացի։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ