Ստեփանակերտը մեկնաբանեց «Սասնա ծռերի» նախաձեռնությունը
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը կարծիքով, Ղարաբաղը մարզի կարգավիճակով Հայաստանի կազմում ներառելու «Սասնա ծռերի» նախաձեռնությունը այս պահին վտանգ է հայոց պետականությանը:
«Սասնա ծռեր» կուսակցության անդամները երեկ հայտարարեցին, որ սկսում են Լեռնային Ղարաբաղը մարզի կարգավիճակով Հայաստանի կազմում ներառելու գործընթաց: Ղեկավար անդամներից Ժիրայր Սեֆիլյանն ասաց, թե պետք է շտապել, քանի որ Արցախի վրա կախված է «աբխազացման վտանգը»՝ նկատի ունենալով, որ կարող է Ռուսաստանի ազդեցության տակ անցնել։
«Եթե Արցախը Հայաստանի մարզ է, ի՞նչ է նշանակում: Որ Հայաստանը այդ տարածքը անեքսիայի՞ ա ենթարկել, միացրե՞լ ա, ի՞նչ ա արել: Ուրիշ բան է, որ սա ինքնորոշման խնդիր է: Այո, մենք կանգնել ենք ինքնորոշման իրավունքի սատարին, Ադրբեջանը մեզ պատերազմ է պարտադրել, հաղթել ենք ամբողջ հայության հետ միասին: Բայց սա ուրիշ բան է, տարածքային վեճը ուրիշ բան է: Սա՞ են ուզում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:
«Սասնա ծռերը» վստահ են, որ գաղափարը արցախցիների մեծամասնության սրտով է: Նաև հուսով են, որ այս գործընթացին կօժանդակեն այսօրվա հայաստանյան իշխանությունները:
Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, սակայն, չի կարծում, թե մեծամասնության արձագանքը դրական կլինի:
Բաբայանի խոսքով՝ վերջնանպատակը միացյալ, հզոր հայոց պետություն ունենալն է: Բայց հիմա պահը չէ․ - «Երբ որ Արցախը կճանաչվի միջազգային հանրության կողմից, երբ որ համապարփակ կկարգավորվի հակամարտությունը, այն ժամանակ կտեսնենք: Հիմա ի՞նչ ենք անում, ի՞նչ հարց ենք լուծում ռազմավարական: Էնպիսի կարող են վատ հետևանքներ լինել, որ․․․ արդեն հաշվարկի մասին չէ խոսքը․․․ կարող է չկարողանանք տակից դուրս գանք»:
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, իշխանական «Իմ քայլից» Տաթևիկ Հայրապետյանը կիսում է Ստեփանակերտից հնչող տեսակետը․ եթե Հայաստանի իշխանությունը հանդես գա Ղարաբաղը մարզի կարգավիճակով Հայաստանի կազմում ներառելու նախաձեռնությամբ, կստեղծի միջազգային բարդ իրավիճակ․ - «Ադրբեջանը շարունակում է տարիներով պնդել, որ խոսքը ոչ թե ինքնորոշման իրավունքի մասին է, այլ Հայաստանը փորձում է բռնազավթել, կամ կցել այդ հատվածը: Այսինքն փորձում է դա տեղավորել տարածքային վեճի սահմաններում: Ու այդ իրավիճակում նման կոչով իշխանության տեսանկյունից հանդես գալը այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ դա միջազգային բարդ իրավիճակ կստեղծի և շատ ավելի կբարդացնի առանց այն էլ խճճված գործընթացը: Եվ Ադրբեջանը կարող է նույնիսկ նման դեպքում ուղղակի իրեն լեգիտիմորեն արտոնել սկսել ռազմական գործողությունները»:
«Ինչո՞ւ թշնամանալ Ռուսաստանի հետ», - Դավիթ Բաբայանն այսպես է արձագանքում Ռուսաստանին վերաբեող Սեֆիլյանի մտահոգություններին։
«Ազատության» հարցին՝ Ղարաբաղում տեսնո՞ւմ է աբխազացման վտանգը, ինչի մասին Սեֆիլյանն էր խոսում, պատասխանեց. «Ի՞նչ աբխազացման մասին է խոսքը, նախ և առաջ Աբխազիան անմիջապես սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը, Աբխազիան անկախ պետություն է։ Նախ և առաջ Աբխազիայում ապրում է հայկական մեծ համայնք, չի կարելի աբխազացում բառը օգտագործել։ Պետք է մտածենք առաջին հերթին մեր հայրենակիցների մասին՝ ինչպե՞ս է լինելու նրանց նկատմամբ վերաբերմունքը այսպիսի արտահայտություններից հետո։ Երկրորդը՝ երբ որ մենք խոսում ենք հայ-ռուսական հարաբերությունների մասին, ավելի քան համոզված եմ, որ այդ հարաբերությունների ցանկացած հարվածը հակահայկական քայլ է։ Մենք ի՞նչ է Նիդերլանդներում ենք ապրում կամ մեր հարևանը Լուքսեմբուրգն է կամ Շվեյցարիան՝ գիշատիչ Թուրքիան ու Ադրբեջանը։ Չեմ հասկանում՝ ի՞նչի մենք պիտի հակառուսական կամ հակաամերիկյան կամ հակաիրանական քայլեր կատարենք։ Մենք բոլորի հետ պետք է նորմալ հարաբերություններ ունենանք»։
Դավիթ Բաբայանը «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարությունները կապում է Ղարաբաղում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
Կուսակցությունը հայտարարել է, որ պաշտոնապես գրանցվել են նաև Լեռնային Ղարաբաղում և նպատակ ունեն մինչև 2020-ը իշխանափոխություն իրականացնել: Եթե չստացվի, կմասնակցեն ընտրություններին։
«Ուզում են գան, մարդկանց հետ հանդիպեն, որովհետև շատ քիչ համախոհներ ունեն․․․ սա պարզ է, հասկանալի է: Ես կարծում եմ, նախընտրական շրջանի հետ է ավելի շուտ կապված: Բնական է, հայոց ընդհանուր պետության գաղափարը բոլորիս համար էլ լավ է, բայց դա չի նշանակում այս ձևով», - նշեց Դավիթ Բաբայանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 16:35
Международный комитет Красного Креста (МККК) в последний раз посещал удерживаемых в Баку армянских пленных в марте 2025 года. Об этом сообщила в беседе с "ФактИнфо" руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни,
-
2025-06-04 16:34
Десять сотрудников МВД были уволены за употребление наркотиков. Об этом заявила на совместном заседании парламентских комиссий при представлении отчета об исполнении бюджета за 2024 год министр внунтренних дел Армении Арпине Саркисян.
-
2025-06-04 16:32
Президент Арцаха Самвел Шахраманян был допрошен по трем разным уголовным производствам, каждый допрос длился 4-5 часов. Об этом заявил его адвокат Роман Ерицян в беседе с журналистами после допроса Шахраманяна в Следственном комитете Армении.
-
2025-06-04 16:29
Глава МВД Арпине Саркисян назвала причину увольнения своего заместителя, начальника полиции Арама Ованнисяна.